Մատչելիության հղումներ

Նազելի Վարդանյան․ «Կարծում էի, որ ավելի իմաստուն որոշում կկայացվի»


Ամուլսարի խնդրին, մասնավորապես՝ այդ կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությանն է անդրադառնում բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը, ով «Ազատության» Ֆեյսբուքյան ասուլիսի հյուրն էր:

Ստորև՝ հատված հաղորդումից․

«Ազատություն»․ - Ձեր հանդիպումից հետո սպասելի՞ էր, որ այսպիսի հայտարարություն կլսեք:

Նազելի Վարդանյան․ - Անձամբ ես չէի մտածում, որ այսպիսի շարունակություն կունենա: Ճիշտն ասած՝ նույն բաները ասվեց, ինչ որ մեր հանդիպման ժամանակ, մեզ համար դա նորություն չէր, բայց քանի որ մենք բավականին շատ հակափաստարկներ ենք բերել, մանավանդ ես, որ ամբողջ օրենսդրությունը ներկայացրել եմ, ու ես հասկացա, որ լրիվ այլ կերպ է մեկնաբանվել և ներկայացվել վարչապետին գործող օրենսդրությունը, և կարծում էի, որ այդ մեր մեկնաբանությունները, մեր հիմնավորումները հաշվի կառնվեն և ավելի իմաստուն որոշում կկայացվի, այլ ոչ թե այսպիսի որոշում, որը անելանելի մի վիճակի առաջ է կանգնեցնում:

«Ազատություն»․ - Օրինակ, Գորայքի և Սարավանի բնակիչները ասում են, որ այս ընկերությունը սոցիալական բարձր պատասխանատվություն ունի: <…> Այս մարդիկ ասում են՝ այդ որոնողական աշխատանքներին մասնակցել են նաև իրենք, և շրջակա միջավայրը ոչ մի բացասական ազդեցություն չի կրել դրանից, և ասում են, որ իրենք պատրաստ են աշխատել, նախ որովհետև աշխատատեղ չկա, իսկ սա լավ հնարավորություն է: Պետությունն ասում է, որ բեկումնային ներդրումներ են լինելու Հայաստանի տնտեսության համար, Հայաստանի վստահությունն է կորում միջազգային ներդրողների համար: Էս փաստերը դնենք մի կո՞ղմ:

Վարդանյան․ - Փաստերը չենք դնում մի կողմ, էստեղ օրենքի հարց է: Մեր օրենքը հստակ ասում է, որ Սևանի ջրհավաք ավազանում արգելված է հանքարդյունահանությունը և թունավոր նյութերի տեղադրումը: Հիմա, Սևանի ջրհավաք ավազանը, Կեչուտի ջրամբարը, Սպանդարյանի ջրամբարը, Որոտանը և Արփա գետը, կոնկրետ օրենքում ասված է՝ արգելված է: Ընդերքի մասին օրենսգրքում հստակ նշված է, որ այնտեղ, որտեղ կան կարմիրգրքային կենդանիներ և բույսեր, արգելված է հանքարդյունահանությունը: Երկու կոնվենցիա կա՝ դա Կենսաբազմազանության մասին կոնվենցիան է և Բեռնի Վայրի բնության պահպանության մասին կոնվենցիան է, որով մենք պարտավորություններ ունենք, և այդ կոնվենցիաների խախտման դեպքում լուրջ սանկցիաներ են նախատեսված, և եթե խոսում ենք միջազգային մակարդակում մեր երկրի հեղինակության մասին, սա հենց ուղղակի վնաս է պատճառելու՝ այս խախտումները, այդ հեղինակությանը:

Եթե խախտումներ եղել են, ու մենք ասում էինք, որ մենք հեղափոխություն ենք արել, որպեսզի անիրավական այդ դաշտից դուրս գանք, ինչո՞ւ ենք մենք շարունակում խախտել էս ամեն ինչը: Իսկ սոցիալականը միշտ երկրորդական է:

Եվ էսօր վարչապետը ասում է, որ ոչ մի գրամ փոշի ոչ մի խոտի վրա չի նստելու, անասնակերը մաքուր է լինելու՝ դա միֆ է:

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ խոսեց Ամուլսարի մասին՝ ընդգծելով, որ շարունակում է մնալ իր կարծիքին:

Վարչապետի խոսքով՝ այժմ իրավական հիմք չունեն «Լիդիան»-ին արգելելու Ամուլսարի հանքը շահագործել: Ընկերությունը վերահաստատել է, որ հանքը շահագործելու են ամենաբարձր մակարդակով և թույլ չեն տալու աղտոտումներ: Փաշինյանը շեշտեց՝ կառավարությունը կարող է ամենօրյա մոնիթորինգ անցկացնել, և հենց որևէ շեղում հայտնաբերի, այդ ժամանակ միայն կարող է զրկել «Լիդիան»-ին լիցենզիայից:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG