Ավարտվեց Հայաստանի երկրորդ նախագահ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ քննարկելու Քոչարյանի փաստաբանների միջնորդությունը՝ գրավով ազատ արձակելու մասին:
«Դատական ակտը կհրապարակվի սույն թվականի նոյեմբերի 7-ին՝ ժամը 12-ին», - հայտարարեց դատավոր Աննա Դանիբեկյանը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հենց դատական նիստի սկզբից միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել իրենց պաշտպանյալին:
Քոչարյանի պաշտպաններից թե՛ Հայկ Ալումյանը, թե՛ Արամ Վարդևանյանը դատական նիստի սկզբում նշեցին, որ, ըստ էության, գրավը որպես այլընտրանքային միջոց պետք է կիրառվի այս դեպքում, և ամենևին էլ դա չի նշանակում, որ եթե գրավ կիրառվի և Քոչարյանը հայտնվի ազատության մեջ, ապա նա կխոչընդոտի գործի քննությանն ու կթաքնվի քննությունից, ինչպես դատավոր Աննա Դանիբեկյանն էր գրել դեռ սեպտեմբերի 20-ի իր որոշման մեջ:
Հայկ Ալումյանը մասնավորապես բերեց իրենց փաստարկները, թե ինչու պետք է գրավ կիրառվի Ռոբերտ Քոչարյանի դեպքում:
«Մեջբերեմ Ձեր որոշումից՝ գործի նյութերից երևում է, որ սույն գործի քննության ընթացքում տևական ժամանակ՝ շուրջ 5 ամիս գտնվելով ազատության մեջ, Ռոբերտ Քոչարյանը ներկայացել է վարույթ իրականացնող մարմնի կանչով, մասնակցել է դատավարական գործողություններին և դատական նիստերին, չի կատարել վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու, քննությունից խուսափելուն ուղղված որևէ գործողություն: Ոչ դատախազությունը և ոչ էլ տուժող կողմը դատարանի այս հետևությունը չեն վիճարկել», - նշեց Ալումյանը:
Մեղադրող դատախազները, սակայն, նորից, ինչպես բոլոր դեպքերում, պնդեցին, թե կա ռիսկ, որ Քոչարյանն ազատության մեջ կխոչընդոտի գործի քննությանը, ինչպես նաև կթաքնվի: Դատախազ Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը երկրից դուրս շատ ծանոթներ ունի, շատ կապեր ունի, տևական ժամանակ բնակվել է այնտեղ, և առկա է ռիսկը, որ նա կթաքնվի և կմեկնի: Նա նաև ասաց, թե գործով կան ապացույցներ հիմնավոր կասկածի վերաբերյալ, այսինքն՝ այն, որ Ռոբերտ Քոչարյանը, ով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, մասնավորապես՝ այդ առումով կան հիմնավոր կասկածներ, որ նա այդ արարքը իսկապես կատարել է:
«Մեր հետևությունը հենց ամենասկզբից կասեմ՝ մենք շարունակում ենք պնդել, որ առկա է քննությանը խոչընդոտելու և վարույթ իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկը», - ասաց Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև գործարար Սիլվա Համբարձումյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։
Նախկին նախագահը մեղադրանքը չի ընդունում, նա հայտարարում է, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման։
Հայաստանի երկրորդ նախագահը հունիսի 25-ից կալանքի տակ է: