Տևական ընդմիջումից հետո այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս երեք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական նիստը։
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն ներկայացրեցին՝ դատարանին խնդրելով անհապաղ կալանքից ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին՝ հիմնվելով Սահմանադրական դատարանի որոշման վրա։
Պաշտպանների միջնորդությունից հետո Քոչարյանը հանդես եկավ ելույթով՝ նշելով, որ այս ընթացքում իր իրավունքները խախտվել են բազմաթիվ անգամներ և որևէ խախտման հնարավորություն բաց չեն թողել՝ ընդգծելով. «Ոնց որ մեքենա քշես ճանապարհով, 10 փոս կա, էդ 10 փոսի մեջ էլ մտնես»։
«Սա քաղաքական հետապնդման էլեմենտ է։ Մեկ-մեկ մտածում ես՝ եթե քո նկատմամբ կարող են, նախկին նախագահի նկատմամբ կարող են այսպիսի չարաշահումներ թույլատրել, դատախազության համար ես մի բան եմ հասկանում, որ օրենքը ոնց որ պլաստիլին լինի՝ ոնց ուզես մեկնաբանես, թեկուզ օրենսդրական նախաձեռնության իրավունք ընդհանրապես չունեն», - ասաց Քոչարյանը։
Նախկին նախագահն իր ելույթի ընթացքում հայտարարեց, որ սա Հայաստանի պատմության «ամենախայտառակ քրեական գործն է»։
«Դասագրքերում է նշվելու այս գործի մասին, և այս գործն ունենալու է իր բացասական և դրական հերոսներին։ Ես չեմ կասկածում՝ ովքեր են լինելու դրա բացասական հերոսները, և տվյալ դեպքում Դուք այն անձնավորությունն եք, որը գրում է ևս մեկ էջ այս գործի այս պատմության։ Թե ինչպիսինն է լինելու այդ էջը, իհարկե, կախված է Ձեզանից», - նշեց Հայաստանի երկրորդ նախագահը՝ դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին։
Այսօր դատարան էին եկել բոլոր մեղադրյալները՝ ոչ միայն Ռոբերտ Քոչարյանը, այլև բարձրաստիճան նախկին պաշտոնյաներ Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը և Արմեն Գևորգյանը։ Դատարանում են նաև Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչները և տուժողներ։
Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը «Ազատություն» հետ զրույցում նշեց, որ այլ տարբերակ, քան հորը ազատելը, չի տեսնում։
«Մեր փաստաբանները և ոչ միայն մեր փաստաբանները, շատ հեղինակավոր փաստաբաններ, էդ ոլորտի շատ հեղինակավոր մարդիկ, նույնիսկ այնպիսի փաստաբաններ, ովքեր ժամանակին պաշտպանել են այսօրվա իշխանավորներին, դատարաններում կարծիք են հայտնում և կարծիք են հայտնում, որ դա միանշանակ է, որ պետք է ազատ արձակեն», - ընդգծեց Լևոն Քոչարյանը։