Մատչելիության հղումներ

Միրզոյան․ ԱԺ-ը դիրքորոշում պիտի արտահայտի ՍԴ-ի շուրջ իրավիճակի կապակցությամբ


ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարությամբ է հանդես գալիս խորհրդարանի նիստում, Երևան, 16-ը սեպտեմբերի, 2019թ․
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարությամբ է հանդես գալիս խորհրդարանի նիստում, Երևան, 16-ը սեպտեմբերի, 2019թ․

«Հետևելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում և դրա շուրջ ստեղծված իրավիճակին՝ չեմ կարող չկիսել այդ կապակցությամբ հանրության շրջանում տեղ գտած մտահոգությունները», - այսօր խորհրդարանում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ի որոշմանը՝ ԱԺ նախագահն ասաց․ - «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա գործը քննելիս և իր ՍԴՈ-1476 որոշումը կայացնելիս Սահմանադրական դատարանը պատշաճ քննարկման առարկա չի դարձրել և կամ առանց հիմնավոր պատճառաբանության մերժել է դեպի դիմող ունեցած առերևույթ կողմնակալության հիմքով ՍԴ երեք անդամի՝ գործի քննությանը մասնակցության անհնարինության վերաբերյալ ՍԴ դատավորի դիմումը՝ դրանով իսկ հանրության շրջանում կասկածի տակ դնելով անաչառ դատարանի ապահովումը»:

«Ի հավելումն՝ ՍԴՈ-1476 որոշման առնչությամբ ներկայացված հատուկ կարծիքներից մեկում տվյալ գործի համազեկուցողի կողմից ուղղակիորեն մատնանշվել է, որ դատարանը չհիմնավորված շտապողականություն է ցուցաբերել այս որոշման ընդունման հարցում, և ըստ էության արձանագրել է, որ որոշումը կարող էր այլ լինել, եթե չլիներ այդպիսի շտապողականություն: Նույն կարծիքում, արձանագրելով գործի հիմքում ընկած խնդրի բարդությունը և հանրային հնչեղությունը, համազեկուցողն անուղղակիորեն բարձրացրել է «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգով այն բանավոր ընթացակարգով քննելու անհրաժեշտությունը, ինչը, սակայն, տեղի չի ունեցել», - շարունակեց ԱԺ նախագահը՝ շեշտելով․ - «Ընդ որում, այս ճանապարհով, ես զերծ եմ մնում անփութության կամ դիտավորության վերաբերյալ գնահատականներից, այս ճանապարհով կայացված որոշումն ուղղակիորեն առնչվում է այլ դատական ատյանում քննվող մի գործի, որի շրջանակներում մեղադրանքը վերաբերում է Հայաստանում ժողովրդավարության և սահմանադրական կարգի դեմ ուղղված ոտնձգություններին և դրանով իսկ պատմական և քաղաքական կարևություն ունի Հայաստանի համար»:

ՍԴ որոշման բովանդակության առնչությամբ էլ Միրզոյանն ասաց․ - «Կարելի է վստահաբար նշել, որ առանց որևէ առերևույթ հիմնավորման Սահմանադրական դատարանն էականորեն շեղվել է օրենսդրական բացի առնչությամբ առավել քան մեկ տասնամյակ իր իսկ արտահայտած իրավական դիրքորոշումից»:

Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողով և Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Սահմանադրական դատարանի ուղղած դիմումների մասով խորհրդարանի խոսնակը հայտարարեց․ - «Առայսօր չեն փարատվել կասկածներն այն մասին, թե ինչ ընթացակարգով է Սահմանադրական դատարանը դիմումներ ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Վենետիկի հանձնաժողով՝ հաշվի առնելով այն կարևոր հանգամանքը, որ հուլիսի 18-ի ՍԴԱՈ-81 և ՍԴԱՈ-82 աշխատակարգային որոշումներով Սահմանադրական դատարանն արդեն իսկ կասեցրել էր տվյալ գործերի քննությունը: Սահմանադրական դատարանը մարտիմեկյան դատավարությունից բխող դիմումների քննության այդ գործերով պատասխանող ճանաչված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին առայսօր չի տրամադրել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով ուղղված իր դիմումների հայերեն տեքստը»:

Սահմանադրական դատարանի ինքնավարության և քաղաքական ազդեցության մասով էլ ԱԺ նախագահն ասաց․ - «2018 թվականի ապրիլին ուժի մեջ մտած սահմանադրական կարգավորումներով ՍԴ դատավորներին ՍԴ նախագահ ընտրելու իրավունք է վերապահվել: Մինչդեռ այդ կարգավորումների՝ ուժի մեջ մտնելուց օրեր առաջ՝ 2018 թվականի մարտի 23-ին, ՍԴ անդամ, իսկ մինչ այդ պաշտոնում ընտրվելը՝ ՀՀԿ անդամ, ԱԺ քաղաքական մեծամասնության՝ ՀՀԿ խմբակցության անդամ, քաղաքական գործիչ Հրայր Թովմասյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահ նշանակվելու փաստը, ինչպես նաև այդ փաստի բերումով այս պաշտոնում Հրայր Թովմասյանի՝ մինչև 2035 թվականը նախատեսվող պաշտոնավարումը, ըստ էության, Սահմանադրական դատարանի դատավորներին դատարանի նախագահ ընտրելու հնարավորությունից զրկել են: Սա հանրության կողմից մեկնաբանվել է որպես իշխող քաղաքական կուսակցության կողմից կամայականություն՝ ուղղված իր ներկայացուցիչին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում նշանակելուն, ինչպես նաև ոտնձգություն Սահմանադրական դատարանի ինքնավարության դեմ»:

Միրզոյանը կարծիք հայտնեց, որ Ազգային ժողովը՝ որպես «ժողովրդի օրինական և լեգիտիմ ներկայացուցիչ և առաջնային մանդատով օժտված միակ պետական ինստիտուտ, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իր դիրքորոշումը պիտի արտահայտի վերը նկարագրված խնդիրների և իրավիճակի կապակցությամբ»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG