Արդեն երկու օր Սահմանադրական դատարանի մոտ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրենց աջակցությունը հայտնող ցուցարարները հաղթանակ են համարում Սահմանադրական դատարանի որոշումը:
Այսօր ՍԴ֊ն հրապարակեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության արդյունքում կայացրած որոշումը, որի համաձայն, Քրեական դատավարության օրենսգրքի՝ նախկին նախագահի վիճարկած հոդվածներից մեկը՝ 35-րդը, ճանաչեց երկրի Հիմնական օրենքին չհամապատասխանող և անվավեր, մյուսը՝ 135-րդը՝ Սահմանադրությանը համապատասխանող: Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող և կալանքի տակ գտնվող նախկին նախագահը բարձր դատարանին խնդրել էր ստուգել Քրեական դատավարության օրենսգրքի՝ խափանման միջոց կիրառելու հիմքերի և քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների մասին հոդվածների սահմանադրականությունը։
Թեև դեռ հայտնի չէ՝ այս որոշումը բավարար է, որ Քոչարյանը ազատ արձակվի, նրա աջակիցները շնորհավորեցին միմյանց, ծափահարություններով դիմավորեցին Ռոբերտ Քոչարյանի որդուն, որը հրաժարվեց մեկնաբանել այս որոշումը:
Լևոն Քոչարյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարում էր, թե իշխանությունը վերին մակարդակով ճնշում է գործադրում դատական համակարգի վրա:
«Ազատության» հարցին՝ արդյո՞ք Սահմանադրական դատարանի որոշումից հետ շարունակո՞ւմ է պնդել ճնշումների մասին, Քոչարյանը պատասխանեց․ - «Թույլ տվեք մի քանի օր՝ որոշումը ստանանք, ուսումնասիրենք: Սահմանադրական դատարանի որոշումները այդքան պարզ չեն՝ կալանք, չկալանք․․․ ծանոթանանք, հետո կարծիք կհայտնենք: Առանց փաստաբանների հետ խորհրդակցելու չեմ կարող»:
Այսօր էլ դատարանի մոտ էին հավաքվել բազմաթիվ ցուցարարներ՝ հանուն և ընդդեմ Քոչարյանի: Մի մասը պահանջում էր Քոչարյանին ցմահ ազատազրկել, մյուսը՝ ազատ արձակել: Կողմերին բաժանում էին ոստիկանների շարքերը: Այսօր աննախադեպ քանակով ոստիկանական ուժեր էր կենտրոնացված Սահմանադրական դատարանի մոտ: Թեև մթնոլորտը լարված էր, սակայն կողմերը բավարարվեցին փոխադարձ վիրավորանքներով, քաշքշուկ և միջադեպեր տեղի չունեցան:
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրապարակած որոշումից գոհ աջակիցները հեռացան, իսկ որոշումից դժգոհ ցուցարարները երթով շարժվեցին դեպի Դատախազություն՝ պահանջելու, որ Քոչարյանին կալանքից չազատեն:
Սահմանադրական դատարանի մոտ էր նաև «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը: Նրա մեղադրանքներն էլ ուղղված էին Ազգային ժողովին: Ասաց՝ գործող Սահմանադրական դատարանը Ազգային ժողովի անգործության հետևանքն է: ՍԴ կազմը, ըստ նրա, լեգիտիմ չէ և իրավունք չունի դիմումներ քննել՝ անկախ դրանց բովանդակությունից:
«Ինչ տիպի որոշում էլ կայացնի այսօր անդամների ժողովը, ինձ համար անընդունելի է: Սահմանադրական դատարանում ընդամենը երկու դատավոր կա, և մինչև չհամալրվի այդ կազմը, որոշում չի կարող կայացվել: Մեր Սահմանադրությունը հստակ ասում է, որ որոշում կարող են կայացնել միայն դատավորները», - հայտարարեց Արմեն Մարտիրոսյանը: - «Պետք է կույր լինել, որ չասել, որ թագավորը տկլոր է: Այո, 9 ամիս Ազգային ժողովը այդ գործընթացը չի արել, 9 ամիս կառավարությունը, նախագահը և դատավորների ժողովը, գոնե Վահե Գրիգորյանի ընտրությունից հետո ոչ մի քայլ չեն արել այս ուղղությամբ»:
ՍԴ կազմում առկա ճգնաժամի մասին Ազգային ժողովում հունիսի 20-ին հայտարարել էր Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը, պնդելով, թե ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և ևս վեց անդամ դատավորի լիազորություն չունեն, ընտրված դատավոր են միայն ինքն ու Արման Դիլանյանը, և ՍԴ կազմում լեգիտիմության խնդիր կա: