Ըստ ՀՔԾ-ի, 2008-ին նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, այն ժամանակ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանի և ոստիկանապետի տեղակալ Գևորգ Մհերյանի դրդմամբ, կեղծել է մարտի 1-2-ի իրադարձությունների փաստերը:
«Այս բացահայտումները վկայում են, որ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք շարունակվել է Մարտի 1-ի 2-րդ փուլը», - ասում է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը․ - «Գոյություն է ունեցել մի հատ մաֆիա, մի հատ բանդա, մի հատ հանցագործների խումբ, որը համակարգված, կազմակերպված, պետական բոլոր միջոցները օգտագործելով, կազմակերպել է Մարտի 1-ի ոճրագործության պարտակումը: Երկու իշխանությունների պետական համակարգերն էլ, իրենց ամբողջ հզորությամբ, ամբողջ ապարատով, բոլոր ինստիտուտներով, կազմակերպված հանցագործություն են կատարել և հանցագործություն են պարտակել: Այստեղ մեկը մյուսից առանձնացնել պետք չէ: Հայ ազգային կոնգրեսը տասը տարի է արդեն խոսում է այս թեմայից, մենք շահագրգռված ենք Մարտի 1-ի բացահայտման համար, որովհետև այն անարդարությունը, որ մատուցվել է ժողովրդին, մենք դրա մասնակիցն ենք եղել, մենք դրա տուժողն ենք եղել: Եվ ամբողջ հայ ժողովուրդն է եղել դրա տուժողը»:
Ըստ ՀՔԾ-ի տվյալների, 2008-ի մայիսին Գևորգ Կոստանյանի և Գևորգ Մհերյանի հանձնարարությամբ Ալիկ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել, մասնակիցներին ներկայացրել են այդ իրադարձությունների վերաբերյալ հարցաշար, պահանջել են հետին ամսաթվերով կազմել և պաշտոնական շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կողմից կատարված գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:
Արամ Մանուկյանի խոսքով՝ թեև իրենք մշտապես բարձրաձայնել են փաստերը կեղծելու մասին, սակայն անգամ իրենց համար այս մասշտաբներն անսպասելի էին:
Նա հիշեցնում է, որ 2016-ին է Մարտի 1-ի զոհերի ծնողների հետ հանդիպել այն ժամանակ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին, որը խոստացել էր սայլը տեղից շարժել․ - «Գևորգ Կոստանյանը տղամարդու խոսք տվեց զոհվածների հարազատներին և մեզ, որ, բառացի եմ ասում՝ սայլը տեղից շարժվելու է, որ նոր փուլ ենք մտել, Մարտի 1-ի սպանությունները կբացահայտվեն, ինքը պատվով խոսք է տալիս, որ Մարտի 1-ի գործը բացահայտելու է: Եվ հիմա համեմատում եմ երկու օր առաջվա ՀՔԾ-ի հայտարարությունը և այն հայտարարությունը ու շվարում, որ ո՞նց կարելի է այդքան լինել ամբարտավան, սուտասան»:
ՀՔԾ-ն հայտնել էր նաև, որ ոստիկանության մի խումբ ծառայողներ հետին ամսաթվով՝ 2008 թվականի փետրվարի 29-ի թվագրմամբ, կազմել, ստորագրել և շրջանառության մեջ են դրել ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթղթեր այն մասին, որ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ստացվել են տեղեկություններ Ազատության հրապարակում նստացույցին մասնակցող անձանց մոտ զենք, զինամթերք, պայթուցիկ սարքեր կան:
«Եվ մեր արդար պայքարը, որ օրեր շարունակ խաղաղ, առանց բռնության կոչի, երգով, պարով, հրապարակը մաքրելով, լավատեսությամբ մենք սպասում էինք Սահմանադրական դատարանի վճռին, որ արդար վճիռ լինի, որևէ զենք, որևէ բռնություն, որևէ դեպք, հետագայում նաև որևէ քրեական գործ չի հարուցվել զենք ունենալու վերաբերյալ: Բայց մեր դեմ աշխատել է մի պետական ապարատ՝ տասը տարի անընդհատ խաբելով և՛ Ազգային ժողովի հանձնաժողովին, և՛ Քննչական ծառայությանը, և՛ միջազգային կառույցներին, և՛ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարին, բոլորին խաբել են: Ես կրկին եմ ուզում հիշեցնել իմ հայտարարությունները բազմաթիվ անգամ խորհրդարանում և դրսում, որ իրենք հիմնավորել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որ սպանությունները տեղի են ունեցել ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով: Այսինքն իրենք հիմնավորել են սպանությունները, սա խոստովանություն է սպանությունների համար, պետական հանցագործության համար», - ասաց Մանուկյանը:
Մարտի 1-ի գործի բացահայտման տեմպից Արամ Մանուկյանը դժգոհ չէ, միայն մտահոգված է, որ գործում նոր անուններ հիշատակվում են այն ժամանակ, երբ նրանք արդեն լքել են երկիրը: Գևորգ Կոստանյանն էլ հեղափոխությունից հետո տեղափոխվել է Մոսկվա:
ՀՔԾ-ի հաղորդագրությունում մի քանի անգամ հիշատակվել է Կոստանյանի անունը, սակայն իրավապահները գործում նրա կարգավիճակը դեռ չեն հստակեցնում․ - «Այսօր Մարտի 1-ի գործով ավելի շատ մարդ դրսում կա, քան ներսում: Իհարկե սա մտահոգվելու խնդիր է: Եվ ակնհայտ է, որ նրանք իմացել են, որ պիտի արդարադատության առաջ կանգնեն, և փախել են»:
Ըստ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի, բացահայտված իրողությունները ծանրակշիռ լրացուցիչ իրավական հիմք են ստեղծում Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների դատական վճիռների վերանայման և ամբողջական արդարացման համար: