Մատչելիության հղումներ

Հնարավորություն ենք տալիս ՍԴ դատավորներին հաստատել իրենց իսկ երազած դատարանը առանց կորստի․ Նիկոլ Փաշինյան


Կառավարությունն այսօր հավանություն տվեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման նախագծին:

Այս նախագծով, եթե մինչև 2020 թվականի հունվարի 31-ը Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց․ - «Փաստորեն սահմանադրական փոփոխությունների հեղինակները, մի կողմից, ասել են՝ այ, ժողովուրդ ջան, տեսեք, մենք երազանքի Սահմանադրական դատարանի մոդելը գտել ենք, որը մեր պրոբլեմները լուծելու է: Մյուս կողմից՝ արել են գործողություններ, որոնք Հայաստանի Հանրապետության մինչև 2035 թիվը առնվազն թույլ չեն տալու ունենալ երազանքի Սահմանադրական դատարան»:

Նիկոլ Փաշինյանի մեկնաբանմամբ՝ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով ձևավորվեց այնպիսի համակարգ, որ ՍԴ դատավորի, նախագահի պաշտոնավարման ժամկետը նվազի, բացի այդ՝ ՍԴ նախագահին ընտրեն նույն դատարանի դատավորները: Բայց այս փոփոխությունները, ըստ վարչապետի, հնարավոր չէ իրականացնել մինչև 2035 թվականը, այսինքն՝ մինչև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման ժամկետի ավարտը:

Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ ընտրվեց այս փոփոխությունների ուժի մեջ մտնելուց օրեր առաջ՝ նախկին Սահմանադրությամբ, և հնարավորություն ստացավ պաշտոնավարելու մինչև 65 տարեկանը:

«Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետ է սահմանված վեց տարին: Եվ հիմա այս բոլոր դրույթները ուժի մեջ են մտել սահմանադրական մյուս դրույթների հետ: Էսօր գործող Սահմանադրությամբ ամբողջությամբ ուժի մեջ մտած են: Բայց այս սահմանադրական փոփոխություններով նախատեսված դրույթները չի ընթացիկ պայմաններում հնարավոր չի լինի իրականացնել առնվազն մինչև 2035 թվականը: Եվ սա թերևս Հայաստանի Հանրապետությունում, ինչպես ընդունված է ասել, իրավակիրառ պրակտիկայի ամենամեծ աբսուրդներից մեկն է: Հիմա մենք այս օրենքով հնարավորություն ենք տալիս, որպեսզի այս խնդիրը լուծվի», - նշեց վարչապետը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը շեշտեց, որ վաղ կենսաթոշակային համակարգի ներդրվելու է կամավորության սկզբունքով: Այսինքն՝ դատավորներն են որոշելու հրաժարական տան և օգտվեն վաղ կենսաթոշակային համակարգից, թե շարունակեն պաշտոնավարել:

«Հատկանշական է, որ Վենետիկի հանձնաժողովը ըստ էության նշել է, որ այն բոլոր դեպքերում, երբ որ վաղ կենսաթոշակի դիմելը իրապես կամավոր է, ապա որևէ առարկության այդ մասով չի կարող լինել», - հավելեց նախարարը:

Վաղ կենսաթոշակային տարբերակը ամիսներ առաջ իր հայտնի նամակում առաջարկել էր ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը, ինչը խիստ քննադատեցին իշխանության ընդդիմախոսները: Վահե Գրիգորյանն այս համակարգը համարել էր Սահմանադրական դատարանի ճգնաժամի ելքերից մեկը և հենց էլ առաջինը բարձրաձայնեց Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի մասին:

Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանն «Ազատության» հետ զրույցում քննադատել էր այս համակարգը, ասել էր, թե բարոյական չի համարում հրաժարական տա, չաշխատի և հարկատուների հաշվին ստանա մոտ 700 հազար դրամ աշխատավարձ:

Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանն այսօր հրաժարվեց կարծիք հայտնել նախագծի մասին: «Ազատության» հետ զրույցում Թոխյանն ասաց, թե օրենքը հետագայում հնարավոր է դառնա Սահմանադրական դատարանի քննարկման առարկա, և մինչև այդ կարծիք հայտնելը կդիտարկվի կանխակալ վերաբերմունք:

«Դատավորների առնվազն մի մասը շատ ակտիվ մասնակցություն ա ունեցել այդ երազանքի Սահմանադրական դատարանի ձևակերպմանը: Մենք հիմա սրանով հնարավորություն ենք տալիս, որ մարդիկ իրենց իսկ երազած Սահմանադրական դատարանի հաստատմանը՝ առանց սոցիալական երաշխիքների կորստի», - կառավարության նիստում ասել է վարչապետ Փաշինյանը:

Վաղ կենսաթոշակային համակարգը ավելի վաղ քննադատել էր նաև ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Պատգամավոր Տարոն Սիմոնյանն այսօր փոխանցեց, որ իրենց դիրքորոշումը չի փոխվել՝ սա ողջամիտ առաջարկ չէ․ - «Այս օրենքի նպատակը Հրայր Թովմասյանին համոզելն է, որ նա դուրս գա այդ պաշտոնից, չէ՞: Այսինքն՝ իրավական գործիքն օգտագործում ենք ինչ-որ բարոյական խնդիրներ լուծելու համար: Ինչո՞ւ պետք է մեր հարկ վճարողը իր գրպանից մի քսան տարի վճարի մարդկանց մի խմբի, ովքեր որոշել են գնալ թոշակի: Այդ գումարն էլ բավականին բարձր է: Պետք է հասկանանք, մեր հարկ վճարողները պատրա՞ստ են վճարել մարդկանց կենսաթողաշի վճարը զուտ այն պատճառով, որ մարդիկ ուզում են գնան կենսաթոշակի երիտասարդ տարիքում»:

Կառավարության հավանությանն արժանանացած նախագիծը կուղարկվի խորհրդարան: Նախարար Բադասյանն ասաց, որ այն կքննարկվի առաջիկա արտահերթ նիստում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG