Մատչելիության հղումներ

ԱԺ-ն ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման նախագիծը դրել է շրջանառության մեջ


Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու նախագիծն այսօր շրջանառության մեջ է դրվել:

Հեղինակն իշխող «Իմ քայլը» խմբակցությունն է: 94 էջանոց փաստաթղթում Հայաստանյան օրենսդրության եւ միջազգային դատարանների նախադեպերին հղում անելով՝ ներկայացվել է ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հիմքերը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի պնդմամբ՝ ներկայացված հիմքերը ծանրակշիռ փաստարկներ են․ - «Մեր գնահատմամբ, այն իրավական հիմքերը, որոնք ներկայացրել են մեր իրավաբանները, բավականին ծանրակշիռ են: Վստահ ենք, որ Սահմանադրական դատարանը առաջնորդվելու է բացառապես իրավական հիմքերը դիտարկելով»:

Լիազորությունները դադարացնելու հիմնավորումները վերաբերում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Սահմանադրական դատարանի թույլ տրված էական կարգապահական խախտումներին: Այդ խախտումները Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշման անաչառությունը կասկածելի են դարձնում:

Ըստ նախագծի, առկա են հիմքեր, որ Հրայր Թովմասյանի մասնակցությունը Քոչարյանի դիմումի քննությանը անհնարին էր: Նշվում է Հրայր Թովմասյանի և Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի քավոր-սանիկական հարաբերությունների մասին: Հիշատակվել են վերջին շրջանում Հրայր Թովմասյանի և Արամ Օրբելյանի հարցազրույցներից հատվածներ, որտեղ նրանք խոստովանում են այս բարեկամության և իրենց մտերմության մասին: Հիմնվելով փաստական հիմքերի և իրավական վերլուծության վրա նախագծում եզարահանգում կա, որ ցանկացած դատավոր, որի անաչառության վերաբերյալ կա հիմնավոր կասկած պետք է հեռացվի վարույթից:

«Այս պահին իրավական հիմքեր ունենք միայն տվյալ դատավորի հետ կապված, և դրա համար նպատակահարմարությունը, որ ներկայացվեց հիմա, այն էր, որ իրավական հիմքերը ամբողջացվել էին, և այդ պատճառով հենց այս պահին նախագիծը ներկայացվեց Ազգային ժողով», - ասաց Մակունցը:

Ազգային ժողովի «Բարգհավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից այսօր խուսափեցին նախագծի վերաբերյալ դիրքորոշում հայտնել: Խոստացան մեկնաբանել վաղը՝ մանրամասն ծանոթանալուց հետո:

Լիլիթ Մակունցն ասաց․ - «Ես, մասնավորապես, նախապես խոսել եմ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ: Ես հանձնարարել էի, որ ուղարկեն նրանց նախագիծը, բայց քանի որ այն արդեն հրապարակային է, կարծում եմ, արդեն ծանոթանալու խնդիր չկա: Եվ խնդրել եմ, որպեսզի իրենց դիրքորոշումը, եթե հնարավոր է, նախապես հայտնել»:

Ռոբերտ Քոչարյանի գործով Հրայր Թովմասյանի անկողմնակալությունը կասկածի տակ է դրվում նաև նրա նախկինում ՀՀԿ-ին անդամակցելու փաստով: Ըստ նախագծի, անաչառության կասկածի հիմք է երկրորդ նախագահ Քոչարյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շահերի համընկնումը Մարտի 1-ի քրեական գործի որոշակի կոնկրետ ելքով:

Ազգային ժողովի դիմումի համար որոշիչ նշանակություն է ունեցել այն հանգամանքը, որ Հրայր Թովմասյանը Քոչարյանի դիմումի վարույթին մասնակցելու անհնարինության բազմաթիվ հիմքերի առկայության պարագայում գործը վարույթ ընդունելու փուլից խուսափել է դրանց մասին բարձրաձայնել, չի դարձրել դրանք քննարկման առարկա: Անգամ այն դեպքում, երբ իր և ՍԴ անդամներ Արևիկ Պետորսյանի և Հրանտ Նազարյանի անաչառությունը կասկածի տակ դնող հիմքով նրանց մասնակցության անհնարինութան վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը: Առանց դատավորի միջնորդությունը քննելու, անցել են Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշման կայացմանը:

Ազգային ժողովի այս նախագիծը պետք է քննարկվի հերթական նիստերում: Հաջորդ հերթական նիստը հոկտեմբերի սկզբին է: Եթե խորհրդարանն ընդունի նախագիծը, այն կուղարկվի Բարձր դատարան: Ընդունման համար անհրաժեշտ է 80 կողմ:

«Այո, մեր ձայները բավարար են: Բայց ես կարծում եմ, որ միայն մեր ձայներով չէ, որ պետք է առաջնորդվենք: Դատաիրավական համակարգի բարեփոխումները, դատական համակարգի անկախությունը, վստահելիությունը նաև մյուս քաղաքական ուժերի պատասխանատվությունն է, որպես առաջնային մանդատ կրողներ»:

Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման վերջնական որոշումը Սահմանադրական դատարանը պետք է կայացնի: Անհրաժեշտ է առնվազն 6 դատավորի քվե:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG