Մատչելիության հղումներ

Ալիկ Սարգսյան․ «Ես գործը կոծկող չեմ»


Մարտի 1-ի գործով մեղադրյալ, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում չհերքեց, որ 2008-ի մարտյան իրադարձություններից հետո, երբ նշանակվել է Հայաստանի ոստիկանապետ, խորհրդակցություններ են անցկացրել ոստիկանությունում։ Ընդ որում՝ ոչ մեկ անգամ։

Մեղադրանքում խոսք կա բարձրաստիճան ոստիկանների խորհրդակցության մասին, որտեղ ցուցումներ են տրվել մարտյան իրադարձությունների ժամանակ տեղի ունեցածը պարտակելու և թաքցնելու վերաբերյալ։ Եվ որ այդ ամենի նպատակն է եղել թաքցնել նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները և հանցագործության հետքերը: Դրանք են՝ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևանում ծավալվող իրադարձությունների ժամանակ ոստիկանության իրականացրած անօրինական գործողությունները և Հայաստանի զինված ուժերի հակասահմանադրական օգտագործումը։

«Խորհրդակցություններ ոչ թե եղել են, այլ ամեն օր է եղել: Դուք մոռանում եք, որ Մարտի 1-ի բացահայտման ուղղությամբ նույնպես խորհրդակցություններ են եղել: Փաստահավաք խմբին, Ազգային ժողովին, եվրոպական կառույցներին ամեն օր Մարտի 1-ի վերաբերյալ հաղորդագրություններ, տեղեկանքներ, բազմաթիվ փաստաթղթեր են տրամադրվել: Դրանք բոլորը ծնվել են խորհրդակցությունների արդյունքում, փաստերի արդյունքում: Ո՞նց կարող է խորհրդակցություն եղած չլինի: Անհեթեթ խոսակցություն է», - ասաց Սարգսյանը:

Նախկին ոստիկանապետին երեկ մեղադրանք առաջադրվեց միանգամից երեք հոդվածներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և հանցագործությունը պարտակելու համար:
Սարգսյանը շտապեց հայտարարել՝ մեղադրանքը չի ընդունում, անգամ որպես վկա հարցաքննության չի գնացել։

Նախկին ոստիկանապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը հայտարարում է, որ Ալիկ Սարգսյանն ու նրա ենթակաները՝ բարձրաստիճան ոստիկաններ, պարտակել են առանձնապես ծանր հանցագործությունը։

Նախկին ոստիկանապետը հակադարձում է․ - «Իմ կողմից կոնկրետ որևիցե կեղծ տեղեկանք չի կազմվել, որևիցե կեղծ հաղորդագրություն չի ուղարկվել: Ես գործը կոծկող չեմ: Այս մարդիկ չեն ուզում հասկանալ, որ, ժողովրդական խոսք կա՝ չորը չի կպնում մարդուն: Մոռացե՛ք: Հեսա կտեսնեք արդյունքը: Մի քիչ էլ համբերեք»:

Նա ասաց, որ իրեն ՀՔԾ չեն կանչել․ - «Միանգամից մեղադրանք են առաջադրել: Ոչինչ, նորմալ է: Ես արդեն իմունիտետ ունեմ, դրան էլ եմ սովորել»:

Երեկ Մարտի 1-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունը իր ծավալուն հաղորդագրությունում նոր անուններ հնչեցրեց: Մասնավորապես, ըստ մեղադրանքի, 2008-ի մայիսի 29-ին ոստիկանության պետ նշանակված Ալիկ Սարգսյանը կատարել է 2008-ի հուլիսի 2-ից հետո նախագահի օգնական Գևորգ Կոստանյանի և մինչև հուլիսի 2-ը նախագահի օգնական Գևորգ Մհերյանի հանձնարարությունը՝ թաքցրել է Զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածը ներկայացրել են որպես իրավաչափ գործողություններ։

Ըստ պաշտոնական հաղորդագրության, ոստիկանությունում անցկացված խորհրդակցությանը ներկա էին Հայաստանի ոստիկանության բոլոր ծառայությունների պետերը, ովքեր առնչություն են ունեցել մարտի 1-ին և 2-ին Երևանում իրականացված արտաքին ծառայությանը: Խորհրդակցության ընթացքում Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանը մասնակիցներին են ներկայացրել «Աշխատանքային պլան, պարզաբանման ենթակա հարցեր» վերնագրմամբ, 25 կետից բաղկացած հարցաշար, որում տեղ գտած հարցերը վերաբերել են մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձություններին ոստիկանության ծառայությունների կողմից իրականացրած գործողություններին: Գևորգ Կոստանյանն ու Գևորգ Մհերյանը, խորհրդակցության մասնակիցներին ներկայացնելով այդ հարցաշարը, պահանջել են հետին ամսաթվերով կազմել և պաշտոնական շրջանառության մեջ դնել մարտի 1-ին և 2-ին ոստիկանության կողմից կատարված գործողությունների իրավաչափությունը հիմնավորող փաստաթղթեր:

Բացի այս դրվագից, ըստ ՀՔԾ-ի, Գևորգ Կոստանյանը և Գևորգ Մհերյանը մարտի 1-ին և 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ Զինված ուժերի ապօրինի մասնակցության պարտակումը կազմակերպելու համար ոստիկանության զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանին հանձնարարություն են տվել զինված ուժերի ներգրավվածությունը հերքելու, զրուցել ենթակաների հետ՝ հրահանգավորելով նրանց ապագայում քրեական գործով տալ այնպիսի ցուցմունքներ, որոնցով հնարավոր լինի հերքել Զինված ուժերի ներգրավվածությունը հիշյալ դեպքերին:

Գեղամ Պետրոսյանը Մարտի 1-ի գործով արդեն մեղադրյալ է, մեղադրվում է զոհերից Զաքար Հովհաննիսյանի սպանության մեջ։ Մեղադրանքը չի ընդունում։

Բացի այդ, Գեղամ Պետրոսյանին հրահանգ է ստացել համագործակցել Մարտի 1-ի գործը քննող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանի հետ և դեպքի վայրից հայտնաբերված տարբեր տեսակի հրազեններից կրակված, իրեղեն ապացույց հանդիսացող շուրջ 1000 պարկուճները փոխարինել ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մտնող նույն տրամաչափի այլ հրազեններից կրակված պարկուճներով:

Ալիկ Սարգսայնը, մինչդեռ պնդում է՝ պարկուճների փոփոխությունից տեղյակ չէ․ - «Տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը: Չեմ էլ ուզում այդ մասին խոսել: Տհաճ թեմա է ինձ համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG