Մատչելիության հղումներ

Ամուլսարի հարցը Վարչական դատարանում է


Ջերմուկ, Գնդեվազ համայնքների 19 բնակիչներ վարչական դատարան են դիմել՝ պահանջելով պարտավորեցնել Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին ուժը կորցրած ճանաչել Ամուսարի հանքի շահագործման փորձաքննական եզրակացությունը։

Ջերմուկցիների ներկայացուցիչը դատարանում փաստաբան Նազելի Վարդայանն է: Նա չի կիսում վարչապետ Փաշինյանի տեսակետը, թե հանքի չշահագործման համար իրավական հիմքեր չկան․ - «Հանքը չշահագործելու իրավական հիմքեր կան, որովհետև առաջինը, եթե ընկերությունը մեկ տարվա ընթացքում փորձաքննական եզրակացությունը ստանալուց հետո չի սկսում նախատեսվող գործունեությունը, իսկ նախատեսվող գործունեությունը, ըստ փորձաքննական եզրակացության, դա հանքարդյունահանումն է, ապա մեխանիկորեն ուժը կորցնում է փորձաքննական եզրակացությունը: Բացի դա, կան այլ հիմքեր, որով արդեն նախարարը պետք է ուժը կորցրած ճանաչեր: Դա էկոլոգիական նոր գործոններն են»:

Բնապահպանական նոր հանգամանքները ներկայացված են հայցադիմումի հիմքում: Ըստ Նազելի Վարդանյանի, հանքի շահագործման նոր ռիսկեր են բացահայտվել տեսչական ստուգումներով, ապա՝ «Էլարդի» եզրակացությունն էր այն մասին, որ ոչինչ էլ եզրակացնել չեն կարող, քանի որ ուսումնասիությունները թերի են, և վերջինը Շրջակա միջավայրի նախարարության գրությունն է կառավարությանը, որտեղ 13 կետով ներկայացված են ՇՄԱԳ ում տեղ գտած խնդիրները, իսկ վերջում առաջարկում են նոր ստուգումներ սկսել:

Այսօր նախարարության ներկայացուցիչը՝ իրավաբանական վարչության պետ Խաչատուր Խաչատրյանը ավելին չասաց․ - «Մեր դիրքորոշումը այնտեղ ներկայացված է, և գրությունը հանրայնացված է, այսինքն՝ հանրությանը հասանելի է: Այլ մասով, ճիշտն ասած, չեմ կարող ասել»:

Վարչական դատարանը ջերմուկցիների հայցադիմումը վարույթ է ընդունել մեկ տարի առաջ, իսկ այսօր ընդամենը երրորդ նիստն էր: Եվ այն էլ հետաձգվեց, քանի որ պատասխանող կողմը հայտարարեց ՝թե հայցադիմումի լրացված տարբերակին դեռ չեն ծանոթացել։

Գնդեվազի բնակչուհի Թեհմինե Ենոքյանը կարծում է որ մեկ տարում այս մի քանի նիստերը մատնում են դատարանի սպասողական վիճակը. - «Միգուցե մտածում եին, որ մինչև սեպտեմբեր հարցը կլուծվի, և իրենց ուսերին չի մնա վճիռ կայացնելու պատասխանատվությունը: Այդուհանդերձ այդպես չի եղել և այս վարչական գործը, ի հեճուկս կառավարության ներկայացուցիչների, ընթանալու է: Եվ մենք պետք է վճիռ ունենանք՝ ինչպիսին էլ որ դա լինի»:

«Ամուլսարի հանքի շահագործման տարածքում ապրողները պետք է կարողանան ազդել որոշումների վրա», - ասում է Թեհմինե Ենոքյանը՝ այս դատավարությունը համարելով շատ լավ նախադեպ․ - «Սա ազդակիր համայնքի իրավունքն է՝ բողոքարկել ցանկացած որոշում, որը իր հետ է կապված: Եվ մենք օգտվում ենք այդ իրավունքից, նախադեպ ենք ստեղծում վարչական դատարանում, որ էկոլոգիական հարցերով քաղաքացիները կարող են դիմել դատարան»:

Դատական կարճատև նիստին նաև «Լիդիան Արմենիայի» իրավախորհրդատու Սայադ Բադալյանն էր եկել: Նա շեշտեց, թե հանքի շահագործման համար ո՛չ նոր փորձաքննություն է պետք, ո՛չ էլ ստուգումներ․ - «Ոչինչ պետք չէ, բացի ճանապարհները բացելուց և ընկերության բնականոն գործունեությունը վերականգնելուց»:

Մինչդեռ Թեհմինե Ենոքյանը պնդում է, որ հանք տանող ճանապարհը չի բացվելու: 3 պոստերում Ջերմուկ, Կեչուտ ու Գնդեվազ համայնքների բնակիչները հերթապահում են գիշեր-ցերեկ, ֆինանսական հարցերը փորձում են լուծել համերգ-դրամահավաքների միջոցով:

«Հիմնականում պարտքով են առևտուր անում Գնդեվազի խանութից, և խանութի տերը պատրաստ է օգնել: Երբ որ գումար ենք ունենում, պարտքերը փակում ենք», - ասաց Ենոքյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG