Մատչելիության հղումներ

Մոսկվայում անցկացվեց բողոքի հանրահավաք ի պաշտպանություն քաղբանտարկյալների


Ռուսաստան - Բողոքի հանրահավաքը Մոսկվայում, 29-ը սեպտեմբերի, 2019թ․
Ռուսաստան - Բողոքի հանրահավաքը Մոսկվայում, 29-ը սեպտեմբերի, 2019թ․

Երեկ Մոսկվայում՝ Սախարովի պողոտայում, անցկացվեց ընդդիմության արտոնված բողոքի հավաքը ի պաշտպանություն քաղբանտարկյալների: Ոստիկանության տվյալներով՝ հավաքին մասնակցում էր շուրջ 20 հազար մարդ, «Սպիտակ հաշվիչ» կամավորների կազմակերպության տվյալներով՝ 25 հազար: Բողոքի հավաքի հայտը ներկայացրել էր Ազատական կուսակցությունը:

Հանրահավաքը տևեց երկու ժամ: Ելույթներ ունեցան Ալեքսեյ Նավալնին, Ազատական կուսակցության ղեկավար Միխայիլ Սվետլովը, հեռուստալրագրող Տատյան Լազարևան, լրագրող Իլյա Ազարը, Մոսկվայի դումայի սեպտեմբերի 8-ի ընտրություններին չգրանցված թեկնածուներ Լյուբով Սոբոլը, Իվան Ժդանովը, Յուլիա Գալյամինան:

Նավալնին հայտարարեց, որ ընդդիմության առաջիկա օրակարգում պայքարն է քաղբանտարկյալների ազատության համար:

«Յաբլոկո» և Կոմունիստական կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք դարձել են Մոսկվայի դումայի պատգամավորներ, հայտարարեցին, որ պարբերաբար Մոսդումայի օրակարգ են բերելու «Մոսկովյան գործի» չեղարկման հարցը:

«Մոսկովյան գործը» հարուցվել է հուլիսի 27-ին և օգոստոսի 3-ին Ռուսաստանի մայրաքաղաքում կայացած՝ ընդդիմության չարտոնված բողոքի ակցիաների մասնակիցների դեմ: Այդ օրերին հազարավոր մարդկանց բերման են ենթարկել, տասնյակից ավելի երիտասարդների դեմ քրեական գործեր են հարուցվել: Հինգ երիտասարդներ՝ Պավել Ուստինովը, Եվգենի Կովալենկոն, Կիրիլ Ժուկովը, Իվան Պոդկոպաևը և Դանիլ Բեգլեցը, արդեն դատապարտվել են 2-ից մինչև 4 տարվա ազատազրկման: Իշխանությունները, սակայն, հանրության ճնշման տակ ստիպված են եղել վերանայել դատավճիռները:

Ընդդիմությունը հայտարարում է, որ ճնշումը շարունակվելու է, քանի դեռ ազատության մեջ չեն բոլոր քաղբանտարկյալները և չի կարճվել «Մոսկովյան գործը»:

Ի դեպ, անցած ընտրությունների արդյունքում, չնայած Մոսկվայի ընտրական հանձնաժողովը չէր գրանցել ընդդիմության գրեթե բոլոր թեկնածուներին, Մոսդումայի պատգամավորների մեկ երրորդից ավելին ընդդիմության՝ կոմունիստների և «Յաբլոկո» կուսակցության ներկայացուցիչներն են: Նավալնին ընտրություններից հետո հայտարարել էր, որ իր «Խելացի ընտրություն» ռազմավարությունն այսպիսով հաղթել է:

XS
SM
MD
LG