Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը Կոնգրեսի հետ չի համագործակցի Թրամփի իմփիչմենթի հարցում


ԱՄՆ - Սպիտակ տունը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ - Սպիտակ տունը Վաշինգտոնում, արխիվ

Սպիտակ տունը չի համագործակցի նախագահ Թրամփի պաշտոնանկության հիմքերը քննող կոնգրեսական հանձնաժողովների հետ: Կապիտոլիումում նման բովանդակությամբ նամակ ստացան երեքշաբթի երեկոյան: Սպիտակ տան պաշտոնյաներն այդ նամակում իմփիչմենթի գործընթացն անվանել են «անհիմն և հակասահմանադրական»` մեկ անգամ ևս պնդելով, որ Դոնալդ Թրամփը իր ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ հուլիսի 25-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ որևէ անօրինական քայլի չէր դիմել:

Սպիտակ տան այս նամակը հրապարակվեց, երբ հայտնի դարձավ, որ Պետդեպարտամենտն արգելել է ուկրաինական սկանդալի առանցքային դերակատարներից մեկին` Եվրամիությունում Միացյալ Նահանգների դեսպան Գորդոն Սոնդլանդին, մասնակցել Կոնգրեսում անցկացվող դռնփակ լսումներին:

Ուշագրավ է, որ Սոնդլանդի վրա սահմանված այդ արգելքի մասին հայտնի դարձավ լսումների մեկնարկից ընդամենը մի քանի ժամ առաջ:

«Մոտ մեկուկես ժամ առաջ դեսպան Սոնդլանդի փաստաբանը մեզ տեղեկացրեց, որ Պետդեպարտամենտն արգելել է նրան այսօր ցուցմունքներով հանդես գալ: Դա տեղի ունեցավ այն զրույցներից հետո, որ մենք վերջին օրերին ունեցել էինք Պետդեպարտամենտի իրավախորհրդատուի հետ: Այդ շփումների ընթացքում նշույլ անգամ չկար, որ դեսպանը չի գա այդ լսումներին», - հայտարարում էր Ներկայացուցիչների տան հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը:

Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսականի խոսքով՝ լսումներին Գորդոն Սոնդլանդի չներկայանալը վկայում է Թրամփի իմփիչմենթի հետաքննության ընթացքը խաթարելու Սպիտակ տան և Պետքարտուղարության ցանկության մասին:

«Մենք գիտենք, որ դեսպանը իր անձնական օգտագործման կապի միջոցներում տեքստային հաղորդագրություններ և էլեկտրոնային նամակներ ուներ, որոնք, սակայն, այժմ գտնվում են Պետդեպարտամենտի տրամադրության տակ: Դա տեղի է ունեցել՝ չնայած այն հանգամանքին, որ մենք խնդրել էինք այդ հաղորդագրությունները մեզ հանձնել: Պետդեպարտամենտն այժմ թաքցնում է այդ հաղորդագրությունները, որոնք ուղղակի առնչություն ունեն այս հետաքննությանը», - նշում էր Ադամ Շիֆը:

Սպիտակ տան ղեկավարը, մինչդեռ, պնդում է, որ Սոնդլանդին կոնգրեսական լսումներին մասնակցելուց զերծ պահելը ոչ թե տեղեկատվություն թաքցնելու, այլ կադրային դիվանագետին անհարկի ճնշումներից զերծ պահելու նպատակ էր հետապնդում:

«Ես կուզեի դեսպան Սոնդլանդին՝ այդ լավ մարդուն և հիանալի ամերիկացուն, ուղարկել լսումներին մասնակցելու, բայց, ցավոք սրտի, նա պետք է ցուցմունքներով հանդես գար մի վարկաբեկված, կեղծ դատարանի առջև, որտեղ հանրապետականների իրավունքները ոտնահարվում են, իսկ իրական փաստերը որևէ կշիռ չունեն», - Twiiter-ում անցած գիշեր գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Չնայած այս բարձր հովանավորությանը՝ ԵՄ-ում Միացյալ Նահանգների դեսպան Գորդոն Սոնդլանդը թերևս ստիպված լինի ներկայանալ Կոնգրես, այն էլ՝ մոտ ապագայում: Եթե մինչ օրս նրան պարզապես հրավիրում էին դռնփակ լսումների, ապա երեկ, Պետդեպարտամենտի կողմից սահմանված արգելքից հետո, Ներկայացուցիչների տան երեք հանձնաժողովների նախագահները Սոնդլանդին պաշտոնական, 8-էջանոց ծանուցագիր ուղարկեցին` պահանջելով արդեն հաջորդ շաբաթ` հոկտեմբերի 16-ին ներկայանալ Կապիտոլիում:

Թրամփի հնարավոր իմփիչմենթի համատեքստում Գորդոն Սոնդլանդի անունն սկսեց ակտիվորեն շրջանառվել անցած շաբաթ, երբ հրապարակվեց նրա, Ուկրաինայի հարցերով Միացյալ Նահանգների արդեն նախկին բանագնաց Քուրթ Վոլքերի և նախագահ Թրամփի փաստաբան Ռուդի Ջուլիանիի նամակագրությունը: Դրանից պարզ էր դառնում, որ նախագահների հեռախոսազրույցին նախորդող շրջանում այս երեք ամերիկացի գործիչները քննարկում էին, թե ինչպես կարելի է դրդել պաշտոնական Կիևին հետաքննել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի և նրա որդու` Ուկրաինայի տարածքում ծավալած բիզնես գործունեությունը:

XS
SM
MD
LG