Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիներն այսօր վաղ առավոտից Ջերմուկում սկսել են գործադուլեր ու դասադուլեր։
«Երբ հիմա այս պահին ջերմուկցիները դուրս են եկել փողոց ու դասադուլեր, գործադուլեր, երթեր են անում, դա նրանից է, որ այսքան տարի իրենց ձայնը լսելի չի եղել: Ու էսքան տարիներ լիքը մասնագետներ՝ և՛ տեղացի, և՛ միջազգային բարձր հեղինակություն ունեցող, միշտ ասել են, որ հանքը շատ ռիսկեր ունի, ու էդ բոլոր փաստերը անտեսվել են էս պահին: Ե՚վ մասնագետների կարծիքը, և՛ համայնքի կարծիքը, և՛ ընդհանրապես բնակչության կարծիքը: Ու հիմա արդեն այս գործողությունները, երթերը ուղղակի նրա համար են, որպեսզի բարձրաձայնվի խախտված իրավունքները, որպեսզի մեր ձայնը լսելի դառնա, որովհետև ուրիշ ձևով անտեսվում է այն», - ասաց բնապահպան Անի Խաչատրյանը:
Այսօր երեկոյան մայրաքաղաքում սպասվում է երթ, իսկ մինչ այդ քաղաքի տարբեր հատվածներում միջոցառումներ են կազմակերպվել։
Մեկնարկը տրվեց Մաշտոցի պուրակից:
«Խոսելու ենք Հայաստանի բնապահպանական ընդհանուր խնդիրների մասին, գլոբալ կլիմայական կոնտեքստում ինչ սպառնալիքներ ունի Հայաստանը, և մարդածին գործունեության արդյունքում ինչ խնդիրներ արդեն ունենք», - ներկայացրեց բնապահպան Աննա Շահնազարյանը:
Բնապահպաններն ասում են, որ ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև կառավարությունը արգելի հանքի շահագործումը․ - «Ամեն ինչը շարունակվելու է այնքան, մինչև հաղթենք, մինչև Ամուլսարի ծրագիրը վերջնականապես փակվի, մինչև ուժը կորցրած լինի ճանաչվի դրական եզրակացությունը» (Անի Խաչատրյան):
Մինչդեռ Հայաստանի վարչապետը բոլոր շահագրգիռ կողմերին, միջազգային փորձագետներին լսելուց և կողմերի հետ մի քանի քննարկում անցկացնելու հետո հայտարարեց, որ Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում չկա և իշխանությունը չի պատրաստվում որևէ ապօրինի քայլ կատարել Ամուլսարի հարցում:
Բրիտանամերիկյան ընկերությունն էլ իր հերթին խոստանում է՝ ոսկու հանքը շահագործելիս կիրառելու է նորագույն տեխնոլոգիաներ, ինչի շնորհիվ շրջակա համայնքները բացասական հետևանքներ չեն կրի, ջուրը և հողը չեն աղտոտվի, առողջարանային Ջերմուկի վրա փոշի չի տարածվի։
Վարչապետը նաև խնդրել է բացել հանք տանող ճանապարհները, որոնք փակ են արդեն մեկ տարուց ավելի՝ վստահեցնելով, որ եթե ճանապարհ փակելու լեգիտիմ կարիք առաջանա, կառավարությունը իր լծակներով, օրենքով իրեն վերապահված լիազորություններով կփակի այդ ճանապարհը:
Ամուլսարի հանքի շահագործման հարցն այժմ Բնապահպանական տեսչության ու Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի տիրույթում է: Նիկոլ Փաշինյանը նոր ստուգումների հանձնարարական է ուղարկել տեսչություն: