«Կրթության և գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ազգային արժեհամակարգ չունի», - Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի խոսքերն են: ՀՅԴ-ն այսօր ասուլիս էր հրավիրել՝ արձագանքելու նախարարի նախօրեի հայտարարություններին:
«Անձն իր վարքագծով, իր գործողություններով, իր արտահայտած մտքերով, իր պահվածքով, իր մոտեցումներով ամբողջությամբ ապազգային ընթացքի մեջ է», - ասաց Մինասյանը:
Գերագույն մարմնի ներկայացուցիչները դժգոհեցին, որ երիտասարդ դաշնակցականների պայքարը, իրենց իսկ ձևակերպմամբ, նախարարի ապազգային ծրագրերի դեմ Հարությունյանը կուսակցականացրել է և մեղադրանքներ հնչեցրել ՀՅԴ-ի հասցեին: Այնինչ, ըստ Արծվիկ Մինասյանի, դա սրտացավ երիտասարդության պոռթկումն է:
«Սա հայ երիտասարդների պայքարն է, ընդվզումն է: Դաշնակցությունը գտնվում է բոլոր այն տեղերում, որտեղ կա ազգայինը պահպանելու, պաշտպանելու, ազգայինը առաջ տանելու խնդիր», - նշեց Դաշնակցության գերագույն մարմնի անդամը:
Դաշնակցության երիտթևը շուրջօրյա նստացույց է սկսել Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Նրանց միացել են նաև Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողները: Դաշնակցականները դժգոհում են Արայիկ Հարությունյանի վերջին օրենսդրական առաջարկից, որ բուհական ծրագրում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները դառնան կամավոր, ոչ թե պարտադիր:
Բացի այդ երիտասարդները դժգոհ են, որ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ օրերս բեմադրված աղմկահարույց «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը ֆինանսավորել է կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարությունը: Արայիկ Հարությունյանն իր հրաժարականի պահանջին արձագանքել էր՝ կոչ անելով սփյուռքի Դաշնակցությանը տեր կանգնել Հայաստանում իրենց կուսակցությանը, քանի, որ ըստ նախարարի, այն անդաստիարակ պահվածքը, որը դրսևորում է Դաշնակցությունը, պատիվ չի բերում ամենահին կուսակցություններից մեկին:
Այս պիտակավորմանը արձագանքեց դաշնակցական Տարոն Տոնոյանը․ «Մեր համար անդաստիարակ են այն մարդիկ, ովքեր դատարաններն են շրջափակում: Պարոն Հարությունյանը կոչ է անում մեր սփյուռքի կառույցների ղեկավարներին գալ և տեր կանգնել հայաստանյան դաշնակցականներին, անդաստիարակ դաշնակցականներին, ես պարոն Հարությունյանին վստահաբար կարող եմ ասել հետևյալը՝ եթե մեր սփյուռքի կառույցի ղեկավարները գան Հայաստան և ավելի մոտիկից ծանոթանան այն ապազգային գործելաոճին, որ պարոն Հարությունյանը կրթության ոլորտում փորձում է իրականացնել, վստահաբար կարող եմ ասել հետևյալը՝ որ կհորդորեն հայաստանյան կառույցի դաշնակցականներին ավելի վճռական լինել, իրենց գործողություններում ավելի արմատական լինել»:
Հայաստանում կրթական քաղաքականությունը Արայիկ Հարությունյանի չի իրականացնում, այլ կառավարությունը: Նախարարությունների շենքի մոտ շուրջօրյա նստացույց անող ուսանողների պահանջին այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն այսօր ցուցարարներին հանդիպեց Արտաքին գործերի նախարարություն այցելելիս:
«Կառավարությունն է իրականացնում Հայաստանում կրթական քաղաքականությունը, ես երեկ կառավարության նիստում այդ թեմային շատ մանրամասն անդրադարձել եմ: Ես չեմ կիսում այն տեսակետները, որ փորձ է արվում մարդկանց ինֆորմացիայի պակասը, վախեր սերմանել ինչ-որ, որ ինչ-որ մարդիկ ավելի ապազգային են, ինչ-որ մարդիկ ազգային: Հայաստանի Հանրապետության կառավարությունը մեր կառավարությունից ազգային կառավարություն երբեք չի եղել», - ասաց Փաշինյանը:
«Եթե Նիկոլ Փաշինյան անձը, վարչապետը պաշտպանում է նույն տեսակետները, պաշտպանում է ազգային արժեքների ոտնահարման այս վարքագիծը, նույն գնահատականները իրեն ենք հնչեցնում», - ընդգծեց Արծվիկ Մինասյանը:
Արայիկ Հարությունյանն իր գործունեությունը պիտակավորող և իր հրաժարականը պահանջող դաշնակցականներին հիշեցրել էր նաև որ այդ ոլորտի քաղաքականությունը երկար տարիներ իրականացրել է ՀՅԴ-ն և տապալել ոլորտի համակարգումը:
«Հրապարակային ինչ-որ սպառնալիքներ է տեղում քրեական գործերի մասին, չգիտեմ արկղերը լցնելու մասին և այլն, ես հիմա հրապարակային հայտարարում եմ, որ Արայիկ Հարությունյանը Քրեական օրենսգրքով ենթակա է պատասխանատվության, թող հոդվածը ինքը որոշի, բայց առնվազն երկու հոդված էստեղ կա: Այլընտրանք ունի ինքը որոշելու՝ կա՛մ
սուտ մատնության հոդվածն է, երբ հանցագործության մասին սուտ մատնություն է իրականացնում անձը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կա՛մ հանցագործություն է պարտակում, հակառակ դեպքում Արայիկ Հարությունյանի արտահայտած այս սպառնալիքները ունեն մեկ կարևոր նպատակ՝ քաղաքական շանտաժի միջոցով փորձել իբր իրավական մեղադրանքների տարափ տեղալ», - ասաց Մինասյանը: