Մատչելիության հղումներ

ԵՊՀ-ի բանասիրականի ուսանողները դասադուլով են արձագանքում ԿԳՄՍՆ-ի օրենքի նախագծին


ԵՊՀ-ի Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են անում, 6-ը նոյեմբերի, 2019թ.
ԵՊՀ-ի Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դասադուլ են անում, 6-ը նոյեմբերի, 2019թ.

Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողները դեմ են ԿԳՄՍ նախարարության նախաձեռնած օրենսդրական փոփոխությանը։ «Հայերեն», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների պարտադիր դասավանդումը բուհերում կամընտրական դարձնելու առաջարկին ապագա բանասերները դասադուլով են արձագանքում։

«Այդ ծրագիրը, որը առաջ է քաշվել, պետք է չեղարկվի կամ փոփոխությունների ենթարկվի», - ասաց ուսանողներից մեկը։ Մյուսն էլ հավելեց. «Ցանկացած մարդ, ով կապ ունի հայերիս հետ, գոնե շատ քիչ գիտի հայերի պատմությունը, առհասարակ անցած ճանապարհը, չի կարող ուղղակի ասել, որ պետք է չդասավանդվեն լեզուն ու գրականությունը»։

Դասադուլից բացի, նաև ստորագրահավաք են կազմակերպել, և ըստ ուսանողների, դրան նաև այլ ֆակուլտետի ուսանողներ են միացել։ Ցանկանում են նվազագույնը երեք հազար ստորագրություն հավաքել, որ իրենց բողոքը՝ հստակ ձևակերպված, նախարարությանը ներկայացնեն։

Դասադուլին նաև բանասիրականի դասախոսների մեծ մասն է աջակցում, չնայած նրան, որ այդ գաղափարն այդքան էլ իրենց սրտով չէ։ Ըստ դասախոսների, ուսանողների որոշումն է, ազատ են, բայց բարձրացված հարցը նաև իրենց է մտահոգում։ Դասախոսների դիրքորոշումն է՝ դպրոցում հայերենը նախ լիարժեք չի ուսուցանվում, բացի այդ էլ, աշակերտներն այլ մակարդակի հայերեն են սովորում։

ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Նարինե Դիլբարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ մեզ մոտ ամեն ինչ խեղաթյուրվել է, դպրոցներում գիտական մակարդակի հայերեն է ուսուցանվում, ինչը բուհի գործն է։

Բանասիրության ֆակուլտետի դեկանի, դասախոսների հետ ավելի քան մեկուկես ժամ տևած քննարկումից հետո ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հայտարարեց, որ ԵՊՀ-ում դեմ չեն դասադուլին, բայց կողմ էլ չեն, որ այն ֆակուլտետի տարածքում անցկացվի։

Նա ասաց՝ ուսանողներ կան, որոնք չեն միացել դասադուլին ու ցանկություն ունեն մասնակցել դասերին։ Գևորգյանի խոսքով՝ համալսարանում նախարարության առաջարկի վերաբերյալ դեռ ընդհանուր դիրքորոշում չկա, քննարկումնները շարունակվում են։ Ինքը, սակայն, զարմացած է բարձրացված աղմուկից, այն արհեստական է համարում։

«Այսօր դպրոցում ևս չկան պարտադիր առարկաններ՝ օրենքի ուժով ֆիքսված, նույն «Հայոց լեզուն», «Հայ ժողովրդի պատմությունը», «Մաթեմատիկան» և դպրոցական մյուս առարկաներն ամրագրված են կառավարության ընդունած չափորոշիչներով և կրթական ծրագրերով»,- նկատեց Գեղամ Գևորգյանը։

Գործող օրենսդրությամբ բուհերի բակալավրի ծրագրում «Հայերեն», «Հայ գրականություն», «Պատմություն» առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, և ավարտվում են պարտադիր քննությամբ:

Ավելի ուշ նաև Կրթության նախարարությունից արձագանքեցին՝ պարզաբանելով, որ աշխատանքային քննարկման նպատակով ուղարկված օրենքի նախագծի վերաբերյալ բուհերից այս հարցին առնչվող դիտողություններ ու առաջարկներ գրեթե չեն ստացվել, սակայն օրենքի նախագծով լայն ինքնավարություն է տրվում բուհերին՝ որոշելու ուսումնական և գիտական ծրագրերի բովանդակությունը։ Այսինքն՝ հենց բուհերի գիտական խորհուրդները կարող են որոշել՝ այդ առարկաները պարտադիր պետք է դասավանդվեն, թե ոչ։

«Օրենքի նախագիծը ոչ միայն չի նվազեցնում հայերենի և հայրենագիտության դերը, այլև ընդհակառակը՝ ամրագրում է այս կարևոր արժեքների սերմանումն ու համապատասխան մասնագետների պատրաստումը», - ասված է ԿԳՄՍՆ-ի հայտարարության մեջ։

Նարինե Դիլբարյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ որևէ նոր բան նախարարությունը չի ասում, իրենք էլ են ասում, որ պետք չէ թողնել գիտական խորհուրդների որոշմանը։

Դասախոսի կարծիքով, խնդիր է «Հայերեն», «Հայ գրականություն» ու «Հայոց պատմություն» առարկանների դասավանդումը բուհերի գիտական խորհուրդների հայեցողությանը թողնելը. «Գիտական խորհուրդներում լոբինգի, նեղ անձնական շահի առաջ մղման հնարավորությունը շատ ավելի բարձր է», - շեշտեց նա։

Վերջինս նկատեց, որ խնդիր է նաև դասախոսների վարձատրությունը, որը կպակասի, եթե դասաժամերը կրճատվեն: ԵՊՀ Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանն էլ նշեց. «Երբ դպրոցը կբարձրանա, ամբողջական այդ առարկաները կդասավանդվեն, և մեր աշակերտները յուրացրած կավարտեն դպրոցը, այն ժամանակ՝ այո»։

Բանասիրական ֆակուլտետում միասնական որոշում դեռ չկա՝ վաղը ևս շարունակել դասադուլը, թե ոչ, սակայն մտադրված են իրենց բողոքն արտահայտել նաև այլ տեղերում։ Դեռ կշարունակեն նաև ստորագրահավաք իրականացնել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG