Մատչելիության հղումներ

ԱԺ-ն ՍԴ դատավորների գերին չէ․ Մարուքյանն արձագանքում է Գրիգորյանի հայտարարությանը


«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը զրուցում է լրագրողների հետ, Գյումրի, 6-ը նոյեմբերի, 2019թ․
«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը զրուցում է լրագրողների հետ, Գյումրի, 6-ը նոյեմբերի, 2019թ․

Ազգային ժողովը Սահմանադրական դատարանի դատավորների գերին չէ, ասում է Ազգային ժողովի ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ արձագանքելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի պնդմանը, թե խորհրդարանը մազաչափ անգամ չի մոտեցել Բարձր դատարանի ճգնաժամի հանգուցալուծմանը:

«Սահմանադրական դատարանի մեկ դատավորի կարծիքով չպետք է խորհրդարանը գործողություններ կատարի», - հայտարարեց Մարուքյանը լրագրողների հետ զրույցում:

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ազգային ժողովը դեռ որևէ քայլ չի արել, պարզապես ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցով դիմել էր Սահմանադրական դատարան, սակայն Բարձր դատարանը մերժել էր դիմումը քննել:

Իշխող «Իմ քայլը» խմբակցության այդ նախաձեռնությանը կողմ էր քվեարկել նաև Էդմոն Մարուքյանի գլխավորած խմբակցությունը:

«Խորհրդարանն իր օրակարգը ձևավորում է քաղաքական ուժերի խմբակցությունների միջոցով, և խմբակցությունը նախաձեռնել էր կոնկրետ Հրայր Թովմասյանի պաշտոնանկության գործընթաց, որն իրականացվեց: Կլինեն այլ նախաձեռնություններ՝ կքննարկենք, բայց որևէ մեկը չի կարող օրենսդիր իշխանությանը թելադրել՝ որ օրը, երբ, ինչով զբաղվի», - ընդգծեց Մարուքյանը:

Վահե Գրիգորյանը «Ազատության» հետ հարցազրույցում օրեր առաջ դարձյալ պնդել էր՝ Սահմանադրական դատարանի ճգնաժամի հանգուցալուծման գլխավոր դերակատարը խորհրդարանն է: Ըստ նրա՝ Հայաստանի անցյալում Սահմանադրական դատարանի դերակատարումը պետք է խորհրդարանը լրջագույն քննարկման առարկա դարձնի և իրավաքաղաքական գնահատական տա:

«Ողջ խնդիրը, ողջ ճգնաժամը նախ ախտորոշման կարիք ունի, և այդ ախտորոշումը՝ պատկերավոր ասված ախտորոշումը, առաջին հերթին դատարանի անցյալի իրավաքաղաքական գնահատականն է, որը վաղուց արդեն հրամայական է դարձել՝ հասկանալու համար՝ ինչպիսին է այդ դատարանը, ինչպիսին է պետությունն ընդունում այս դատարանը», - ասել էր Գրիգորյանը՝ շարունակելով․ - «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, ես ինչպես նշեցի, հանրապետության պառլամենտական սուվերենության կրողն է, և Սահմանադրական դատարանի ճգնաժամը դիտարկելի է Հայաստանում ժողովրդավարության պաշտպանության դիտանկյունից և սահմանադրական անվտանգության խնդիրների դիտանկյունից, որոնք ուղղակիորեն վերաբերում են հանրապետության խորհրդարանի սահմանադրական լիազորություններին ու պարտականություններին»:

Բարձր դատարանի ճգնաժամի մասին առաջին անգամ խոսել է Վահե Գրիգորյանը: Իր երդմնակալության օրը Ազգային ժողովում նա հայտարարեց, որ ՍԴ կազմում լեգիտիմության խնդիր կա, քանի որ նախկին Սահմանադրությամբ ընտրվածները, ըստ նրա, այդ թվում՝ Հրայր Թովմասյանը, անդամի կարգավիճակ ունեն և չեն կարող նիստեր հրավիրել ու որոշումներ ընդունել: Այդպիսի լիազորություն ունեն միայն դատավորները, իսկ դատավոր են միայն ինքն ու Արման Դիլանյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG