Մատչելիության հղումներ

Սահմանադրական փոփոխություններով ՍԴ գործող կազմին դուրս հրավիրելը քաղաքական լուծում է․ պատգամավոր


ՍԴ շենքը, արխիվ
ՍԴ շենքը, արխիվ

Սահմանադրական դատարանի (ՍԴ) նախագահ Հրայր Թովմասյանը բարձր դատարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի գնահատականները համարում է քաղաքական և հրաժարվում դրանք մեկնաբանել:

«Ես քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում, ես մեկնաբանում եմ իրավական ակտերը», - ասաց Թովմասյանը։

Նիկոլ Փաշինյանն «Ազատության» հետ բացառիկ հարցազրույցում երեկ հայտարարել էր, թե ցնցվել է Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ դատավոր Վահե Գրիգորյանի նամակից: Ըստ Փաշինյանի, 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով նախկին իշխանության հետ առևտուր է եղել, Սահմանադրության հեղինակ Հրայր Թովմասյանը նոտարական գրասենյակի պես սեփականաշնորհել է Սահմանադրական դատարանը:

Վահե Գրիգորյանը հիմնավորել էր, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և վեց անդամ նախկին Սահմանադրությամբ են ընտրվել և չունեն դատավորի կարգավիճակ, լիազորված չեն որոշումներ ընդունել: Այդպիսի լիազորություն ունեն միայն ինքն ու ՍԴ դատավոր Արման Դիլանյանը: Այսինքն գործող ՍԴ կազմում լեգիտիմության խնդիր կա, իրավիճակը բնութագրել ճգնաժամային: Տարբեր փաստաբաններ կարծիքներ են հայտնել, թե լուծումը Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների հրաժարականն է:

Հարցին՝ բացառո՞ւմ է իր հրաժարականը, Թովմասյանը պատասխանեց. «Իսկ դուք բացառո՞ւմ եք, որ վաղը երկրաշարժ կլինի Հայաստանում, դուք բացառո՞ւմ եք, որ վաղը աշխարհը շուռ կգա»:

Սահմանադրական դատարանի անդամները հայտնվել են դատարանում օրենսդրական մանիպուլյացիայի արդյունքում: 2019 թվականի Հայաստանը պետք է ունենա 2019 թվականի Սահմանադրական դատարան, հայտարարել էր վարչապետ Փաշինյանը: Սա քաղաքական խնդիր է և պետք է լուծվի: Գուցե Ազգային ժողովը քննարկումներ սկսի, ասել էր վարչապետը՝ չբացառելով Սահմանադրության փոփոխությունը։

«Այս Սահմանադրական դատարանի գործող նախագահի իշխանությունը ի՞նչ կապ ունի նրա իշխանությունը, նրա կարգավիճակը ժողովրդի հետ։ Ի վերջո, եթե Սահմանադրական դատարանի սեփականաշնորհված նոտարական գրասենյակի կարգավիճակից անհրաժեշտ լինի գնալ այդպիսի քայլերի, որ պետք է Սահմանադրական դատարանի հարցը լուծել, էս համատեքստում, այո, կարելի է նաև գնալ այդ մասով՝ Սահմանադրական փոփոխությունների», - նշեց Փաշինյանը։

Սահմանադրական փոփոխությունների միջոցով Բարձր դատարանի ճգնաժամի հանգուցալուծմանը դեմ է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Սահմանադրական դատարանի կազմով հիացած չէ, ասաց պատգամավորը, բայց այդուհանդերձ, իրավական լուծման կողմնակից է:

«Այսինքն, եթե հիմա իրենք փորձում են ազատվել Սահմանադրական դատարանի ներկայիս կազմից և իրավական որևէ գործիք չեն գտնում, և միակ իրավական գործիքը Սահմանադրական փոփոխություններն են, որով կմշակեն մեխանիզմների Սահմանադրական դատարանի ներկայիս կազմին դուրս հրավիրելու համար, սա կլինի քաղաքական լուծում։ Խնդիրը պիտի լուծվի իրավական դաշտում, խնդիրը պիտի լուծվի օրենքի դաշտում», - ընդգծեց Զոհրաբյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ սահմանադրական փոփոխություններին դեմ է, բայց բոլորովին այլ պատճառով:

«Նիկոլ Փաշինյանն էդ հիմա էս ամբողջ Սահմանադրական դատարանի մասին էս ամեն ինչը ընդամենը ժողովրդի ուշադրությունը շեղելու թեմա է։ Ոռոգման ջուր չունեն, մարդիկ խմելու ջուր չունեն, այսինքն էդ ամենօրյա մարդկանց խնդիրները թողած մենք ընկել ինչ-որ երրորդական, չորրորդական բաներով ենք զբաղված, էդ ամեն ինչը կեղծ օրակարգ է, ես համարում եմ», - ասաց Գորգիսյանը։

Վահե Գրիգորյանն իր նամակում սահմանադրական ճգնաժամից դուրս գալու երեք ճանապարհ էր նշել. համատեղ որոշմամբ պահպանել ներկա իրավիճակը, 7 դատավորի թափուր հաստիքի համար նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովն ու կառավարությունն Ազգային ժողով թեկնածուներ ներկայացնեն: Իսկ երրորդ տարբերակում Գրիգորյանն ակնարկել էր Սահմանադրական դատարանի դատավորների հրաժարականի մասին՝ առաջարկելով, որ այդ դեպքում վաղ կենսաթոշակային սխեմա գործի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG