Մատչելիության հղումներ

Պետդեպարտամենտի հայտարարությունն «ակնհայտորեն տարածվել է Թուրքիային սիրաշահելու համար»


ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրտագուս, արխիվ
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրտագուս, արխիվ

«Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ Սենատում անցած շաբաթ ընդունված բանաձևը նախագահ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը չի արտացոլում», - երեկ հայտարարեց Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը:

Ամերիկայի արտաքին քաղաքական գերատեսչությունը Սենատում միաձայն ընդունված թիվ 150 բանաձևին անդրադարձավ դրա քվեարկությունից հինգ օր անց միայն, հակիրճ մի հայտարարությամբ, որը, ինչպես Associated Press-ն է մեկնաբանել, «ակնհայտորեն տարածվել է Թուրքիային սիրաշահելու համար»: Ընդամենը երկու նախադասությունից բաղկացած այդ ուղերձը հեղինակել է Պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրտագուսը, պնդելով․ - «Ամերիկյան վարչակազմի դիրքորոշումն անփոփոխ է: Մեր մոտեցումն արտացոլված է այս տարվա ապրիլին ԱՄՆ նախագահի կողմից հնչեցված վերջնական հայտարարության մեջ»:

Հիշատակված ուղերձում՝ Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին, նախագահ Դոնալդ Թրամփը 1915 թվականի իրադարձություններն անվանել էր «Մեծ Եղեռն», հարգանքի տուրք մատուցել «20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկի զոհերի հիշատակին», միևնույն ժամանակ կրկնել իր նախորդների քաղաքականությունն ու խուսափել «ցեղասպանություն» եզրույթից: Դրա փոխարեն ԱՄՆ նախագահը հորդորել էր հայերին և թուրքերին «ճանաչել և հաշվի նստել իրենց ցավոտ պատմության հետ»:

«Վարչակազմը չի ընդունում Սենատի որոշումները», - արձագանքելով վերջին հայտարարությանը՝ գրել է New York Times-ը:

«Թրամփը կրկին Թուրքիայի կողմն է բռնում՝ դեմ գնալով Կոնգրեսի երկկուսակցական որոշումներին», - մեկնաբանել է ամերիկյան Business insider-ը:

«Ժխտումը ցեղասպանության վերջին ակորդն է, և հայերը դա բոլորից լավ գիտեն», - իր հերթին Forbes-ում գրել է հեղինակավոր փորձագետ, իրավապաշտպան Էվելինա Օչաբը:

Հայամետ սենատոր, Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 150 բանաձևի համահեղինակ Ռոբերտ Մենենդեսը ևս քննադատել է նախագահ Թրամփին ու պետքարտուղար Մայք Փոմփեոյին պատմության սխալ կողմում կանգնելու համար. - «Թեև նրանց այդ քայլը սպասելի էր, սակայն ես խորապես հիասթափված եմ, որ թե՛ նախագահը, թե՛ պետքարտուղարը դեռ չեն գտել իրենց բարոյական ուղեցույցն այս հարցում և շարունակում են թույլ տալ Թուրքիային արգելափակել մեր ներքին որոշումները», - France-Presse-ին ասել է դեմոկրատ Մենենդեսը: Հենց նրա ջանքերով էր անցած շաբաթ Սենատը միաձայն ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ավելի վաղ՝ հոկտեմբերին, նույնաբովանդակ բանաձև էր ընդունել Ներկայացուցիչների տունը՝ 405 կողմ, 11 դեմ հարաբերակցությամբ: Երկու փաստաթղթերն էլ ճանաչում ու դատապարտում են Հայոց ցեղասպանությունը, բայց օրենքի ուժ չունեն և Սպիտակ տան ղեկավարի ստորագրությանը չեն ներկայացվելու: «Սա գործող վարչակազմին մանևրելու բազմաթիվ հնարավորություններ է տալիս», - փաստում է France-Presse-ը:

Մյուս կողմից, վերլուծաբանները նշում են, որ գործող վարչակազմը, ուզի թե չուզի, ստիպված է լինելու այս կամ այն կերպ առնչվել ու հաշվի նստել այդ բանաձևերի հետ:

Հայտնի է, որ ամերիկացի դեսպաններն աշխատանքի են անցնում Սենատի հավանությանն արժանանալուց հետո միայն, և ակնկալվում է, որ ինչպես և նախկինում, հիմա էլ Թուրքիայում, Հայաստանում ու Ադրբեջանում Ամերիկայի դեսպանների թեկնածությունը քննարկելիս կոնգրեսականները նրանց հստակ հարցեր են ուղղելու 1915 թվականի իրադարձությունների մասին: Եթե պատասխանները չգոհացնեն, օրենսդիրները կարող են արգելափակել նրանց նշանակումը, ինչպես, օրինակ, եղավ տարիներ առաջ՝ նախագահ Բուշի կողմից Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Ռիչարդ Հոգլանդի դեպքում: Հայամետ սենատոր Ռոբերտ Մենենդեսն այն ժամանակ երկու անգամ արգելափակեց վերջինիս նշանակումը՝ ստիպելով վարչակազմին ի վերջո հետ կանչել թեկնածությունը: Ընդ որում, այն ժամանակ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում կոնգրեսականները միահամուռ դիրքորոշում չունեին, և պայքարն ընթանում էր հիմնականում հայամետ օրենսդիրների ջանքերով, մինչդեռ այժմ Կոնգրեսի երկու պալատներն էլ միասնական և պաշտոնական դիրքորոշում ունեն այս հարցում:

«Սա, ակնհայտորեն, է՛լ ավելի է բարդացնելու դիվանագետների աշխատանքը, որոնք ստիպված են լինելու խուսանավել վարչակազմի դիրքորոշման, որն ամեն կերպ խուսափում է գենոցիդ եզրույթից, և Կոնգրեսի դիրքորոշման միջև, որի երկու պալատներն այլևս կատարվածը ցեղասպանություն են որակել», - փաստում են փորձագետները:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG