Մատչելիության հղումներ

Ամուլսարի հարցում վարչապետը չփոխեց դիրքորոշումը․ բանավեճ «Ազատության» տաղավարում


Ամուլսարի հարցում վարչապետը չփոխեց դիրքորոշումը: Նիկոլ Փաշինյանը կոչ է անում բացել հանք տանող ճանապարհները՝ պնդելով, որ չկան իրավական հիմքեր հանքի շահագործումն արգելելու համար: Նա նաև նշել է, որ թեև Հայաստանում գործող այլ հանքեր բնությանը լուրջ վնասներ են պատճառում, բնապահպանները միայն Ամուլսարի վրա են սևեռվել: Իսկ ակտիվիստները կարծես նահանջել չեն պատրաստվում:

Հարցը «Ազատության» տաղավարում քննարկում են Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը, բնապահպանության նախկին նախարար Սարգիս Շահազիզյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը և էկոլոգիական իրավունքի մասնագետ, ջերմուկցի Նազելի Վարդանյանը:

Ստորև՝ հատված «Ազատության» «Ըստ էության» հաղորդումից․

«Ազատություն»․ - Պարոն Գևորգյան, Դուք էլ եք ժամանակին ասել, որ մյուս հանքերում շատ վատ վիճակ է: Բա հիմա պետության պարտավորությունը չէ՞ր՝ գնալ, մտնել և էդ ստուգումներն անցկացնել և ոչ թե ասել՝ էնտեղ որ վատ է, ուրեմն բերեք էստեղ էլ․․․

«Ազատություն»․ - Եվ ասել, որ քաղաքացիական հասարակությունը չի խոսում այդ մասին: Ինչո՞ւ չեք խոսում: Արդյո՞ք դա պետության պարտականությունը չէ՝ ստուգումները անել:

Սարգիս Շահազիզյան․ - Էդ ստուգումները վայրկյանական չի լինում, ժամանակ է պետք դրա համար: Պետք է արվի, իհարկե պետք է արվի:

Հայկ Գևորգյան․ - Միանշանակ պիտի ստուգվեն, ուղղակի մենք գիտենք, որ եթե գնում ենք ստուգում ենք էդ հանքերը, ուրեմն՝ պիտի փակենք: Եթե փակում ենք, Հայաստանը հայտնվում է անհասկանալի վիճակում: Շատ վատ վիճակ է ստեղծվում՝ էդպես ասենք:

Շահազիզյան․ - Եկեք էդ ամեն ինչը էդքան չծայրահեղացնենք: Էդ հանքերից կարելի է վերցնել համապատասխան տույժեր ու տուգանքներ, լցնել մեր բյուջեն և նրանց ստիպել, որ իրենց բնապահպանական խնդիրները բերեն նորմաների:

Գևորգյան․ - Ու մի քանի էդպիսի տուգանքներ եղել են, դրանից հետո էլ են լինելու, ու ինձ համար շատ բան է, էլի՝ ինչո՞ւ են սևեռվել հենց կոնկրետ մենակ Ամուլսարի վրա: Այ հենց էդ հարցը իմ համար ամենակարևորն է:

Նազելի Վարդանյան․ - Նրանք, ինչի մասին որ խոսք է գնում, դրանք հանք են, Ամուլսարը հանք չի և չի էլ դառնալու հանք: Դա՝ մեկ, ու հավասարության նշան մի դրեք: Այսինքն՝ մեկ աղետ նորից չենք ուզում ավելանա, որովհետև արդեն շատ է: Էդ նույնն է, որ բոլոր օրգաններդ հանել են, մնացել է սիրտը, ասում եք՝ սիրտն էլ տվեք, ու վերջանա:

Ինչո՞ւ մենք Քաջարանում չենք բան անում, կամ մյուս հանքերում, ուրեմն՝ ես 2006 թվականից Թեղուտի պայքար եմ տարել, ես բոլոր հանքերի վերաբերյալ ունեմ իրավական կարծիք գրած, ես, հանդիսանալով վարչապետի ստեղծած աշխատանքային խմբի անդամ, Ամուլսարից հետո պետք է մտնեինք Քաջարան, և մեզ արգելվել է, այսինքն՝ կասեցվել է մեր գործունեությունը առանց որևէ փաստաթղթի, և մեզ թույլ չեն տալիս, որ մենք Քաջարանում որևէ ուսումնասիրություն անենք, իսկ տեսչության չորս ամսվա աշխատանքը փաստորեն ջրվեց միայն նրա համար, որ ղեկավարին հանեցին, և էդ աշխատանքի արդյունքը տենց էլ մենք չտեսանք:

Միքայել Նահապետյան․ - Պարզապես ուրախ եմ, որ «նախկինում բա ինչի՞ չէիք խոսում» տեքստը ասելիս վարչապետը թիկունքով էր կանգնած Լենա Նազարյանին և չէր նայում նրա աչքերի մեջ:

Գևորգյան․ - Գիտե՞ք, էս ամբողջ քննարկումները իմ մոտ դեժավյու են առաջացնում՝ սրանից ուղիղ 30 տարի առաջ ահա այսպիսի շատ, շատ համոզիչ տեքստերով փակվեց ատոմակայանը, դադարեցվեց Եղվարդի ջրամբարի շինարարությունը, դրա արդյունքում ծառեր կտրվեցին, դրա արդյունքում Սևանից հիմա ամեն տարի 50 միլիոն խմ ջուր ենք հանում:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

XS
SM
MD
LG