Մատչելիության հղումներ

ԱԺ պատգամավորները պատմական են որակում ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը


ԱՄՆ Սենատի շենքը
ԱՄՆ Սենատի շենքը

Հայաստանի Ազգային ժողովի իշխանական ու ընդդիմադիր ուժերը պատմական են որակում Միացյալ Նահանգների Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի ելույթին առավոտյան հետևեցին պատգամավորների հոտնկայս ծափահարությունները։

«3 խմբակցությունների անունից ցանկանում եմ ողջունել ԱՄՆ Սենատի, ինչպես նաև դրանից առաջ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի բոլոր գործընկերներին համապատասխանաբար թիվ 150 և 296 բանաձևերի միաձայն ընդունման կապակցությամբ և փաստել, որ այս կարևոր քվեարկությամբ Միացյալ Նահանգները միացավ ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված համաշխարհային շարժմանը», - հայտարարեց Հայաստանի խորհրդարանի խոսնակը:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը

«Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանն այսօր հուզվեց՝ հիշելով Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի համահեղինակ, ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսի եզրափակիչ խոսքը, երբ ավարտելուն խանգարեցին արցունքները. - «Սա պատմական իսկապես իրադարձություն է, երկար տարիների աշխատանքի արդյունք է, և այո, մեր շնորհակալությունը պետք է հայտնենք սենատորներին, ովքեր տասնյակ տարիներ իրենց կյանքի հարցն էին դարձրել Հայոց ցեղասպանության ճանաչումը», - ասաց Զոհրաբյանը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը կարծում է՝ ամեն նոր ճանաչում նպաստում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ընդունմանը․ - «Գնալով Էրդողանի, այսպես ասած, պատճառաբանությունը նվազում է, էլ չեմ ասում, որ ԱՄՆ-ն այն երկիրն է, որը լուրջ դերակատարություն ունի աշխարհում և ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության այս ձևով այս պահին ընդունելը շատ մեծ հորդոր կլինի Թուրքիային` հասկանալու, որ Ցեղասպանությունը տեղի է ունեցել, և Թուրքիան պիտի հաշտվի այդ մտքի հետ»:

Իգիթյանը Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար ամենևին երկրորդական չի համարում թուրք-ամերիկյան սրված հարաբերությունները: Ըստ իշխանական խմբակցության պատգամավորի, փոխվեց տարիներով նաև Միացյալ Նահանգների կողմից վարվող քաղաքականությունը, որ Հայոց ցեղասպանության ճանաչումով չնեղացնեն դաշնակից Թուրքիային, իսկ Թուրքիան, Իգիթյանի խոսքով, այդ թվում՝ Սիրիա ներխուժմամբ, անցավ թույլատրելիի սահմանը․ - «ԱՄՆ-ն, ինձ թվում է, որ ղեկավարությունը հասկացավ, որ Թուրքիային ժամանակն է ոչ միայն տեղը դնել, այլև բաց թողնել այդ հարցը, որը ժամանակին ԱՄՆ-ն պահում էր»:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը

Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարում է՝ բանաձևն իրավական հետևանք չի ունենա, բայց դրա քաղաքական նշանակությունը չափազանց մեծ է. - «Սա շատ կարևոր խթան կարող է հանդիսանալ աշխարհի մյուս երկրներում տարբեր պառլամենտներում սկսված և դեռևս ավարտին չհասցված նմանատիպ բանաձևերի ընդունման գործում», - նկատեց նա:

«Իմ քայլ»-ից Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ Սենատի բանաձևն անհետևանք չի մնալու հենց Միացյալ Նահանգներում, դրան հետևելու են ներպետական ծրագրեր․ - «Դա նշանակում է, որ այլևս ԱՄՆ-ի որևէ քաղաքական գործիչ կաշկանդված չի լինելու ապրիլի 24-ին ցավակցություն հայտնելով հայերին նշել «ցեղասպանություն» բառը: Երկրորդը՝ բոլոր կրթական ծրագրերում ճիշտ ձևով կներկայացվի այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, և արդեն որևէ ձևով որևէ դպրոց կամ բուհ կամ նույն կրթության հիմնատեր կամ նախարարությունները կաշկանդված չեն լինի այս հարցը մի քիչ քողարկված ձևով ներկայացնելու: Ամերիկայի ամբողջ ժողովուրդը հնարավորություն կունենա ծանոթանալու թե՛ լրատվական միջոցների կողմից, թե՛ քաղաքական գործիչների հայտարարություններից, թե՛ կրթական ծրագրերից, թե ինչ է կատարվել հայ ժողովրդի հանդեպ 1915 թվականին», - շեշտեց պատգամավորը:

«Լուսավոր Հայաստան»-ից Էդմոն Մարուքյանը ժամանակի հարց է համարում, որ Ամերիկայի գործադիր իշխանությունը հետևի օրենսդիրի կամքին. - «Թրամփն այն նախագահն է, որը երբեք չի խոսել Ցեղասպանությունը ճանաչելու մասին, բայց նրա օրոք ԱՄՆ Կոնգրեսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Սա հետաքրքիր հանգամանք է, իսկ մնացած թեկնածուները, որոնք խոստանում են, որ կճանաչեն Ցեղասպանությունը, այլևս այնքան էլ զորեղ չէ այդ խոսքը, որքան որ ժամանակին, որովհետև այլևս կան Կոնգրեսի 2 բանաձևերը, արդեն կարող է գործող նախագահը նաև հետևել այդ բանաձևերին: Այստեղ կարևոր է Թուրքիայի պահվածքը, նաև Թուրքիայի պահվածքով են պայմանավորված մեր հաջողությունները Միացյալ Նահանգների Կոնգրեսում», - շեշտեց նա:

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը նախագահ Թրամփի քայլերն անկանխատեսելի է համարում․ - «Ընդհանրապես Թրամփը դժվար կանխատեսելի լիդեր է, բայց ցանկացած քաղաքական և բարոյական տրամաբանություն հուշում է, որ Թրամփը չպիտի անտեսի 2 պալատների ճանաչումը և դատապարտումը Հայոց ցեղասպանության»:


XS
SM
MD
LG