Միացյալ Նահանգներում գործող հայկական ազդեցիկ լոբբիստական կառույցներից մեկի՝ Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանն այսօր «Ազատության» հետ զրույցում հնարավոր համարեց, որ գալիք տարի ապրիլին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ուղերձում կօգտագործի «ցեղասպանություն» բառը։
Միացյալ Նահանգների Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, հինգշաբթի միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի վերջին, Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել էր Կոնգրեսի ստորին պալատը՝ Ներկայացուցիչների տունը՝ 405 կողմ, 11 դեմ հարաբերակցությամբ:
Բարսամյանին հարցրեցինք՝ գալիք տարի ԱՄՆ-ում ընտրություններ են, կարո՞ղ ենք ակնկալել, որ նախագահ Թրամփը կօգտագործի «ցեղասպանություն» բառը։
«Այո, կարող է օգտագործել։ Նա կարծում է, որ դա բխում է իր քաղաքական շահից։ Կասկած չունեմ, որ կօգտագործի «ցեղասպանություն» բառը։ Կարծում եմ, սխալ արեց՝ փորձելով Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի դեմն առնել Սենատում, կարծում եմ՝ քաղաքական հաշվարկներ է արել։ Ինչ վերաբերում է ԱՄՆ Ներկայացուցիչների տանը կամ Սենատին, այստեղ քաղաքական հաշվարկ չկար։ Վստահ եմ, որ կոնգրեսականները ցանկանում էին ճշմարտությունն ասել։ Միշտ հարց էր բարձրացվում, որ դեռ ժամանակը չէ, պետք է հաշվի առնել Թուրքիայի կարծիքը։ Ինչ վերաբերում է մարդու իրավունքներին, միշտ ճի՛շտ ժամանակն է։ Նրանք կանգնեցին մարդու իրավունքների պաշտպանության կողքին։ Մարդիկ հարցնում են ինձ՝ ի՞նչ էիր զգում, երբ բանաձևերն անցան։ Մենք շատ գործնական ենք տրամադրված մեր անելիքներին... պաշտպանել քրդերին, Մերձավոր Արևելքի քրիստոնյաներին, եզդիներին, սիրիացի փախստականներին։ Ամերիկայի հայկական համագումարը և հայկական կազմակերպությունները ներկայում շատ ավելի պատրաստված են։ Մեր գործն է մարդու իրավունքների պաշտպանությունը՝ խոսել նրանց մասին, ովքեր չեն կարող խոսել», - ասաց Էնթոնի Բարսամյանը։