Մատչելիության հղումներ

Վահե Գրիգորյան․ ՍԴ ճգնաժամի լուծման գլխավոր դերակատարը խորհրդարանն է


Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյան
Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյան

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի լավագույն լուծումը Բարձր դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը համարում է նոր դատավորների ընտրությունը։

«Ազատության հետ զրույցում Գրիգորյանը որպես դրան հասնելու ուղի առանձնացրեց սահմանադրական փոփոխությունները․ - «Իմ խորին համոզմամբ, 2015 թվականի դեկտեմբերի հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարանի թե՛ կազմի սահմանադրականության, թե՛ դեմոկրատական լեգիտիմության խնդիրների վերացման լավագույն ճանապարհը նոր դատավորների ընտրությունն է այդ դատարանում, ինչն ամենևին չի բացառում եղած անդամների կազմից առաջադրումներ կատարելը՝ եթե նման ցանկություններ կունենան: Ես այս մասին բաց խոսել եմ: Դրանով ամբողջությամբ խնդիրը կլուծվի»:

Սահմանադրական դատարանն ունի 9 անդամ։ Վահե Գրիգորյան ու դատավոր Արման Դիլանյանն ընտրվել են 2015-ի, մյուսները՝ 2005-ի Սահմանադրությամբ։

Հունիսի 18-ին Ազգային ժողովը Գրիգորյանին ընտրեց Սահմանադրական դատարանի դատավոր և 2 օր անց երդվելիս հենց խորհրդարանական ամբիոնից Գրիգորյանը հայտարարեց, թե Սահմանադրական դատարան է գնում ՍԴ նախագահի լիազորություններով: Գրիգորյանը պարզաբանել էր, որ Սահմանադրական դատարանի կազմում այս պահին դատավորի կարգավիճակ ունեն միայն ինքն ու Արման Դիլանյանը, իսկ մյուսները, այդ թվում և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, որ ընտրվել են հին Սահմանադրությամբ, անդամներ են և դատավորի լիազորություններ չունեն, ուստի չպետք է շարունակեն պաշտոնավարել։

Բարձր դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Վահե Գրիգորյանի գնահատականների հետ համաձայն չէ նրա գործընկեր Ալվինա Գյուլումյանը: 2014 թվականին Սահմանադրական դատարանի անդամ ընտրված Գյուլումյանը շեշտում է․ - «Սահմանադրական դատարանում այս պահին թափուր տեղեր չկան»:

Գրիգորյանի պնդմամբ, ճգնաժամի լուծման գլխավոր դերակատարը խորհրդարանն է․ - «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հանրապետության պառլամենտական սուվերենության կրողն է, և Սահմանադրական դատարանի ճգնաժամը դիտարկելի է Հայաստանում ժողովրդավարության պաշտպանության դիտանկյունից և սահմանադրական անվտանգության խնդիրների վերացման դիտանկյունից, որոնք ուղղակիորեն վերաբերում են հանրապետության խորհրդարանի սահմանադրական լիազորությունների ու պարտականություններին»:

Խորհրդարանի նախաձեռնությունը, սակայն, անցած ամիս ձախողվեց։ Պատգամավորները դիմել էին Բարձր դատարան՝ խնդրելով կասեցնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները։ Բայց ՍԴ-ն, որի անդամների մեծ մասը նախորդ իշխանության կողմից են ընտրվել, մերժել էր դիմումն անգամ վարույթ ընդունել։

«Առաջարկել եմ միջակայք լուծումների: Այսինքն՝ ստատուս քվոյի ճանաչում և Սահմանադրական դատարանի անդամների և դատավորների կարգավիճակի միջև բոլոր տարբերությունների վերացում, որոնք, բնականաբար, կան և ճանաչված են նույնիսկ Վենետիկի հանձնաժողովի նախագահի կողմից, ընդհուպ մինչև նոր դատավորների թափուր տեղերի համալրում՝ նոր թեկնածուներ առաջադրելով և դատավորներ ընտրելով: Այս միջակայքում լուծումը կարող է գտնվել նաև Սահմանադրության որոշ դրույթների փոփոխության և տարբեր այլ միջոցներով», - նշեց Վահե Գրիգորյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG