Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահը առանցքային նշանակություն կարող է ունենալ գործի քննության վրա, մասնավորապես՝ վարկածների ընտրության առումով․ նման կարծիք այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ով կարևոր է համարում նաև գործով մյուս վկաների պաշտպանության կազմակերպման հարցը:
«Մարտի 1-ի գործի քննությունը շատ ակտիվ իրականացվում է: Իսկ յուրաքանչյուր դետալ, էլ չեմ ասում էսպիսի կարևոր իրադարձություն, առանցքային նշանակություն է ունենալու որոշակի վարկածների ընտրության և այդ վարկածներով որոշակի ուղղությամբ քննությունը խորացնելու համար: Թե ինչպես կարող է ազդել, դա մենակ արդյունքում կերևա, այսօր ես չեմ կարող ասել», - լրագրողների հետ զրույցում ասաց Դավթյանը:
Գլխավոր դատախազը չի հերքում, որ Հայաստանում վկաների պաշտպանության ինստիտուտը զարգացնելու խիստ անհրաժեշտություն կա: Նա ասաց, որ համապատասխան օրենսդրական փաթեթը արդեն պատրաստ է․ - «Որևէ անձի, ընդ որում՝ առանց բացառության, որպես վկա հարցաքննվելու կամ նրան հայտնի տեղեկությունները հայտնելու պարագայում եթե լինեն առանձնակի ճնշումներ, ապա դրանք [պետք է] անպայման բացահայտվեն և արժանանան իրավական գնահատականի»:
«Ազատության» հարցին, թե այս պահին կոնկրետ ինչ քայլեր են արվում Մարտի 1-ի գործով մյուս վկաների հետ կապված, Դավթյանն արձագանքեց․ - «Այն քայլերը, որոնք արվել են ու արվում են, դրանք ըստ էության գաղտնիության ռեժիմով իրականացվող քայլեր են, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են, որոնք ուղղակի պարտավոր են մեր օպերատիվ մարմիններն իրականացնել»:
Բացի արդեն մամուլում հրապարկված հարցաքննությունից, Հայկ Հարությունյանին առնչվող այլ նյութեր, ըստ Գլխավոր դատախազի, դատախազության տրամադրության տակ չկան․ - «Այլ խնդիր էր, որ Հայկ Հարությունյանը հրավիրվելու էր դատարան, և ինքը ցուցմունք էր տալու: Հարցեր էին հնչելու նաև դատախազների, պաշտպանների, դատարանի կողմից դատարանում, որպիսի հնարավորությունը, ցավոք, այլևս չկա»:
Հայկ Հարությունյանի մահվանից կարճ ժամանակ անց մամուլում սկսեցին տեղեկություններ հայտնվել, թե դեպքից առաջ 2008-ին ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Հարությունյանը դեպքից առաջ խոսել է Մարտի 1-ի գործի քննությունից, բողոքել է, թե իրեն պարտադրում են, որ սուտ ցուցմունք տա սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Մարտի 1-ի գործով սպանության համար մեղադրվող ոստիկանության զորքերի հրամանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանի դեմ։
Գլխավոր դատախազը այսօր այս վարկածը պատվեր որակեց:
Արթուր Դավթյանը այսօր չցանկացավ գնահատական հնչեցնել դատական համակարգի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատավորներին ուղղված սուր քննադատության վերաբերյալ:
Փոխարենը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 15-ամյակին նվիրված գիտաժողովին մասնակցող մեկ այլ պաշտոնյա՝ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը շեշետադրեց․ - «Դատական համակարգը ունի նույնքան խնդիր և նույնքան պրոբլեմներ, որքան ունեն այլ պետական մարմինները: Կամ կարող են ունենալ: Ես ուզում եմ ասել, որ որևէ տրամադրվածություն դատավորների նկատմամբ, որ անպայման մենք կենտրոնանալու ենք կամ մեր լիազորությունները ամբողջությամբ ուղղելու ենք, որ դատավորների նկատմամբ ինչ-որ պատժիչ ֆունկցիաներ անենք: Ոչ, չի լինելու նման բան: Եվ Կարգապահական վարույթներ հարուցվելու են, և հարուցման արդյունքում միջնորդություն ներկայացվելու է Բարձրագույն դատական խորհրդին՝ երբ որ մենք հստակ վստահ ենք, որ տվյալ դեպքում տեղի է ունեցել կարգապահական խախտում, որի շեմը բավական բարձր է դրված»:
Հարցին, թե գուցե դատավորների վերաբերյալ վարչապետի խոսքերից հետո է ստեղծվել հանրության շրջանում այդ մթնոլորտը, նախարարը պատասխանեց․ - «Ոչ: Կարծում եմ, վարչապետի խոսքերը մեկնաբանելուց էին առաջացել, որովհետև, երբ որ վարչապետը ընդհանուր դիտարկում է կատարում, հետո անդրադառնում է որոշակի, կոնկրետ մասնավոր դեպքի, կան ուժեր և խմբակներ, որոնք այդ մասնավորը տարածում են ընդհանուրի վրա և խեղաթյուրում են վարչապետի խոսքը և հասարակության շրջանում նման տպավորություն ստեղծում»: