Մատչելիության հղումներ

«Խորհրդարանը հապաղել է իր որոշումներում»․ Լիլիթ Մակունցը՝ ՍԴ ճգնաժամից ելքերի մասին


Իշխանությունը թեև ամիսներ առաջ է հայտարարել Սահմանադրական դատարանում ստեղծված ճգնաժամի և այդ ճգնաժամից ելքեր գտնելու մասին, սակայն դրանք դեռ չեն ուրվագծվում: Իշխող «Իմ քայլը» խմբակցությունում փոխհամաձայնության չեն կարողանում գալ բազմակարծության պատճառով: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խոստովանում է՝ այս հարցում խորհրդարանը հապաղել է:

«Գուցե որոշ դեպքերում օբյեկտիվ պատճառներով կամ կարող է պատճառները տարբեր լինեն, Ազգային ժողովը որոշ չափով հապաղել է իր որոշումներում, դրանք կարող են պայմանավորված լինեն տարբեր պատճառներով։ Երբ մենք խոսում ենք խմբակցությունում գոյություն ունեցող բազմակարծության մասին և տեսակետների տարբերության մասին, դա նշանակում է, որ այդ բոլոր տեսակետները քննարկվում են և ի վերջո կոնսենսուսով կամ ձայների մեծամասնությամբ նոր գալիս ենք որոշակի համաձայնության։ Այս գործընթացը երբեմն տևում է ավելի երկար քան մենք կցանկանայինք», - նշեց Լիլիթ Մակունցը։

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի՝ ՍԴ-ում ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհների վերաբերյալ նամակը ստանալուց հետո դեռևս հունիսին խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը վստահեցրեց, թե քննարկումներ է սկսելու ճգնաժամը կոնսենսուսով հանգուցալուծելու ուղղությամբ: ՍԴ-ում ճգնաժամը Վահե Գրիգորյանը հիմնավորել էր կազմի ոչ լեգիտիմությամբ:

Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ազատության» հետ հարցազրույցում ժամկետներ նշեց: Հայաստանը 2019-ին պետք է ունենա 2019-ին հարիր Սահմանադրական դատարան: Արձակուրդից վերադարձած իշխանական պատգամավորներն էլ հարցի լուծումը այս ժամկետում են պատկերացնում, թե ինչպես՝ դեռ հստակ չէ:

«Մենք չենք հրաժարվում որպես առաջնային մանդատ կրողներ, իհարկե և նորից եմ ուզում ընդգծել՝ մեր լիազորությունների շրջանակում անում ենք ու անելու ենք ամեն ինչ, այո, մենք գնալու ենք օրենսդրական լուծումների ճանապարհով, այո, չենք գերազանցելու Ազգային ժողովի, օրենսդիր մարմնի լիազորությունները», - ընդգծեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը։

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը խոստովանում է՝ ճգնաժամն ավելի է խորանում, հասարակության վստահությունը դատարանի նկատմամբ անկում է ապրում: Այս հարցում Ազգային ժողովի իշխող մեծամասնության անգործությանն ուղղված մեղադրանքները չի ընդունում: 3-րդ նստաշրջանն այս շաբաթ է մեկնարկել օրակարգն այլ հարցերով խիստ հագեցած է:

«Այն որ ճգնաժամը առկա է, միանշանակ է, այն որ լուծումը պետք է ունենա իրավաքաղաքական բաղադրատարրեր, սա էլ է միանշանակ, բայց մենք պետք է հնարավորինս անենք այնպես, որպեսզի չշեղվենք Ազգային ժողովի լիազորություններից։ Մենք թույլ չենք տա, որպեսզի Ազգային ժողովը իր վրա վերցնի այնպիսի լիազորություններ, որոնք կարող են իրավական պետությունը որոշակի առումով կասկածի տակ դնել», - ասաց Վարդանյանը։

ՍԴ-ում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հստակ է «Իմ քայլից» Նիկոլայ Բաղդասարյանի դիրքորոշումը: Պնդում է՝ խորհրդարանը պետք է քաղաքական հայտարարությամբ գնահատական տա ստեղծված իրավիճակին: Իսկ ՍԴ գործող կազմը լուծարելու և նորը ձևավորելու ճանապարհների մասին լռում է:

«Առաջին քայլը կարծում եմ, որ գնահատականն է տալը, թե դա կանի Ազգային ժողովը, քաղաքական վերնախավը կամ կառավարությունը կամ «Իմ քայլը» դաշինքի քաղաքական ուժի ներկայացուցիչը, դա այլ հարց է, բայց կարծում եմ, որ քաղաքական գնահատական պետք է տրվի», - նշեց Նիկոլայ Բաղդասարյանը։

Իշխող մեծամասնությանն ուղղված մեղադրանքներից ոչ պակաս վիրավորված է պատգամավոր Սուրեն Գրիգորյանը: Ասում է՝ արձակուրդն օրենքի պահանջով էր, այդ ընթացքում էլ անգործ չեն նստել: Պարզապես Սահմանադրական դատարանի կազմի լուծումների վերաբերյալ իր և հանրության պատկերացումները տարբեր են:

«Մեր հանրությունը պահանջում է կտրուկ լուծումներ, սակայն կտրուկ լուծումները միշտ չեն պատկերացվող և առաջարկվող որոշումները օրենքի տառին համապատասխան։ Մենք մեզ չենք կարող որպես քաղաքական գործիչներ և ավելին, որպես իշխանություն։ Ընդդիմությունը կարող է իրեն թույլ տալ անգամ նման հայտարարություններ հնչեցնել, իշխանությունը չի կարող իրան թույլ տալ ոչ օրինական որևիցե գործընթաց կամ օրինականության տեսանկյունից կասկածելի որևէ գործընթաց», - ընդգծեց Գրիգորյանը։

Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծվելու է, քայլերը տեսանելի կլինեն մոտ ապագայում խոստանում է իշխանական պատգամավորներից Վահագն Հովակիմյանը: Թե երբ է այդ տեսանելի ապագան և խմբակցությունն ինչ ակտիվությամբ է հարցը քննարկում, դարձյալ հստակ պատասխան չկա:

«Սահմանադրական դատարանի ճգնաժամը լուծվելու է, և մենք ունենալու ենք Սահմանադրական դատարան, այլ ոչ թե Հրայր Թովմասյանի կանտորա», - ասաց Վահագն Հովակիմյանը։

Իշխանական պատգամավորների օրակարգում է Սահմանադրական դատարանի՝ Վահե Գրիգորյանի միջնորդությունը անտեսելու հարցը: Հիշեցնենք՝ մինչև Մարտի 1-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննելը, ՍԴ-ն նախ պետք է քններ Վահե Գրիգորյանի միջնորդությունը, որով բարձրացրել էր ՍԴ երեք անդամի մասնակցության անհնարինությունը դիմումի քննությանը, խոսքը Հրայր Թովմասյանի, Արևիկ Պետրոսյանի և Հրանտ Նազարյանի մասին է: Սակայն, ՍԴ-ն առանց Գրիգորյանի միջնորդությունը քննելու, անցել էր Քոչարյանի դիմումին:

«Այստեղ, իհարկե, հարցեր կան և մենք առաջիկայում կարծում եմ դրանց կանդրադառնանք», - ասաց Լիլիթ Մակունցը։

«Սահմանադրական դատարանի կողմից իրենց լիազորություններից և սահմանված ընթացակարգից շեղվելը կարող է հանգեցնել Ազգային ժողովի համապատասխան արձագանքին», - նշեց Վլադիմիր Վարդանյանը։

«Ազատության» հարցին, թե որո՞նք են դրանք, Վարդանյանը պատասխանեց. «Որոնք են դրանք կիմանաք հաջորդիվ»։

Մինչ իշխող մեծամասնությունը կքննարկի և կորոշի իրենց իսկ գնահատած Սահմանադրական ճգնաժամից դուրս գալու ճանապարհային քարտեզը, Լիլիթ Մակունցը պնդում է. «Մենք որևէ վերջնական եզրակացության չենք եկել քաղաքական հայտարարությունների առումով»։

Նա ընդգծեց՝ գնալու են օրենսդրական լուծման ճանապարհով, իսկ առաջիկայում կքննարկեն դատաիրավական բարեփոխումների փաթեթը:

XS
SM
MD
LG