Մատչելիության հղումներ

ԿԳՄՍՆ-ն պատրաստակամություն է հայտնում հանդիպելու շահագրգիռ կողմերի հետ


ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց ուսանողները նստացույց են անում, Երևան, 13-ը նոյեմբերի, 2019թ.
ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց ուսանողները նստացույց են անում, Երևան, 13-ը նոյեմբերի, 2019թ.

Հայաստանի ԿԳՄՍ նախարարությունը վերահաստատում է առկա բոլոր հարցերը քննարկելու պատրաստակամությունը: Այս մասին հայտնում է նախարարության լրատվական ծառայությունը։

ԿԳՄՍՆ-ն հիշեցնում է, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն աշխատանքային փաստաթուղթ է, առաջիկա օրերին հանրային քննարկման փուլում նախարարի և նախարարության այլ ներկայացուցիչների կողմից հանդիպումներ կլինեն բոլոր շահագրգիռ կողմերի հետ:

Հանրությանը հուզող բոլոր թեմաները կքննարկվեն այդ հանդիպումների ընթացքում: Հանդիպումների օրակարգը շուտով կսահմանվի:

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականը սկսեցին պահանջել, այդ թվում՝ ՀՅ Դաշնակցության երիտասարդական թևը, երբ նախարարությունը հանդես եկավ օրենսդրական նախաձեռնությամբ՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում դարձնել ոչ պարտադիր: Նախարարի հրաժարականի պահանջին ու նստացույցին միացել են նաև բանասիրականի ուսանողները։ Այս խնդրի վերաբերյալ իրենց մտահոգություններն են հայտնել նաև դասախոսները։

Նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, պատրաստ է հարցերը քննարկել, ինչպես նաև մի քանի անգամ ասվել է, որ այս առարկաները ոչ թե ընդհանրապես հանվում են բուհական ծրագրից, այլ դառնում են կամընտրական։

Հարցը սրվեց Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի դիմաց տեղի ունեցած «ՀուԶանք ու Զանգ» աղմկահարույց ներկայացումից հետո, երբ պարզվեց, որ ներկայացման համար ԿԳՄՍ նախարարությունը հատկացրել է 2 միլիոն 700 հազար դրամ:

XS
SM
MD
LG