Մատչելիության հղումներ

Բուհերից լեզվի դասավանդումը հանելու փոխարեն պետք է մտածել ծրագրերը փոփոխելու մասին․ Լավրենտի Հովհաննիսյան


Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լավրենտի Հովհաննիսյան
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լավրենտի Հովհաննիսյան

Բուհերում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների պարտադիր դասավանդումը վերացնելու և դա բուհերի հայեցողության թողնելու Կրթության նախարարության առաջարկությունը շարունակում է մնալ շատ մասնագետների քննադատության թիրախում:

Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սուսաննա Տիոյանը բառեր է փնտրում իր զգացմունքներն արտահայտելու համար․ - «Հիասթափված չասեն, էնքան եմ թևաթափ եղել․․․ Նրանք արդյո՞ք տեղյակ են, թե ինչ է կատարվում մեր կրթական հաստատություններում»:

Լեզվի ինստիտուտի գիտաշխատողի խոսքով՝ շրջանավարտները բուհ են մտնում հայերենի անբավարար գիտելիքներով, և այս ֆոնի վրա քննարկվում է հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն առարկաների պարտադիր ուսուցումը բուհերից հանելու նոր առաջարկ։

Ապագա ճարտարապետներին հայերեն դասավանդած դասախոսը տարակուսած է․ - «Մի բան լավ իմացեք․ մինչև մայրենի լեզվին կատարյալ չտիրապետես, ո՛չ թարգմանիչ կդառնաս, ո՛չ լավ պատմաբան կդառնաս, ո՛չ էլ ճարտարապետ կդառնաս»:

Այսօր գործող օրենսդրությամբ, անկախ սեփականության ձևից և մասնագիտությունից, բուհերի բակալավրի ծրագրում հայոց լեզու, գրականություն, պատմություն առարկաների ուսուցումը ներառվում է առնվազն երկու կիսամյակի ընթացքում, որոնք ավարտվում են պարտադիր քննությամբ: Այս պարտադիրը կրթական գերատեսչությունն առաջարկում է դարձնել հայեցողական:

Օրեր առաջ Կրթության նախարար Արայիկ Հարությունյանը խորհրդարանում հիմնավորեց․ - «Ընդհանուր տրամաբանությունն այն է, որ մեր աշակերտները 12-ամյա կրթության ժամանակ բավարար գիտելիք են ստանում և՛ հայերենից, և՛ հայ գրականությունից, և՛ հայոց պատմությունից»:

Նախարարը շեշտեց, որ բուհերն իրենք կարող են այս առարկաները ներառել իրենց ծրագրում հայեցողական կարգով:

Այս քայլն անում են մասնագիտական կրթությունը խորացնելու համար․ - «Եթե մեր քաղաքացին 18 տարի շարունակ լիարժեք հայերեն է սովորում, և բուհում բակալավրիատում ծրագրերը մեծամասամբ հայերեն են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, ապա մտահոգվելու որևէ խնդիր չկա»:

Մտահոգվելու կարիք կա՛, ասում են բուհերում դասավանդողները:

Հայոց լեզվի պատմության բաժնի վարիչ Գայանե Մխիթարյանը նշում է, որ առաջին կուրսեցիները թելադրություն գրում են 25 ուղղագրական սխալով, դպրոցում ստացած գիտելիքը խիստ անբավարար է․ - «Առաջին կուրսում այլ բան չի մնում մասնագետին, քան լրացնելու այդ բացը»:

Թե ինչ վիճակում է հայերենի հանրակրթական մակարդակը, կարելի է պատկերացնել այս տարվա ընդունելության քննությունների արդյունքներով։ Դիմորդների գրեթե 20 տոկոսը հայոց լեզվի և գրականության միասնական քննությունից անբավարար է ստացել՝ չհաղթահարելով անցողիկ 8 միավորի շեմը։ Այսինքն յուրաքանչյուր հինգերորդը կտրվել է։

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լավրենտի Հովհաննիսյանն ասում է, թե ավագ դպրոցում ընդհանապես աշակերտները ոչ թե սովորում, այլ վարժեցվում են թեսթերին․ - «Դա վանում է սերը հայոց լեզվի նկատմամբ: Լեզվական ոչ մի իրողություն այնտեղ փաստորեն չկա»:

Հովհաննիսյանը շեշտում է, որ լեզուն մտածողություն է, և այն բուհերից հանելու փոխարեն պետք է մտածել ծրագրերը փոփոխելու մասին․ - «Ոչ թե քերականություն սովորեցնենք միայն, այլ ճիշտ խոսել, ճիշտ գրել, կարողանալ օգտագործել հոմանիշներ, մասնագիտական տեքստերին ծանոթանալ, վերլուծել: Եվ ամենակարևորը՝ խոսքի մշակույթ»:

Կրթության նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը շեշտում է, որ օրենսդրական նոր առաջարկը հանրային քննարկման կդրվի: Նա գտնում է, որ փոփոխությունը խիստ անհրաժեշտ է բուհերի ինքնավարության տեսանկյունից․ - «Օրենքը իրավունք չունի միջամտելու կրթական ծրագրերի կառուցման և իրականացման գործընթացին: Սա կրթական ծրագրերին ներկայացվող ժամանակակից պահանջների այբուբենն է»:

Նախարարի խորհրդականը համոզված է, որ ավագ դպրոցի վերափոխումները կփարատեն մասնագետների մտահոգությունը հայագիտական առարկաների անբավարար գիտելիքների վերաբերյալ։

Իսկ մասնագետները առաջարկում են այդ առարկաները բուհերում պարտադիր պահել, քանի դեռ ավագ դպրոցներում իրավիճակ չի փոխվել:

«Լեզվի մասին» օրենքով Հայաստանի բուհերում հայոց լեզվի ուսուցումը պարտադիր է: Նախարարի խորհրդականը համոզված է, որ այս առաջարկը օրենքին չի հակասում, քանի որ ըստ նրա, հայոց լեզվի ուսուցում չի նշանակում հայոց լեզու առարկայի ուսուցում․ - «Դա կարող է լինել բանավոր և գրավոր հաղորդակցության հիմունքներ, կարող է լինել խոսքի մշակույթ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG