Մոսկվայի քաղաքապետարանը կրկին մերժել է մայրաքաղաքում բողոքի ցույց անցկացնելու՝ ընդդիմության հայտերը:
Ակցիայի նախաձեռնողները քաղաքային իշխանություններին ուղարկված փաստաթղթում նշել էին, որ պատրաստվում են օգոստոսի վերջին օրը կենտրոնական փողոցներ դուրս գալ հանուն ազատ ընտրությունների և ընդդեմ բռնաճնշումների: «Դա խոչընդոտում է երթևեկությանն ու խանգարում մոսկվացիների բնականոն կյանքին», - պնդել է քաղաքապետարանը, ընդգծելով՝ Մոսկվայի կենտրոնական պողոտաներում 10-հազարանոց երթի համար բավարար տարածք չկա:
«Մինչ նախագահ Պուտինը տեսախցիկների առջև կոչ է անում երաշխավորել հավաքների ազատությունը, քաղաքապետարանը միտումնավոր և սադրիչ կերպով մերժում է երթ անցկացնելու մեր հայտերը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ընդդիմության առաջնորդներից Լյուբով Սոբոլը, ով դարձել է հակակառավարական այս շարժման խորհրդանիշներից մեկը։ «Քաղաքապետարանից պահանջում եմ դադարեցնել սադրանքներով զբաղվելը և անհարգալից վերաբերմունքը մոսկվացիների նկատմամբ», - հայտարարել է երիտասարդ գործիչը, ով սեփական իրավունքները պաշտպանելու և բողոքի ցույցեր անցկացնելու համար մի քանի անգամ բերման է ենթարկվել և ընդհանուր առմամբ ավելի քան մեկ միլիոն ռուբլու տուգանք վճարել:
Մոսկվայում բողոքի ցույցերը սկսվել են հուլիսի կեսերից, երբ ընտրական մարմինները հրաժարվեցին գրանցել ավելի քան հինգ տասնյակ ընդդիմադիր գործիչների թեկնածությունը սեպտեմբերին կայանալիք քաղաքային դումայի ընտրություններում: Պաշտոնական պատճառաբանությամբ՝ գրանցման համար անհրաժեշտ ստորագրություններն են կեղծված, ընդ որում ՝ անխտիր բոլոր թեկնածուների դեպքում: Ընդդիմությունը, մինչդեռ, հայտարարում է քաղաքական պատվերի ու կոշտ ճնշումների մասին:
Հուլիսի 27-ին և օգոստոսի 3-ին կայացած ակցիաների ժամանակ ցուցարարներին բռնի ուժով ցրելու և ծեծելու գործին էին լծվել ոչ միայն ոստիկանները, այլև հատուկ ջոկատայիններն ու Ռոսգվարդիայի աշխատակիցները: Կրեմլի կողմից վերահսկվող լրատվամիջոցները այդ ակցիաները կամ չէին լուսաբանում, կամ էլ հատուկ շեշտում էին՝ դրանք համաձայնեցված չէին իշխանությունների հետ: Օգոստոսի 10-ի հանրահավաքն արդեն արտոնված էր, սակայն դա էլ ավարտվեց ցուցարարների զանգվածային ձերբակալություններով:
Ընդ որում, ոստիկանական մահակներից բացի, ընդդիմադիրները ստիպված են նաև տնտեսական ճնշումներին դիմագրավել: Վերջին մի քանի օրվա ընթացքում մի շարք կազմակերպություններ, այդ թվում՝ Մոսկվայի մետրոպոլիտենն ու «Անկոր» ընկերությանը պատկանող «Արմենիա» ռեստորանը դատական հայց են ներկայացրել ընդդիմության առաջնորդների դեմ՝ պնդելով, թե նրանց կազմակերպած «անօրինական հավաքների» պատճառով իրենք ֆինանսական կորուստներ են կրել:
Եթե ռուսական դատարանները բավարարեն այս հայցերը, ընդդիմադիր գործիչները ստիպված կլինեն ավելի քան 13 միլիոն ռուբլու փոխհատուցում վճարել: