Մատչելիության հղումներ

Ալեքսեյ Նավալնին ազատ է արձակվել


30-օրյա կալանքից հետո այսօր առավոտյան ազատ արձակվեց Ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնին:

Նախագահ Պուտինի մոլի քննադատը հերթական անգամ ճաղերի ետևում էր հայտնվել չարտոնված ցույցեր կազմակերպելու համար:

Հուլիսի 24-ին, երբ նա դուրս էր եկել առավոտյան վազքի, իրավապահները նրան սեփական տան շքամուտքից բերման էին ենթարկել հենց մարզական շորերով: Օրեր անց Նավալնին բանտից հիվանդանոց էր տեղափոխվել, ըստ բժիշկների՝ եղնջացանով: Ընդդիմադիրը, մինչդեռ, չէր բացառել, որ մեկուսարանում կարող էր քիմիական նյութի ազդեցության ենթարկված լինել:

Այսօր, բանտից դւորս գալուն պես, հեռվում նկատելով խմբով կանգնած ոստիկանների, Նավալնին կատակել է՝ հետաքրքիր է՝ էլի՞ իմ հետևից են եկել:

«Նախ և առաջ ուզում եմ շնորհակալությունս հայտնել բոլոր այն հրաշալի և համարձակ մարդկանց, որոնք ողջ այս ընթացքում շարունակել են մասնակցել բողոքի ակցիաներին: Ուզում եմ իմ աջակցությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր այժմ կալանքի տակ են կամ անցնում են քրեական գործերով: Հիացած եմ Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների թեկնածուների համարձակությամբ, որոնք շարունակաբար ձերբակալվում են, բայց համառորեն չեն փոխում իրենց դիրքորոշումը: Ի դեմս նրանց՝ մենք տեսնում ենք նոր, իրական ընդդիմություն, և ես շատ ուրախ եմ այդ փաստի առթիվ», - ասել է Նավալնին:

Մոսկվայում բողոքի ցույցերը սկսվել են հուլիսի կեսերից, երբ ընտրական մարմինները հրաժարվեցին գրանցել ավելի քան հինգ տասնյակ ընդդիմադիր գործիչների թեկնածությունը քաղաքային դումայի՝ սեպտեմբերի 8-ին կայանալիք ընտրություններում: Պաշտոնական պատճառաբանությամբ՝ գրանցման համար անհրաժեշտ ստորագրություններն են կեղծված, ընդ որում՝ անխտիր բոլոր թեկնածուների դեպքում: Ընդդիմությունը, մինչդեռ, հայտարարում է քաղաքական պատվերի ու կոշտ ճնշումների մասին:

«Իշխանությունը ստով ու կեղծիքով չի բավարարվում այլևս: Պետք է անպայման տասնյակ մարդկանց ձերբակալեն, հարյուրավորներին ծեծի ենթարկեն, հարձակվեն հասարակական կազմակերպությունների վրա: Սա վկայում է, որ իշխանությունը ոչ մի աջակցություն չունի ժողովրդի շրջանում: Եվ նրանք դա զգում են ու վախից են նման քայլերի դիմում», - հայտարարել է ընդդիմադիր առաջնորդը:

Հուլիսի 27-ին և օգոստոսի 3-ին կայացած ակցիաների ժամանակ ցուցարարներին բռնի ուժով ցրելու և ծեծելու գործին էին լծվել ոչ միայն ոստիկանները, այլև հատուկջոկատայիններն ու Ռոսգվարդիայի աշխատակիցները: Կրեմլի կողմից վերահսկվող լրատվամիջոցներն այդ ակցիաները կա՛մ չէին լուսաբանում, կա՛մ էլ հատուկ շեշտում էին, որ դրանք համաձայնեցված չէին իշխանությունների հետ:

Օգոստոսի 10-ի հանրահավաքն արդեն արտոնված էր, սակայն դա էլ ավարտվեց ցուցարարների զանգվածային ձերբակալություններով: Դրանից հետո մինչև օրս Մոսկվայի քաղաքապետարանը մի քանի անգամ մերժել է մայրաքաղաքում բողոքի ցույց անցկացնելու՝ ընդդիմության հայտերը:

Վերջին մերժումը ստացվել է երեկ․ քաղաքապետարանը չի արտոնել օգոստոսի 31-ին բողոքի ցույց և երթ անցկացնելու դիմումները՝ պատճառաբանելով, թե մեգապոլիսում 10-հազարանոց երթի համար բավարար տարածք չկա:

Նավալնին այսօր հակադարձել է՝ հայտարարելով, որ բողոքի ալիքը կասեցնել չի հաջողվի․ - «Ես կասկած չունեմ, որ չնայած այս, բառացիորեն ասած՝ ընդդիմադիրներին տեռորի ենթարկելու, ահաբեկելու, պատահական մարդկանց ուղղակի ձերբակալելու քայլերին, ալիքը գնալով կհզորանա, և վարչակազմը դեռ շատ կզղջա իրեն այսպես պահելու համար»:

Բողոքի այս ցույցերն անցնում են Պուտինի 20-ամյա իշխանավարության թերևս ամենաբարդ փուլում, երբ նրա վարկանիշը շարունակական անկում է արձանագրում՝ արևմտյան պատժամիջոցների ու օր-օրի խորացող տնտեսական խնդիրներից հետո:

Մասնավորապես, այս ամսվա սկզբին հրապարակված սոցիոլոգիական հարցումներից մեկի համաձայն, եթե ընտրություններն անցկացվեին առաջիկա կիրակի, Վլադիմիր Վլադիմիրովիչը չէր դառնա Ռուսաստանի նախագահ, նրա օգտին կքվեարկեր ընտրողների միայն 43 տոկոսը:

Նույն պատկերն էր արձանագրվել նաև մեկ այլ կենտրոնի՝ «Լևադա»-ի հարցումներով: Ըստ այդմ՝ եթե ընտրություններն անցկացվեին առաջիկա շաբաթավերջին, նախագահ Պուտինի օգտին կքվեարկեր հարցվածների միայն 40 տոկոսը:

XS
SM
MD
LG