«Եթե այսօր ապօրինի ձևով փակենք հանքը, վաղը նույն կերպ ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոց», - այսօր Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հարցին, թե ինչո՞ւ է վարչապետը Ամուլսարի հարցում «պատասխանատվություն ստանձնում նախկին հանցավոր ռեժիմի կողմից տրված լիցենզիայի համար», առանց դրա օրինակությունը քննարկելու:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակադարձեց Բաբաջանյանին՝ հիշեցնելով, թե այն խորհրդարանը, որտեղ պատգամավորն այժմ աշխատում է, ձևավորել է նախկին ռեժիմի կողմից ընդունված Սահմանադրության արդյունքում: Վարչապետը ևս մեկ անգամ վերահաստատեց՝ Ամուլսարի հարցում պետք է լինի իրավական դիրքորոշում՝ առաջնորդվելով ճշմարտությամբ։
«Արդյո՞ք չեք կարծում, որ այդպիսով դեմ եք գնում հեղափոխությամբ այդ նույն հանցավոր ռեժիմին սպասարկող տնտեսական կառուցակարգերը վերացնելու Ձեր իսկ տված խոստումը», - հարցրեց Բաբաջանյանը։
Ի պատասխան Արման Բաբաջանյանի հարցի, վարչապետն ասաց. «Ինչո՞ւ եք, օրինակ, Դուք կիսում նախորդ հանցավոր ռեժիմի քաղաքական պատասխանատվությունը՝ համաձայնելով նրա ընդունած կասկածելի հանրաքվեով Սահմանադրությամբ և Ընտրական օրենսգրքով ձևավորված Ազգային ժողովում լինել պատգամավոր։ Ամուլսարի հանքի հետ կապված կան հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանանք բնապահպանական տեսչության կողմից իրականացվող ստուգումների արդյունքում։ Իմ դիրքորոշումը ինչպես Ամուլսարի, այնպես էլ մնացած բոլոր հարցերում հետևյալն է, որ դիրքորոշումը պետք է լինի իրավական։ Սա շատ կարևոր է, որովհետև մենք խոսում ենք իրավական պետության մասին և եթե որոշ դեպքերում հարցին կա էմոցիոնալ մոտեցում, հարցին կա բնապահպանական մոտեցում, հարցին կա տնտեսական մոտեցում, ես կարծում եմ, որ այդ բոլոր մոտեցումների հանգուցալուծումը պետք է լինի իրավական մոտեցումը։ Ընդհանուր առմամբ իմ դիրքորոշումն այն է, որ ցանկացած դեպքում մենք պետք է հետամուտ լինենք ճշմարտությանը և առաջնորդվենք ճշմարտությամբ՝ առանց կանխավարկածի, թե ինչպիսին պիտի լինի ճշմարտությունը»։
«Ես կարծում եմ, որ չկա որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում, որ կարող է մեզ մեղադրել, որ մեր կառավարությունը ինչպես Ամուլսարի, այնպես էլ որևէ հարցում մինչև վերջ հետամուտ չէ և հետամուտ չի լինելու ճշմարտությանը։ Ինձ համար ճշմարտությունը, Հայաստանի պետական և ազգային շահը եղել է առաջնահերթություն, շարունակում է և շարունակելու է։ Ես համարում եմ, որ Հայաստանի վարչապետի կարգավիճակից բխող միակ դիրքորոշումը, որը կարող է լինել արդարացված և լեգիտիմ, հենց սա է։ Եթե մենք ապօրինի ձևով փակենք հանքը, վաղը ապօրինի ձևով կփակենք լրատվամիջոցը, մյուս օրը ապօրինի ձևով կփակենք արտադրամասը և այդպես ճաշակով։ Էլ չեմ ասում, որ փակելուց հետո կվերցնենք մեզ, իհարկե, մենք չենք պատրաստվում այդ ճանապարհներով գնալ», - ընդգծեց Փաշինյանը։
Անդրադառնալով այն պնդումներին, թե «ԷԼԱՐԴ»-ի ուսումնասիրության վրա պետական բյուջեից 400 հազար դոլար ծախսելն անարդյունավետ էր, Փաշինյանը շեշտեց՝ հենց իր մատնանշած ճշմարտության բացահայտման նպատակով են նաև այս քայլին գնացել:
«Հարցը հնչում է՝ ի՞նչ իմաստ ուներ «ԷԼԱՐԴ»-ին 400 հազար դոլար վճարելը, որպեսզի այլն, և այլն, պատասխանը մեկն է՝ ինչ ասեցի պարոն Բաբաջանյանի հարցին ի պատասխան, որ մենք գնալու ենք ճշմարտության հետևից մինչև վերջ և ճշմարտությունը պարզելը, այո, մեր առաքելությունն է։ Բոլորս գիտենք, որ ճշմարտությունը պարզելու համար կան տարբեր մեթոդներ, մեթոդներից մեկը բացառման մեթոդն է, որը ենթադրում է, որ այդ ճշմարտության հետևից գնում են, օրինակ, մտավախությունը բացառելու համար, բայց կարող է հաստատվի այդ մտավախությունը, կարող է բացառվի։ Եթե պարզվի, որ այդ մտավախությունը իրականում չկա վերջնարդյունքում, չի նշանակում, թե բացառման մեթոդով աշխատանքը անիմաստ է», - ընդգծեց Փաշինյանը։
Փաշինյանը ևս մեկ անգամ անդրադարձավ այն խնդրին, որ Ամուլսարի հարցում բնապահպանները իրավացիորեն մի շարք հարցեր են բարձրացնում, խոսում են աղետի մասին, բայց Հայաստանում գործող մյուս հանքերի դեպքում որևէ հարց չի բարձրացվել:
«Եթե աղետի մասին ենք խոսում, ուրեմն այդ աղետը վաղուց տեղի է ունեցել, մեզ վրա ուղղակի խաբար չկա կամ մեզ չեն ասում, որ տրամադրություններս չընկնի», - ասաց վարչապետը։