Մատչելիության հղումներ

Թրամփը հրավիրվել է Կոնգրեսում սեփական իմփիչմենթի հարցով լսումներին


Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրվել է Կոնգրես՝ սեփական իմփիչմենթի հարցով քննարկմանը մասնակցելու:

Հրավերը Սպիտակ տուն է ուղարկել Ներկայացուցիչների տան իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ջերոլդ Նեդլերը՝ ընդգծելով, որ նախագահը կարող է իր հետ բերել նաև Սպիտակ տան իրավաբաններին և ցանկության դեպքում հարցեր ուղղել գործով անցնող վկաներին:

Թրամփը դեռևս չի հստակեցրել՝ ընդունո՞ւմ է հրավերը, թե՞ ոչ: Երեկ Ֆլորիդայում, ելույթ ունենալով նախընտրական հանրահավաքում, Սպիտակ տան ղեկավարը կրկին պնդել է, թե իր ընդդիմախոսները վհուկների որս են սկսել, և չեն կանգնում ոչ մի բանի առաջ․ - «Ծայրահեղ ձախակողմյան դեմոկրատները փորձում են պառակտել մեր երկիրը: Նախ Ռուսաստանի հետ կապված կատակերգությունն էր, որը ձախողված հեղաշրջման փորձ էր և ամենամեծ կեղծիքը մեր երկրի պատմության մեջ, հետո Մյուլերի գործը, որից այդպես էլ ոչինչ դուրս չեկավ: Հիմա նույն մոլագարները առաջ են տանում մեկ այլ անհեթեթություն՝ իմփիչմենթ կոչվածը: Վհուկների մի որս, նախկին փորձերի պես»:

Նախագահին պաշտոնանկ անելու այս գործընթացը սկսվել է շաբաթներ առաջ: Դրա հիմքում Թրամփի հուլիսյան հեռախոսազրույցն է Ուկրաինայի նորընտիր առաջնորդ Վլադիմիր Զելենսկու հետ: Ընդդիմախոսները պնդում են, թե հաջորդ տարի պաշտոնավարման առաջին ժամկետն ավարտող Թրամփը ճնշումներ է բանեցրել Կիևի հանդեպ և հորդորել է հետաքննություն սկսել իր հավանական մրցակից, Ամերիկայի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի ու նրա որդու դեմ:

Անցած օրերին Պետդեպարտամենտի և Ազգային անվտանգության 17 բարձրաստիճան պաշտոնյաներ արդեն ցուցմունք են տվել այս գործով Ներկայացուցիչների տան հետախուզության ու արտաքին հարաբերությունների հանձնաժողովներում:

Գործընթացն առաջ տանող ազդեցիկ դեմոկրատներից մեկը՝ Հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը պնդում է, թե ձեռք բերված ապացույցները լիուլի բավարար են Թրամփին պաշտոնանկ անելու համար․ - «Որոշ զրույցներ հստակ ցույց են տալիս այս նախագահության ողջ պատկերը․ Թրամփին հետաքրքրում է միայն այն, ինչը կարևոր է անձնապես նրա համար, նրա քաղաքական շահերի համար: Մնացածը՝ ազգային անվտանգությունը, մեր դաշնակիցները, որևէ նշանակություն չունեն նրա համար»:

Ըստ օրակարգի, հաջորդ շաբաթ արդեն իրավական հանձնաժողովը կգնահատի, թե արդյոք Շիֆի մատնանշած փաստերը բավարար են նախագահին պաշտոնանկ անելու համար: Եթե եզրակացությունը դրական լինի, հանձնաժողովի անդամները պետք է պաշտոնապես ձևակերպեն իմփիչմենթի հոդվածն ու մեղադրանքը:

Ակնկալվում է, որ այս գործընթացը կշարունակվի մի քանի օր, ինչից հետո արդեն հարցը քվեարկության կդրվի Ներկայացուցիչների տան լիագումար նիստում, որտեղ Թրամփի ընդդիմախոս դեմոկրատները մեծամասնություն են կազմում:

Ըստ լրատվամիջոցների, իմփիչմենթի հարցով քվեարկությունը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի վերջին: Գործընթացի հետագա ընթացքը, սակայն, առավել քան մշուշոտ է: Սահմանադրության համաձայն, նախագահին պաշտոնանկ անելու որոշմանը պետք է հավանություն տա նաև Կոնգրեսի վերին պալատը՝ Սենատը, որտեղ Թրամփի կուսակից հանրապետականներն ունեն մեծամասնություն և մինչև օրս նրա դեմ գնալու որևէ ակնարկ չեն արել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG