Մոսկվայում երեկ գիշեր խուզարկություններ են կատարվել ընդդիմադիր թեկնածուների բնակարաններում։ Այսօր էլ ձերբակալվել է ակտիվիստ Սերգեյ Ֆոմինը, ով մետրոյում հուլիսի 27-ին կայանալիք բողոքի ակցիայի մասին իրազեկող թռուցիկներ էր բաժանում։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի մի շարք քաղաքներում և մարզերում սեպտեմբերի 8-ին կայանալու են տեղական ընտրություններ, այդ թվում նաև Մոսկվայում։ Մոսկվայի ընտրական հանձնաժողովը հրաժարվել է գրանցել 57 թեկնածուների, այդ թվում՝ բոլոր ընդդիմադիր թեկնածուներին։ Ընդդիմադիրները հայտարարել են, որ սա քաղաքական որոշում է և իրականում գրանցվելու համար անհրաժեշտ ստորագությունները կեղծվել են հենց ստուգելու ժամանակ, և բողոքի ակցիա են սկսել Մոսկվայում։
Երեկ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ընտրական իրավունքի և ընտրական հանձնաժողովի աշխատանքը խոչընդոտելու համար։ Այդ գործի շրջանակներում խուզարկվել են ընդդիմադիր Դմիտրի Գուդկովի, Իվան Ժդանովի և Ալեքսանդր Սոլովյովի բնակարանները։ Ընդդիմադիրներից շատերը հրավիրվել են Քննչական կոմիտե հարցաքննության։
Գուդկովի կինը երեկ Թվիթերում գրել էր, որ շուրջ մեկ տասնյակ ոստիկաններ գիշերը խուզարկել են իրենց տունը, նրանք փնտրել են նյութեր հուլիսի 27-ին նախատեսված ընդդիմադիրների բողոքի ակցիայի հետ կապված։ Ինքը՝ Գուդկովն այսօր գրել է. «Կարևորը գիշերային խուզարկություններից հետո ընտրությունները ավարտվել են, այդ ինստիտուտը Պուտինի օրոք մահացել է»։
Բոլոր ընդդիմադիրները, նաև Գուդկովը կոչ են անում, չնայած ձերբակալություններին և խուզարկություններին, հուլիսի 27-ին գնալ բողոքի ակցիային։
Ոստիկանությունն էլ իր հերթին հայտարարել է, թե ակցիան անօրինական է։
Ռուսաստանցի անկախ փորձագետները համարում են, որ հուլիսի 27-ին Մոսկվայում կարող է կրկնվել 2012 թվականի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության նախօրեի սցենարը, երբ լուրջ բախում էր տեղի ունեցել ոստիկանության և քաղաքացիների մեջև, իսկ ակցիայի մասնակից մի շարք ակտիվիստներ դատապարտվել էին անազատության։
Եվս մեկ չգրանցված թեկնածու՝ Ալեքսեյ Նավալնու կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի փաստաբան Լյուբով Սոբոլը համարում է, թե այս խուզարկություններն ու ձերբակալությունները վկայում են այն մասին, որ նախագահի ադմինիստրացիան և Մոսկվայի քաղաքապետարանն իրոք վախեցել են այն ճգնաժամից, որ ստեղծվել է Մոսկվայի դումայի ընտրությունների շուրջ։
Հիշեցնենք՝ երեկ Մոսկվայի դատարանը 30-օրյա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին՝ շաբաթվա վերջին հրավիրված չարտոնված հավաքին ընդառաջ։ Ազատազրկման են դատապարտել նաև Նավալնիի մի շարք թիմակիցների։