Մատչելիության հղումներ

Քոչարյանը կմնա կալանքի տակ. դատարանը հրապարակեց որոշումը


Դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակում է որոշումը, Երևան, 17-ը սեպտեմբերի, 2019թ․
Դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակում է որոշումը, Երևան, 17-ը սեպտեմբերի, 2019թ․

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը երկրորդ անգամ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ նույն հարցի շուրջ որոշում կայացնելու՝ կալանքից ազատ արձակելու Մարտի 1-ի գործով ամբաստանյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, թե՝ ոչ։

Դատավորը որոշումը կհրապարակի սեպտեմբերի 20-ին։

Դանիբեկյանն այսօր ավելի վաղ նույն այս հարցի վերաբերյալ մերժման որոշում կայացրեց՝ կալանքի տակ թողնելով նախկին նախագահին։ Որոշումը հրապարակելուց հետո փաստաբանները անմիջապես միջնորդեցին նախկին նախագահին ազատ արձակել գրավի կամ էլ չհեռանալու ստորագրության դիմաց:

Գրավի չափը թողեցին դատավորի հայեցողությանը:

Երբ դատավորը հարցրեց Քոչարյանին՝ որքան գումար է պատրաստ վճարել, երկրորդ նախագահն ասաց՝ չափ չի կարող ասել, իր և ընտանիքի անդամների գումարները սառեցված են, և անհրաժեշտության դեպքում ստիպված կլինի գումար վերցնել ուրիշներից։

«Ինչ վերաբերում է գրավին՝ միանում եմ փաստաբանների ասածին: Եթե Դուք ապասառեցնեք իմ հաշիվները՝ դա մեկ այլ վիճակ է, եթե չեք ապասառեցնում՝ մեկ ուրիշ իրավիճակ է», ֊ նշեց նախկին նախագահը:

Քոչարյանի փաստաբանները, ներկայացնելով նրան կալանքից ազատ արձակելու հիմքերը, հայտարարեցին՝ այս ընթացքում չի ներկայացվել գեթ մեկ ապացույց, որ ազատության մեջ իրենց պաշտպանյալը կազդի գործով անցնող անձանց վրա կամ էլ կխոչընդոտի գործի քննությանը։ Փաստաբան Հայկ Ալումյանը պնդեց` չկա որևէ ողջամիտ պատճառ կանխատեսելու, որ Քոչարյանը կարող է թաքնվել կամ խոչընդոտել նախաքննությունը։ Նա 5 ամիս մնացել է ազատության մեջ և որևէ նման դեպք չի արձանագրվել։

Փաստաբան Հայկ Ալումյանը, դիմելով դատավորին, նաև հայտարարեց՝ դատավորի այսօրվա որոշման պատճառ է դարձել բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունը Սահմանադրական դատարանի հասցեին։ Փաստաբանը նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գնահատականները՝ ուղղված առհասարակ ՍԴ գործունեությանն ու Քոչարյանի դիմումի վերաբերյալ Բարձր դատարանի որոշմանը․ ֊ «Քիչ առաջ դատարանի կողմից կայացված որոշումը, որոշման պատճառ է հանդիսացել երեկ հանրապետության բարձրագույն պաշտոնատար անձանց կողմից կատարված հայտարարությունները և ուղիղ սպառնալիքները Սահմանադրական դատարանի հասցեին, բայց դրանք լինելով սպառնալիք Սահմանադրական դատարանի հասցեին՝ իրենց էությամբ նաև դատարանին ուղղորդող հայտարարություններ էին, որովհետև այդ պաշտոնատար անձինք հանդգնեցին ասել, որ Սահմանադրական դատարանի որոշումը ապօրինի է, անօրինական է: Դրանով իսկ դատարանին, հենց մասնավորապես Ձեզ, հարգելի դատավոր՝ անհատ որպես, իրենք ուղարկեցին հստակ կողմնորոշիչ մեսիջ՝ ասելով, որ եթե Սահմանադրական դատարանի, իրենց որակմամբ, որոշումը ապօրինի է, ապա իրենք ապօրինի կհամարեն նաև էդ որոշման հիման վրա Ձեր կողմից պարոն Քոչարյանի խափանման միջոցի փոփոխումը, վերացումը»:

Երկրորդ նախագահը հայտարարեց՝ ինքը որևէ տեղ փախչող չէ․ ֊ «Եթե փախնողը լինեի, այսօր Ստեփանակերտում ադրբեջանցիք թեյ խմելուց կլինեին: Իմ համար իրոք նույնիսկ վիրավորական է սրա մասին խոսել, որ ես ստիպված եմ դա ասել, որովհետև մարդու կենսագրությունը երևի շատ ավելի լավ է խոսում մարդու մասին, քան այն հայտարարությունները, որ ինքը կարող է անել: Հիմա երկրորդը, քանի որ մի քանի անգամ այդպիսի քննարկումներ եղել են, ասում են՝ կարող է ազդել, խոչընդոտել քննությանը: Փաստաբանները ասացին, որ այդպիսի փաստեր չկա, բայց քանի որ բավական լավ մենք ծանոթ ենք քրեական գործին, նաև չկա այն սուբյեկտը, որի վրա պետք է ազդել ինչ-որ բան փոխելու համար»:

Մինչդեռ մեղադրող կողմը հորդորեց մերժել միջնորդությունը։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց՝ նախ, դատարանն արդեն որոշում է կայացրել կալանքի տակ թողնել Քոչարյանին։ Բացի դա, ամբաստանյալը կարող է ազդել Մարտի 1-ի բուն գործի վրա, մասնավորապես, զոհերի մահվան հանգամանքների բացահայտման առումով․ ֊ «Սույն քրեական գործից անջատված քրեական գործ կա, որի քննության գլխավոր ուղղությունը անձանց սպանությունների բացահայտումն է: Այդ քրեական գործով դեռևս գնահատականներ են տրվելու նաև պաշտոնատար անձանց գործողություններին, որոնք ուղղիղ կամ ոչ ուղիղ ծառայողական կախվածության հարաբերությունների մեջ են գտնվել Ռոբերտ Քոչարյանի հետ: Կալանավորման հիմքերը սույն գործով առկա են, պահպանվում են և չեն վերացել, քրեական գործում առկա են փաստական տվյալներ, որոնք հիմք են տալիս ունենալու մտավախություն, հիմք են տալիս փաստելու, որ Ռոբերտ Քոչարյանը, ազատության մեջ մնալու դեպքում, կթաքնվի քննությունից և կխոչընդոտի քրեական գործի քննությանը դատարանում և քրեական գործից անջատված քրեական գործի՝ հիմնական մայր քրեական գործով շարունակվող քննությանը»:

Մյուս դատախազ Պետրոս Պետրոսյանը պնդեց՝ գրավի կիրառումը չի կարող երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագիծը:

Քոչարյանից բացի, ամբաստանյալի աթոռին են նաև նրա նախկին ենթակաները՝ 2008-ին պաշտպանության փոխնախարար Յուրի Խաչատուրովը, 2008-ին Գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանը և այդ ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղար, նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը։ Ի տարբերություն Քոչարյանի, նրանք ազատության մեջ են: Չորս ամբաստանյալներից ոչ ոք մեղադրանքը չի ընդունում։

XS
SM
MD
LG