2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ զոհված 9 քաղաքացիների իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն «Ազատության» հետ զրույցում ընդգծում է՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա պնդումները հուզական ժանրից էին և ոչ ոք չի էլ պնդում, որ ազատության մեջ հայտնվելով Քոչարյանը կարող է 11 տարի առաջ ստորագրած իր հրամանում խմբագրումներ կատարել։
«Այդ ներգործությունն ու ազդեցությունը բնավ չի իրականացվելու իր փաստաթղթերի խմբագրմամբ կամ այլ համապատասխան նկարագրություններով, շատ կոնկրետ դրսևորման ձևեր ունի և ոչ էլ էն հուզական նկարագրություններով, որով որ արժանապատվության կոնտեքստում փորձում էր ներկայացնել պարոն Քոչարյանը՝ ինչ-որ խնդրանքներ ներկայացնելու կամ այլ միջնորդություններ ներկայացնելու միջոցով: Դրանք էդպես չեն արվում: Մոտավորապես էդպիսի ազնիվ խոսքով էլ ու այդ մոտավոր նույն արժանապատվության զգացողությամբ էլ կատարվել են էն արարքները, որոնց համար հիմա նա մեղադրվում է», - նշեց Եգորյանը:
Երեկ հերթական դատական նիստի ժամանակ Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ, Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ 2008-ին իր կողմից ստորագրված Արտակարգ դրության մասին հրամանագրին։ Ասաց, որ անգամ չկա սուբյեկտ, որին ինքը կարող է խոչընդոտել, իսկ ազատության մեջ էլ հայտնվելով՝ որևէ անօրինական գործողություն չի կատարի:
«Ես չեմ կարող 10 տարի անց իմ հրամանագիրը փոխել արտակարգ դրություն մտցնելու մասին, չեմ կարող փոխել փաստը պատմական և չեմ ժխտում, այո, ստորագրել եմ և չեմ կարող փոխել նաև այդ հանդիպումը և այդ հանդիպման այսպես ասենք 14 թե 15 ցուցմունքից գրեթե բոլորի հետ, բացի մեկ մարդու մի նախադասությունից, համաձայն եմ: Չկա սուբյեկտը փոխելու, մոտիվը, որը կարող է նաև ինչ-որ տեղ ասես, ինչ-որ կողքից նայես և ասես՝ սա կարող է փորձել փոխել», - ասել է Քոչարյանը:
Հայաստանի նախկին նախագահի և նրա նախկին ենթակաների քրեական գործի մեղադրական եզրակացության համաձայն՝ Ռոբերտ Քոչարյանը, մտադրություն ունենալով ցանկացած եղանակով իշխանությունը փոխանցել Սերժ Սարգսյանին, օգտվելով այն հանգամանքից, որ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է և համակարգում է պաշտպանության բնագավառում պետական մարմինների գործունեությունը, 2008 թվականի փետրվարի 23-ին պաշտպանության նախարարության և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ խորհրդակցություն է անցկացրել և, ակնհայտ անցնելով իր լիազորությունները, բանավոր հրահանգել է՝ զորքերը բերել մարտական պատրաստվածության հաջորդ օրը ժամը 00:00-ից և սահմանել արտակարգ դրություն:
Ըստ Արտակարգ դրության մասին հրամանագրի, արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովումը վերապահվել է ոստիկանությանը և Պաշտպանության նախարարությանը:
Այս գործը քննած Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հայտարարել էր, որ արտակարգ դրությունն իրականում վերածվել է ռազմական դրության։ Մեղադրականում նշվում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և մյուսները, այլ անձանց հետ հանցակցությամբ, խախտել են 2008-ին գործող Սահմանադրության 8.2-րդ հոդվածն այն մասին, որ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը, Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»։ Ասել է, թե իշխանությունը իրավունք չուներ արտակարգ դրության պայմաններում օգտագործել զինված ուժերը։
Քոչարյանն իր ելույթներում բազմիցս պնդել է, որ զինված ուժերը միայն պահպանել են կառավարական շենքերը, ցույցը ցրելու գործողություններին չեն մասնակցել:
Երեկվա դատական նիստին ելույթ ունենալով՝ նախկին նախագահը հայտարարեց, որ ինքն ու մյուս ամբաստանյալները ողջ կյանքում առաջնորդվել են արժանապատվությամբ և հայրենասիրությամբ և ինչ էլ խոսի մյուս կողմը, ոչ ոք չի կարող դա ջնջել իրենց կենսագրությունից։
Փաստաբան Տիգրան Եգորյանը, մինչդեռ պնդում է, իր այս հուզական ելույթով Քոչարյանը փորձում էր ցույց տալ, որ ազատության մեջ հայտնվելով չի ազդի գործի վրա։ Մինչդեռ գլխավոր ամբաստանյալը պետք է գտնվի կալանքի տակ, պնդում է զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչը:
«Մարդը փորձում է այդ դահլիճում կոնկրետ հատվածում հավաքված մարդկանց վերագրել էնպիսի բարձր պետական այրերի ընկալման մակարդակ, որը նույնիսկ անհնար է դարձնում նրանց կողմից միտքը խոչընդոտելու կամ որևէ ազդեցություն գործելու, ուր մնաց թաքնվելու նախաքննությունից կամ դատաքննությունից: Հիմա պատկերացրեք դահլիճի այդ անկյունում նստած լիներ նաև Միքայել Հարությունյանը, այդ հայտարարությունը ի՞նչ էր լինելու, նրան էլ չէր վերագրվելու, որը որ էսօր Ռուսաստանի Դաշնությունում լինելով ժամանակին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար թաքնվել է օտար դրոշի տակ», - ասաց Եգորյանը:
Եգորյանը հիշեցնում է, որ Քոչարյանը նախաքննության ողջ ընթացքում որևէ ցուցմունք չի տվել և դատարանում նման հայտարարություններ անելու փոխարեն կարող էր հանրությանը պարզաբանումներ տալ իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ։
«Էսօր մեզ ամբողջ մեկ տարի զբաղեցնում է իր արգելանքից ազատվելու չափազանց բարձր անհրաժեշտության վերաբերյալ տարատեսակ պնդումներով ու խնդրանքներով՝ որևէ կերպ չմոտենալով իրեն մեղսագրվող արարքների վերաբերյալ ի վերջ հստակ քննարկումներին ու պարզաբանումներին: Իր՝ ժամանակին որպես նախագահի պաշտոնը զբաղեցրած անձի, իր կողմից նկարագրված այդ բարձր արժանապատվությամբ օժտված պետական այրի, համապատասխան վարքագծի, որը պետք է էս պահին դրսևորվի դատարանում», - ընդգծեց Եգորյանը:
Նախկին նախագահը մեղադրվում է 2008-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու և 3 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ։ Քոչարյանը պնդում է, որ որևէ հանցագործություն չի գործել և ենթարկվում է քաղաքական հետապնդման։
Ըստ մեղադրանքի, Քոչարյանն ու իր նախկին ենթակաները նաև խախտել են Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետը: Այս դրույթը սահմանում է այն դեպքերը, որոնց պարագայում նախագահը կարող է ռազմական դրություն հայտարարել՝ կիրառելով զինված ուժերը․ այն է հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում: Բայց, ըստ իրավապահների, 2008-ին Զինված ուժերն օգտագործվել են քաղաքական հարցերում՝ խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ:
Քոչարյանը կալանավորվեց անցած տարի, երկու անգամ ազատ արձակվեց ու կրկին կալանավորվեց: Թեև այս գործով դատավարությունը սկսվել է գարնանը, բայց բուն գործին այդպես էլ դեռ անդրադարձ չի եղել, դատավորները հիմնականում քննել են նրա կալանքի հարցը:
Երեկվա նիստին ևս փաստաբանները միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել նախկին նախագահին՝ գումարի չափը թողնելով դատավորի հայեցողությանը: Վաղը պարզ կդառնա՝ դատարանը կբավարարի, թե կմերժի այս միջնորդությունը: