Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի հանցագործության հետքերը մաքրելու գործընթացը բացահայտված է՝ սա արդեն բերում է նոր հանգրվանի․ Զուրաբյան


Մարտի 1-ի գործով մեղադրյալների թիվն անցած շաբաթ ավելացավ մեկով՝ մեղադրանք առաջադրվեց Հայաստանի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին:

Երեքշաբթի առավոտյան էլ իր առանձնատանը մահացած հայտնաբերվեց 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Հայկ Հարությունյանը: Իրավապահները որպես նախնական վարկած առաջ քաշեցին ինքնասպանությունը:

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Ստորև՝ հատված հարցազրույցից․

Լևոն Զուրաբյան․ - Իրականում էս բանդայի, մաֆիայի ամբողջ հույսը առաջին հերթին եղել է կապված նրա հետ, որ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիությունը կօգտագործվի գործը փակելու նպատակով: Որովհետև եթե Սահմանադրական դատարանի ավանտյուրան հաջողվեր, դրանից հետո դատավորը, օրինակի համար, համարեր, որ Սահմանադրական դատարանի որոշումը նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանին չեն կարող քրեական հետապնդման ենթարկել և չեն կարող կալանավորել, որովհետև անձեռնմխելիության սկզբունքը տարածվում է նրան մեղսագրվող գործողությունների վրա, դա կլիներ էս գործի վերջը՝ Մարտի 1-ի գործը կփակվեր: Հիմա, դա չանցավ: Սա անկյունաքարային զարգացում էր, սա գլխավոր պարտությունն էր էս ամբողջ մաֆիայի՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, սա արդեն շատ լուրջ առաջընթաց է, որովհետև հիմա բոլորին պարզ է դառնում, որ քրեական հետապնդումը շարունակվելու է, քննությունը շարունակվելու է:

Հիմա նոր բացահայտում եղավ՝ այս խնդիրների հետ կապված, և մենք մեր հայտարարության մեջ նշում ենք, որ նման լայնածավալ կեղծման գործընթաց՝ փաստաթղթերի և ապացույցների, չէր կարող լինել, և խաղաղ ցուցարարների ցրման գործընթաց չէր կարող լինել, եթե առաջին դեմքերի կողմից ոստիկանությունը․․․

«Ազատություն»․ - Դուք մարտի 1-ի առավո՞տը նկատի ունեք, թե՞ երեկոն:

Զուրաբյան․ - Առավոտն էլ, երեկոն էլ, հետո էլ․․․ եթե չստանային երաշխիքներ անպատժելիության վերաբերյալ: Այսինքն՝ առաջին դեմքերից՝ Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից, այս մարդիկ, Ոստիկանությունը, քննիչները, Դատախազությունը, ստացել են երաշխիքներ, որ կարելի է այս ամեն ինչը անպատիժ անել: Եվ, անկեղծ ասած, Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը տեր են կանգնել իրենց տված երաշխիքներին, և այս փաստաթղթերի ոչնչացման գործընթացը հենց դա է ցույց տալիս:

Հիմա, երբ որ անձեռնմխելիության հարցը լուծվեց, երբ որ արդեն պարզ է, որ այս գործը չի փակվում՝ մեկ, երկրորդը՝ այդ հանցագործության հետքերը մաքրելու գործընթացը լրիվ բացահայտված է, սա արդեն բերում է մի նոր հանգրվանի, երբ որ բանդայի անդամները սկսում են հասկանալ, որ իրենց այդ լռությունը այլևս իրենց օգուտ չի բերի:

«Ազատություն»․ - Այսինքն՝ Դուք այդպիսի փուլ եք կանխատեսում այժմ:

Զուրաբյան․ - Ես կանխատեսում եմ, որ սա հանգրվաններ են, որ Մարտի 1-ի գործը պիտի անցնի և հիմա շատ հաջող անցնում է, որը ի վերջո կբերի արդեն մի իրավիճակի, երբ որ գործերը շատ հեշտ են բացվելու: Ես չգիտեմ՝ մենք հիմա արդեն գտնվում ե՞նք էդ պահին․․․

«Ազատություն»․ - Այսինքն՝ հիմա կսկսեն բարձրաստիճանները միմյանց դեմ ցուցմունքնե՞ր տալ, Ձեր ասածը դա՞ է, պարոն Զուրաբյան:

Զուրաբյան․ - Իհարկե կսկսեն: Ասում եմ՝ մինչև հիմա իրենց պահում էր մի քանի հանգամանք, ու առաջինը դա անձեռնմխելիության սկզբունքի՝ իրենց կողմից ենթադրյալ կիրառումն է, որ կարող է դա կիրառվի, և արդեն Մարտի 1-ի գործը կփակվի, ինչի վրա հույսը բոլորը դրել էին:


«Կիրակնօրյա վերլուծական» հաղորդաշարի սեպտեմբերի 29-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG