Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների առաջատար հեռուստաընկերությունները հեռարձակում են Թրամփի իմփիչմենթի հարցով քննարկումները


Կոնգրեսական Ադամ Շիֆը բացում է հանրային քննարկումը:
Կոնգրեսական Ադամ Շիֆը բացում է հանրային քննարկումը:

Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնանկության հարցով դռնփակ լսումներն այսօրվանից կդառնան բաց բոլորի համար:

Այս րոպեներին Ներկայացուցիչների տանը մեկնարկում է իմփիչմենթի հարցով առաջին հրապարակային քննարկումը, որը կհեռարձակեն երկրի բոլոր առաջատար հեռուստաընկերությունները:

Առաջին իսկ օրը Կոնգրեսի առջև կկանգնեն երկու բարձրաստիճան դիվանագետներ՝ Ուկրաինայում Միացյալ Նահանգների նախկին դեսպան, այժմ գործերի հավատարմատար Ուիլյամ Թեյլորն ու փոխպետքարտուղար Ջորջ Քենթը:

Երկուսն էլ շաբաթներ առաջ, փակ դռների հետևում պատասխանելով կոնգրեսականների հարցերին, ցուցմունք էին տվել Դոնալդ Թրամփի դեմ:

Ըստ հրապարակված սղագրությունների, դիվանագետները մասնավորապես պնդել էին, թե Սպիտակ տան ղեկավարը փորձել է Ուկրաինայի համար նախատեսված ռազմական օգնությունը, ինչպես նաև նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հնարավոր հանդիպումն օգտագործել իր քաղաքական շահերի, այդ թվում՝ առաջիկա նախագահական ընտրություններում դեմոկրատական ճամբարի հավանական թեկնածու Ջո Բայդենին վարկաբեկելու համար:

«Կարծում եմ, խելագարություն է անվտանգության ոլորտի համար նախատեսված օգնությունը սառեցնել հանուն քաղաքական նպատակների», - ասել էր Ուկրաինայում Նահանգների գործերի հավատարմատար Թեյլորը: Դիվանագետը միաժամանակ պնդել էր, թե, իր համոզմամբ, Բայդենի որդու դեմ հետաքննություն սկսելու նախաձեռնությունը գալիս էր ոչ թե նախագահ Թրամփից, այլ նրա փաստաբան Ռուդի Ջուլիանիից:

Աղմկահարույց այս պատմությունը սկսվել է հուլիսից՝ նախագահներ Թրամփի ու Զելենսկու հեռախոսազրույցից հետո: Ամերիկան հատուկ ծառայությունների աշխատակիցներից մեկը, ով աշխատանքի բերումով լսել էր այդ զրույցը, բողոք էր ներկայացրել Սպիտակ տան ղեկավարի դեմ և պնդել,թե նա չարաշահել է իր լիազորությունները:

«Այդ փաստն այլևս որևէ կասկած չի հարուցում, և շուտով ակնհայտ կդառնա բոլորի համար», - վեց շաբաթ շարունակվող դռնփակ քննությունից հետո նախօրեին հայտարարել է Ներկայացուցիչների տան հետախուզության հարցերով հանձնաժողովի ղեկավար, դեմոկրատ Ադամ Շիֆը:

«Այս բաց լսումները հնարավորություն կտան Ամերիկայի ժողովրդին սեփական գնահատականը տալ առկա վկայություններին և անձնապես որոշել, թե որքանով են դրանք արժանահավատ, ինչպես նաև առաջին ձեռքից տեղեկություններ ստանալ առկա փաստերի և նախագահի թույլ տված չարաշահումների մասին», - ասել է Շիֆը:

Դոնալդ Թրամփը, մինչդեռ, առաջին իսկ օրից հերքում է իր հասցեին մեղադրանքներն ու պնդում, թե որևէ ապօրինի քայլ չի արել:

«Կրկեսը քաղաք է գալիս», - այսօրվա հրապարակային լսումներից առաջ Թվիթերի իր էջում գրել է նա, հավելելով․ - «Սա կոռումպացված, վախկոտ ու ի ծնե ստախոս Ադամ Շիֆի շոուն է: Այն, ինչ կտեսնեք առաջիկա երկու շաբաթների ընթացքում, կեղծված է և անհեթեթ»:

«Ռոյթերզի» հարցումները ցույց են տալիս, որ այս հարցի շուրջ ամերիկացիների տեսակետները խիստ բևեռացված են, ինչպես և գնահատականները Թրամփի նախագահության վերաբերյալ:

Դեմոկրատներին սատարող նահանգներում վստահ են, որ Ամերիկան օր առաջ պետք է ազատվի նման նախագահից: Թրամփին աջակցող Նյու Յորք նահագնում, ճիշտ հակառակը, մեծ մասը իմփիչմենթի գործընթացը անօօգուտ զբաղմունք ու վհուկների որս է գնահատում:

«Դեմոկրատների այդ քայլը ո՛չ մեր հարկերն է նվազեցնելու, ո՛չ մեր սահմանների անվտանգությունն է ամրապնդելու, ոչ էլ այստեղ մեր ունեցած մյուս խնդիրներն է լուծելու: Մինչդեռ, մեր համայնքում մարդիկ հենց դա են ուզում, և կարծում եմ՝ Կոնգրեսը պետք է վերադառնա աշխատանքի և այդ հարցերի վրա կենտրոնանա», - ասել է նահանգի բնակիչներից մեկը:

Ամերիկյան Սահմանադրության համաձայն, նախագահը կարող է պաշտոնանկ արվել «պետական դավաճանության և ծանրագույն այլ հանցագործությունների համար: Օրենսդրությունն ամրագրում է, որ բավարար փաստեր հայտնաբերելու դեպքում հարցը պետք է քվեարկության դրվի Ներկայացուցիչների տանը, որը գտնվում է Թրամփի ընդդիմախոս դեմոկրատների վերահսկողության ներքո:

Կոնգրեսի հավանությանն արժանանալուց հետո արդեն հարցը կգնա Սենատ: Այստեղ արդեն ձայների մեծամասնությունը հանրապետականներինն է, որոնք սեփական առաջնորդին պաշտոնանկ անելու որևէ մտադրություն մինչ այս պահը չեն հայտնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG