Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանի որոշումը չի կարող գործադրվել. Տիգրան Եգորյան


Փաստաբան Տիգրան Եգորյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 5-ը սեպտեմբերի, 2019թ․
Փաստաբան Տիգրան Եգորյանը զրուցում է «Ազատության» հետ, Երևան, 5-ը սեպտեմբերի, 2019թ․

Փաստաբան Տիգրան Եգորյանի պնդմամբ՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ Սահմանադրական դատարանի (ՍԴ) երեկվա որոշումն անօրինական է: Փաստաբանը հիմնավորում է՝ հղում անելով Սահմանադրական դատարանի դեռևս 2010 թվականին ընդունած 918 որոշմանը: Ըստ այս որոշման, եթե դատարանի անաչառության և անկողմնակալության վերաբերյալ կա կասկած և այդ պայմաններում կայացվում է դատական ակտ, ապա այդ ակտը չի համապատասխանում Սահմանադրության սահմանած սկզբունքներին և չի կարող գործադրվել:

«Միայն այս հիմքը բավարար է, որպեսզի հենց նույն Սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշումը հիմք ընդունելով չկատարվի այս որոշումը, չգործադրվի այս որոշումը», - «Ազատության» հետ զրույցում նշեց Եգորյանը։

Ըստ Տիգրան Եգորյանի, Քոչարյանի դիմումը քննած ՍԴ անդամներն արդեն իսկ ունեն կանխակալ վերաբերմունք, քանի որ նախկինում Մարտի 1-ի գործին առնչվող տարբեր որոշումների վերաբերյալ նախկին իշխանությունների դիրքորոշումներին կողմ են քվեարկել: Եգորյանը դեռևս հուլիսին էր դիմում ներկայացրել Սահմանադրական դատարան՝ հիմնավորելով ՍԴ կազմից 7 անդամի մասնակցությունը Մարտի 1-ին առնչվող որոշումներին: Քոչարյանի դիմումից առաջ էլ Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն էր միջնորդություն ներկայացրել, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը և ևս երկու անդամ՝ Արևիկ Պետրոսյանն ու Հրանտ Նազարյանը չեն կարող անաչառ ու անկողմնակալ քննել այս գործը: Վահե Գրիգորյանը փաստերով հիմնավորել էր նրանց մասնակցությունը Մարտի 1-ին առնչվող գործերին: Սակայն ՍԴ-ն առանց այս միջնորդությունը քննելու անցել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությանը նույն կազմով:

«Այս որոշման կայացմանը նաև մասնակցել են էսօր Սահմանադրական դատարանում անդամ հանդիսացող անձանց մի մասը, սա մի դիրքորոշում է, որի կիրառումը երեկ Սահմանադրական դատարանի անունից հրապարակված անդամների որոշման նկատմամբ հանգեցնում է այդ որոշման Սահմանադրությանը հակասող որակման», - ընդգծեց փաստաբանը։

Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը համաձայն չէ փաստաբան Եգորյանի հետ։

«Սահմանադրական դատարանի հիշյալ որոշման մասնակի, անջատված ներկայացումը և մեկնաբանություն, որը իրենից ենթադրում էր առհասարակ դատավորների ինքնաբացարկի ինստիտուտի վերաբերյալ հարցադրմանը, որը չի վերաբերում Սահմանադրական դատարանի դատավորների մասնակցության անհնարինության ինստիտուտին։ Դրանք ամբողջությամբ տարբեր ինստիտուտներ են։ Սա վերաբերում է դատարանների, դատական իշխանություն իրականացնող անձանց կողմից կայացվող ակտերի Սահմանադրությամբ սահմանված անկախ և անաչառ դատարանի սկզբունքին համապատասխանության հարցին։ Եթե այդ ակտը, դա կլինի վերաքննիչ դատարանի դատավոր, դատավորներ, վճռաբեկ դատարանի կազմ, ընդհանուր իրավասության, վարչական դատարանի և այլն, Սահմանադրական դատարան», - ասաց Վարդևանյանը։

Անդրադառնալով ՍԴ անդամների մասնակցության անհնարինության վերաբերյալ Եգորյանի և Գրիգորյանի դիմումները չքննելուն՝ Արամ Վարդևանյանը մեկնաբանեց. «Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածը կարծես թե հստակ ժամանակային սահմանափակում է նախատեսում, թե երբ կարելի է անհնարինության վերաբերյալ միջնորդություն-դիմում բարձրաձայնել, դա հենց ուղղակիորեն նշված է՝ Սահմանադրական դատարանի կողմից գործը վարույթ ընդունելու հետ միաժամանակ, աշխատակարգային որոշման հետ միաժամանակ»։

Տիգրան Եգորյանը հակադարձեց, թե ժամկետների պարտադիր պահանջ չկա: Ըստ նրա, նաև Սահմանադրական դատարանը գործը վարույթ ընդունելիս կարող է քննել դատավորների գործին մասնակցելու անհնարինության հարցը՝ անկախ դիմում լինել-չլինելուց: Իսկ դրա վերաբերյալ իր և ՍԴ դատավորի ներկայացրած միջնորդությունները պարտադիր քննարկման ենթակա են:

Հիշեցնենք՝ Քոչարյանի ներկայացուցիչը խնդրել էր Սահմանադրական դատարանին պարզել՝ արդյո՞ք ունենալով նախագահի անձեռնմխելիություն, հակասահմանադրական չէ իրեն մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը: ՍԴ-ն երեկ հակասահմանադրական ճանաչեց քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, որը վերաբերում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին, բայց Սահմանադրությանը հակասող չճանաչեց կալանավորմանն ու խափանման միջոցի ընտրությանը վերաբերող հոդվածը:

XS
SM
MD
LG