«Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ տեղի ունեցածը պետք է դաս լինի իշխանությունների համար», - «Ազատության» հետ զրույցում նշեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ ընդգծելով՝ պետությունը պետք է ապահովի Մարտի 1-ի գործով առանցքային վկաների անվտանգությունը:
Հայկ Հարությունյանն, ով Մարտի 1-ի արյունալի իրադարձությունների ժամանակ զբաղեցնում էր Ոստիկանության ղեկավարի պաշտոնը, ըստ Մարուքյանի, կարևոր դերակատարություն է ունեցել այդ օրերին։ Նա, իհարկե, նախաքննության ընթացքում արդեն ցուցմունք տվել էր Մարտի 1-ի գործով, որը նաև հրապարակվել էր մամուլում, սակայն առավել կարևոր էր, թե դատարանում ի՞նչ էր ասելու Հայկ Հարությունյանը, հաստատելո՞ւ էր իր ցուցմունքը, թե՞ հակառակը՝ հրաժարվելու էր իր ասածներից, գուցե նոր հայտարարություններ էր անելու:
«Այս առումով շատ բազմաթիվ վարկածներ կարծում եմ հենց հիմա նախաքննության մարմինը քննարկում է՝ թե՛ ինքնասպանություն, թե՛ ինքնասպանության դրդել, թե՛ սպանության վարկած է, որը ինքնասպանություն կարող է ներկայացվել, և այս առումով ես կարծում եմ մենք հիմա կարող ենք ունենալ օբյեկտիվ համակողմանի քննություն, ես հավատում եմ հիմա այս քննությանը: Բայց սա պետք է նաև դաս լինի հիմա, որ մյուս կարևոր վկաների հետ կապված պետությունը Քրեական դատավորության օրենսգրքով սահմանված կարգով կարող է պաշտպանության միջոցներ կիրառել», - ասաց Մարուքյանը։
«Ազատության» հարցին՝ տեսնո՞ւմ է դրա անհրաժեշտությունը, Մարուքյանը պատասխանեց. «Այո, ես այդ անհրաժեշտությունը տեսնում եմ։ Ըստ էության, 800-ից ավելի վկաներ կան կոնկրետ այս գործով, բայց նախաքննությունը գիտի՝ որ վկաների վրա է մեղադրանքը կառուցված»։
Դիտարկմանը, որ Քոչարյանը դատավարության ընթացքում հենց Հայկ Հարությունյանի անունը տվեց՝ ասելով, որ այդ օրերին չորս մարդու հետ է շփվել, որոնցից մեկը եղել է Հայկ Հարությունյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Չէր կարող չշփվել Հայկ Հարությունյանի հետ, որովհետև ցույցերի ժամանակ ոստիկանության դերակատարումը շատ մեծ է եղել։ Տեսեք՝ պաշտպանության նախարարը երկրում չի, Ռուսաստանում է և չի պատրաստվում գալ և Ռուսաստանն էլ չի տալիս մեզ, ոստիկանապետը ում հետ որ շփվել է, ինքնասպան եղավ կամ կտեսնենք ինչ եղավ, այսինքն՝ դժվար չի չէ՞ էն մյուս մի քանի հոգուն՝ երկու հոգի են, թե քանի հոգի են, առավել կարևոր կամ նվազ կարևոր վկաների պաշտպանության մասով համապատասխան գործողություններ կիրառել, որը օրենքով սահմանված կարգով կա»։
«Տվյալներ կան, որ Վանեցյանի հրաժարականից հետո մարդիկ են շատ արագ գնացել երկրից»
Անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնից Արթուր Վանեցյանի և ոստիկանապետի պաշտոնից Վալերի Օսիպյանի հրաժարականներին, ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն ընդգծում է, այս պաշտոնանկություններից հետո նախկին իշխանության ներկայացուցիչները խիստ անհանգստացած են: Շատերը հասկանում են, որ հենց «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած օրենսդրական փոփոխության միջոցով, որն արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենա հենց իր քաղաքական թիմից որևէ մեկին նշանակել ոստիկանապետի պաշտոնում, ով արդեն լրջորեն կզբաղվի կոռուպցիոներներով։
Հիշեցնենք, «Լուսավոր Հայաստանի» առաջարկած օրենսդրական փոփոխության շնորհիվ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնները դառնում են քաղաքական, դա նշանակում է, որ այդ պաշտոններում կարող է նշանակվել 25 տարին լրացած, վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
«Այն վայնասունը, այն հարձակումները, որ մեր վրա սկսվեց հանրապետականների կողմից, նախկին ռեժիմի ամբողջ, սկսեց ապացուցել և խոսել նրա մասին, որ իրանք երբ որ ասում էին՝ «Նիկոլը ասել ա չէ՞, որ մենք թալանչի ենք, բա խի՞ չենք մենք կալանավորված, բա ինչի՞ չեք մեզ կալանավորում», պատկերացնո՞ւմ եք՝ հանրապետականները բողոքում էին և դեռ շարունակում էին բողոքել, բայց ոնց որ էլ չեն բողոքում՝ ոնց որ հասկացան, որ կարող ա հեսա իրանց կալանավորեն, բողոքում էին, որ «բա մենք թալանչի ենք, ինչի՞ չես մեզ կալանավորում, ուրեմն սուտ ես դու ասում, ուրեմն սուտ Նիկոլն ես դու», այսինքն՝ դուրս է գալիս, որ իրանք բողոքում են, որ իրանց չեն կալանավորել, և երբ որ այս օրենքը ներկայացվեց, երբ որ ազատվեցին այս պաշտոնյաները, ինչի՞ են հարվածում․ արդեն իրանք սկսեցին բացահայտել՝ ուրեմն իրենց ավելի ապահով են զգացել այդ պայմաններում», - ասաց Մարուքյանը։
«Ազատության» այն դիտարկմանը, որ այսինքն՝ գործող համակարգի նշանակած պաշտոնյաների առկայության դեպքում նախկին իշխանությունն ավելի իրեն ապահով է զգացել և հիմա անհանգստացած է, Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «Միանշանակ, և իրենք դրա մասին ամենօրյա ռեժիմով ցուցմունքներ են տալիս։ Անհանգստացած են, օրինակ՝ կարող է քաղաքական թիմից որևէ մեկը դառնա ոստիկանապետ և ավելի հետևողական զբաղվի իրենցով, քան որ հիմա զբաղվում էր էդ համակարգի տարբեր ներկայացուցիչներ։ Ես փաստ չունեմ հիմա, որ ասեմ՝ այ Վանեցյանը էսինչին պետք է բռներ, չի բռնել, կամ Օսիպյանը, բայց էն վայնասունը, որ իրանք դրել են ի պաշտպանություն Վանեցյանի և Օսիպյանի, իրենց ծախում են էսպես ասած։ Հիմա բա ինչի՞ եք խառնվել իրար։ Անգամ հիմա տվյալներ կան, որ մարդիկ են երկրից գնացել շատ արագ այդ հրաժարականներից կամ ազատումներից հետո»։
Էդմոն Մարուքյանի փոխանցմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի վերջո պետք է բաց և թափանցիկ բացատրի՝ ինչո՞ւ պաշտոնից հեռացրեց Արթուր Վանեցյանին, եթե նա հովանավորել է կոռումպացվածներին, ապա պետք է հանրությանն ասել այդ մասին։ Ի դեպ, Մարուքյանի համոզմամբ, հեղափոխության հաշվին ու նաև հենց Փաշինյանի օգնությամբ Վանեցյանը մեծ ռեյտինգ է կուտակել, որն այժմ օգտագործում է այդ նույն հեղափոխության դեմ: Ընդ որում, հրաժարականից հետո Վանեցյանը շարունակում է այդ ռեյտինգը կուտակել ֆուտբոլի հաշվին։
«Երբ որ վարչապետը ամեն հարցով դիմում էր ԱԱԾ-ին մենք ենք քննադատել վարչապետին, որ ԱԱԾ-ն չի կարող ամեն հարցով զբաղվել և չպետք է զբաղվի, չի կարելի այդքան դերակատարում տալ այդ մարմնին, և այսօր իրենք իրենց թույլ տված սխալների արդյունքում են տուժում։ Ես ասեմ՝ նաև ֆուտբոլն է այստեղ կապիտալիզացվում», - նշեց Մարուքյանը։
«Ազատության» հարցին, թե դա էլ է օգնո՞ւմ ռեյտինգին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն արձագանքեց. «Միանշանակ։ Հիմա Էդմոն Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագա՞հ, թե՞ Էդմոն Մարուքյան նաև Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, դա ազդեցության տարածքներ ա, և ես կարծում եմ՝ չէր կարելի անվտանգության ղեկավարին տալ նման մարմին ղեկավարելու հնարավորություն, դրանք անհամատեղելի են»։