«Լուսավոր Հայաստան»-ի նախագծերից մեկը վերաբերում էր «Ընդերքի մասին» օրենքում փոփոխություններին: Առաջարկում են պարտադիր դարձնել հանքարդյունաբերական ընկերությունների իրական բաժնետերերի ամբողջական բացահայտումը:
Գործող օրենքով պահանջվում է, որ բացահայտվեն հանքարդյունաբերական կազմակերպությունների 10 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցողների տվյալները:
«Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանը զեկուցելիս հիշեցրեց Ամուլսարի օրինակը․ - «Ամուլսարի վերաբերյալ մամուլում տարբեր հրապարակումներ եղան տարբեր սեփականատերերի անուններով: Առաջարկում եմ կողմ քվեարկել այս նախագծին՝ հետագայում նման թյուրամիցություններ չունենալու նպատակով»:
Իշխանական պատգամավոր Հայկ Գևորգյանը մանրամասնեց, թե ինչու է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվել․ - «Կարող են լինել, որպես հիմնադիրներ, որպես մասնակիցներ, ամբողջական ընկերություններ, որոնք անընդհատ իրենց ակցիաները հանում են շուկա, վաճառում են, հետո նորից գնում են, նորից հանում են, վաճառում են: Այնպես որ, դա կլինի անիմաստ, ուղղակի անունների հսկայական ցանկեր, որոնց ուսումնասիրությունը ուղղակի ոչինչ չի տա»:
Իշխանականների հիմնավորումներից տարակուսած «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդեց, որ տասը տոկոսից ցածր բաժնեմաս ունեցողների ցանկն էլ պետք է հրապարակվի, ինչի՞ց է վախենում իշխանությունը․ - «Էկեք ընդունենք էս նախագիծը, հարյուր տոկոս թող բացահայտվի: Բա ամեն օր թափանցիկությունից ենք խոսում՝ թափանցիկ հանքարդյունաբերություն, որ իմանանք, որ հանքի հետևում ով ա կանգնած: Բա ո՞նց պիտի իմանանք: Մարդիկ նվազեցնում են՝ երկու տոկոս, երեք տոկոս, չորս տոկոս, որ չիմանանք ով ա սեփականատերը»:
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենքում հանքերի սեփականատերերի բացահայտման փոփոխություններն արվել են այս տարվա գարնանը: Սակայն խոսքը վերաբերում է միայն 10 տոկոսից բարձր մասնաբաժին ունեցողներին: Իսկ ԼՀԿ-ն առաջարկում է այդ տասը տոկոսի շեմն էլ վերացնել:
Բաբկեն Թունյանը («Իմ քայլը») առաջարկեց սպասել ևս մի քանի ամիս, դեռևս գարնանը կատարված փոփոխության արդյունքը տեսնելուց հետո միայն քննարկել նոր առաջարկները:
Անդրադառնալով Ամուլսարի վերաբերյալ բերած օրինակին՝ Թունյանը շեշտեց․ - «Միջազգային պրակտիկայում եղել է 25 տոկոս, բայց մենք ընդունել ենք 10 տոկոս: Եվ քանի որ պարոն Բաղդասարյանը՝ հիմնական զեկուցողը, զուգահեռ տարավ Ամուլսարի հետ, մի բան էլ ասեմ: «Լիդիան» ընկերությունը բորսայում ցուցակված ընկերություն է ու այսօր Հայաստանի ամենաթափանցիկ ընկերությունն է՝ եթե նայենք փաստաթղթերի տեսանկյունից: Բայց մի հատ եկեք նայենք՝ այդ թափանցիկությունն այսօր դուք ինչքանո՞վ եք կոնկրետ գնահատում»:
Օրինագիծը մերժվեց ձայների հետևյալ հարաբերակցությամբ՝ կողմ 36 կողմ, 67 դեմ, 7 ձեռնպահ:
Մեկ այլ նախագծով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջարկում էր, որ պետությունը եկամտահարկի վերադարձով փոխհատուցի մարզերում հիփոթեքային վարկով երկրորդային շուկայից բնակարան գնողներին: Այժմ պետությունը եկամտահարկի վերադարձով փոխհատուցում է միայն կառուցապատողից գնելու դեպքում:
Իշխանական պատգամավորները դեմ քվեարկեցին՝ հիշեցնելով, որ եկամտահարկի վերադարձը շինարարությունը խրախուսելու նպատակով է:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր քրեական պատասխանատվություն սահմանել այն գործատուների նկատմամբ, որոնք աշխատակիցներից պարտադրաբար կորզում են աշխատանքի ազատման դիմումներ:
«Այս նախագիծը կոչված է զսպելու օրինատյաց գործատուների, ղեկավարների հավակնությունները մարդկանց անձնական նկատառումներով աշխատանքից ազատելու դիմում կորզելու համար: Վա՞տ բան ենք առաջարկում», - փաստարկեց Գևորգ Պետրոսյանը:
Պետաիրավական հանձնաժողովի ներկայացուցիչ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հիմնավորմամբ՝ աշխատողների իրավուքների պաշտպանությունը արհմիություններով պետք է կարգավորել, ոչ թե Քրեական օրենսգրքով: Բացի այդ, ըստ իշխանական պատգամավորի, դատական գործիքկազմն էլ արդյունավետ պաշտպանության միջոց է: