Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը աղմկահարույց տեսանյութ է տարածել․ Քոչարյանի գրասենյակում այն «վատ բեմականացում» են որակում


Կադր Ոստիկանության հրապարակած տեսանյութից
Կադր Ոստիկանության հրապարակած տեսանյութից

Երեկ երեկոյան Ոստիկանությունն աղմկահարույց տեսանյութ հրապարակեց, որում ասվում է, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցը Մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել։

Ըստ Ոստիկանության, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հայաստանի երկրորդ նախագահի աջակիցները հանդիպում են 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց և ականատես վկաների հետ ու փորձում են նրանց կաշառել, որպեսզի հրաժարվեն իրենց ցուցմունքներից։

Հաղորդվում է, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել Մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին։ Քոչարյանի աջակիցը, ոստիկանության տարածած տեղեկության համաձայն, պատրաստակամություն է հայտնել վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն, և խոստացել է իշխանափոխությունից հետո էլ բարձր պաշտոն.

«Համ փողն ես ստանում, տուժող ես, էս մարդիկ էլ իմացան, որ սենց տղա կա, վաղը-մյուս օր եթե իրան, ասում ա, գործից հանեն, իրան ճնշեն, բան, ուզենան, որ ինքը, ասենք, չանի, մենք իրան գործը ապահովենք, հետո, տենց, հենց որ կգանք դիրքի, դու իրան կարաս ուղիղ էլ ասես, որ իրա գործի հարցը լուծված ա: Դու էն վախտ գրել էլ ես, չէ՞, որ չես տեսել ով ա խփել, ոնց ա խփել, ինչ ա արել, ում կողմից ա էղել, հոմ ոստիկաննե՞րը չեն քեզ խփել»: - «Չէ, ես ոչ մի բան չեմ գրել ու չեմ տեսել ով ա խփել»: - «Հա բայց որ հարց տան՝ ոստիկանները՞ ձեզ խփեցին, ի՞նչ կասես, ո՞րդից էկավ էդ խփածը»: - «Գրաժդանսկիից»: - «Ըհը, վերջացավ»:

«Ամբողջ ցելն ա պերեվառոտ անել», - նաև հայտարարում է որպես նախկին նախագահի աջակից ներկայացվող անձը: Տեսանյութում երևում է, որ նրա տարածքում զենք կա։ Քաղաքացին հետաքրքրվում է՝ արդյոք զենքը «Սայգա» տեսակի է, ինչին պատասխան է ստանում, թե «բայեվոյ ավտոմատ» է։

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Ոստիկանության տարածած տեսանյութը վատ բեմականացում է անվանում։ «Գիտե՞ք, այդ տեսանյութը նայելուց հետո ինձ մոտ վատ բեմականացման, այսպես, տպավորություն է առաջացել: Այսինքն՝ բազմաթիվ հարցեր են առաջանում, թե ինչու է Ոստիկանությունը այդ վատ պատրաստած նյութը, որտեղից շատ քիչ բան է պարզ դառնում, տարածել, ուրեմն, Վերաքննիչ դատարանի նիստից ընդամենը մի քանի ժամ առաջ», - ասաց Սողոմոնյանը «Ազատության» հետ զրույցում:

Այսօր Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, պետք է հրապարակի իր որոշումը՝ մերժո՞ւմ, թե՞ բավարարում է Քոչարյանի պաշտպանների բողոքը։ Նրանք բողոքարկում են առաջին ատյանի դատարանի որոշումը, որով մերժվել էր գրավի դիմաց ազատ արձակել նախկին նախագահին։

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարն ասաց՝ տպավորություն ունի, թե սա այն դեպքն է, երբ պետությունը փորձում է տարբեր ձևերով ազդել դատական իշխանության որոշումների վրա։

Հարցին՝ բացառո՞ւմ է, որ Քոչարյանի որևէ աջակից կամ մտերիմ նման քայլի է գնացել, Սողոմոնյանը պատասխանեց, թե չի պատկերացնում՝ ով պետք նման բան մտածեր ու գնար տուժողին խնդրեր ցուցմունք փոխել, զարմացած է՝ ի՞նչ ցուցմունքի մասին է խոսքը։ Գրասենյակի ղեկավարը վստահեցրեց՝ առաջին օրվանից, ինչ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել, իրենք հայտարարում են մի բան՝ բացահայտել ճշմարտությունը․ - «Թող բոլոր այդ մարդիկ, ովքեր ցուցմունք են տվել այդ 80 հատորների շրջանակներում, գան և էդ ցուցմունքները կրկնեն, իրանց ճշմարտությունը ասեն, ո՞րն է խնդիրը»։

Ոստիկանությունում արդեն իսկ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակում այլ գործողությունների հետ միասին խուզարկություններ են իրականացվել։

XS
SM
MD
LG