ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կարծում է, որ տարբեր իրադարձություններ, արվեստի գործեր սատանիզմի հետ կապելը ուղղորդվում է մի շարք շրջանակների կողմից։
«Հասկանալի է, թե որտեղից են այդ քամիները փչում, այն մեդիակենտրոններից, որոնք վերահսկվում են Քոչարյանի կողմնակիցների, տարբեր քաղաքական ուժերի, մերժվածների կողմից: Իհարկե, կան հասարակական-քաղաքական խմբեր, որոնք ունեն նորմալ մտահոգություններ»,- «Ազատության» հետ հարցազրույցում ասաց նախարարը։
Նա անդրադարձավ դիտարկմանը, թե նոյեմբերի 2-ին Հանրապետության հրապարակի մետրոյին հարակից տարածքում բեմադրված «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումից հետո նախարարությունը հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում, և հնչում է դժգոհություն, որ ֆինանսավորել են ոչ թե արվեստ, այլ սատանիզմ, նույնասեռականության քարոզ։
«Նման երևույթ հաճախ ենք տեսնում և այդ անվան տակ՝ ԼԳԲՏ, սատանիզմի անվան տակ որակում են իրադարձություններ, որոնք երբեմն ընկալելի ու հասկանալի չեն, գուցե կատարման տեսակետից վատն են, և շատ հստակ որոշակի մեդիակենտրոններ ու քաղաքական կենտրոններ դա թիրախավորում են, դարձնում են օրակարգ, մինչդեռ կարծում եմ, որ եթե այդտեղ որակի խնդիր կա, դա մասնագետների քննարկման հարց է։ Դժվար թե կարելի է խոսել արժեքների փոփոխությունների մասին, որովհետև մենք հսկայական քանակությամբ դրամաշնորհներ ենք տրամադրում շատ տարբեր հարցերով՝ Արցախի, ազգային տարբերով հարցով, կրթական, մեր ազգային համակարգի»,- մանրամասնեց Հարությունյանը։
Հարցին, թե «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առողջ շրջանակից է, որ «սատանայապաշտ» է հռչակել Հարությունյանին, վերջինս արձագանքեց. «Երբ Գևորգ Պետրոսյանի անունն է տրվում, բոլորն արդեն իրենց ընկալումներում ունեն, թե ինչպիսի պատգամավորի հետ գործ ունեն, եթե ես սատանայապաշտ լինեի, միանշանակ իրենց կողմից կլինեի, քանի որ անցած տասնամյակների ընթացքում նրանք մի քանի անգամ սատանայի հետ գործարքների են գնացել»։
Արայիկ Հարությունյանը նաև հորդորեց ՀՅԴ-ի երիտասարդական կառույցին, որը մինչև հինգշաբթի վերջնաժամկետ է տվել նախարարին հրաժարական ներկայացնելու համար, չխոսել կրթության մասին։
«Ով ով խոսի կրթությունից և այս ոլորտից, Դաշնակցությունը և դաշնակներն իրավունք չունեն դրան անդրադառնալու, ես նկատի ունեմ տեղի դաշնակցական կառույցին, որովհետև արտասահմանում դաշնակցականների հետ շատ արդյունավետ համագործակցում ենք։ Եթե որդեգրել էի, որ Լևոն Մկրտչյանի և նրա գործընկերների բերած ավերածությունները կրթության ոլորտում չէի հանրայնացնելու, այս հայտարարությունից հետո ցույց եմ տալու, թե նրանք ինչ ավերածություններ են բերել կրթությանը»,- ասաց նախարարը։