Պաշտպանի շեշտադրմամբ՝ մի շարք հիվանդություններ ունեցող 62-ամյա Գրիգորյանը չպետք է մնա կալանավայրում․ - «Գիտենք բավականին հնչեղ գործեր այսօր իրավակիրառ պրակտիկայում, և բոլորը էսօր որը գրավով, որը ստորագրություն դրսում են, բացի Մանվել Գրիգորյանից: Ուստի դա հիմք է ինձ տալիս ենթադրելու և հայտարարելու, որ վերջինիս պահում են պատանդ»:
Մանվել Գրիգորյանը կալանքի տակ է հուլիսի 19-ից: Նրան պատկանող տարածքներում Ազգային անվտանգության ծառայությունը հայտնաբերել էր «Զինվորի բաժին» նշագրումով սնունդ, նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկվելիք այն արկղերը, որոնք լի էին հիգիենիկ պարագաներով, դեղորայքով, զինվորական հանդերձանքով, իսկ դրանցից մի քանիսում դեռ մնացել էին զինվորներին հասցեագրված դպրոցականների նամակները։
Նրա փաստաբանը կրկին պնդեց, որ Գրիգորյանը մեղքը չի ընդունում, իսկ իրավապահների հայտնաբերվածը գտնվում էր նրան պատկանող տարածքում, որի մի հատվածը ծառայել է որպես Երկրապահ կամավորականների պահեստ։
Օրերս դատարանը երրորդ անգամ երկարաձգեց Գրիգորյանի կալանքի ժամկետը: Նրա փաստաբանը պնդում է, թե դատարանում նախաքննական մարմինն ապացույց չի ներկայացրել, թե ինչպես կարող է Գրիգորյանը ազատության մեջ խոչընդոտել նախաքննությանը կամ ազդել գործի ընթացքի վրա։
Ավելին՝ փաստաբանը նշում է, որ գործը քննող Հատուկ քննչական ծառայության կողմից նշանակված դատաբժշկական փորձաքննությունը հաստատել է նրա հիվանդությունները, որոնց բուժման համար կալանավայրը, ըստ փաստաբանի, հարմար վայր չէ: Բայց դատարանն անգամ իրենց առաջարկած գրավը հաշվի չի առել:
«Թոքի կեսը չկա, քաղցկեղով հիվանդ է: Դա արդեն ծանր հիվանդության տեսակ է, և, կարդացել եմ ֆրանսիացի բժշկի կարծիքը, ուղղակի արգելվում է անձին պահել մեկուսացված սենյակի մեջ՝ հաշվի առնելով, որ վերջինիս պետք է քայլել, վերջինիս պետք է մաքուր օդ: Երկրորդը, տառապում է ծանր դիաբետով: Մինչև կանալքի տակ գտնվելը նա ինսուլին չի ընդունել: Կալանքի տակ եղած ժամանակ մեծ դոզայով ընդունում է ինսուլին, և շաքարի քանակությունը ավելացել», - մանրամասնեց փաստաբան Բաղդասարյանը:
Քրեակատարողական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Գրիգորյանը ստանում է համապատասխան դեղորայքային բուժում։
Գործը քննող Հատուկ քննչական ծառայության խոսնակ Մարիան Օհանջանյանը «Ազատությանն» ասաց, թե դատաբժշկական փորձաքննությունում նշված չէ, որ Գրիգորյանի առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի պայմաններին․ - «Եթե օրենքով սահմանված ընթացակարգերով հիմնավորվի, որ կալանքը անհամատեղելի է հիվանդությունների հետ, կքննարկվի խափանմանը միջոցը փոխելու հարցը»:
Գրիգորյանի փաստաբանը փոխանցեց, որ նախաքննական մարմին է ներկայացրել Գրիգորյանի բժշկական փաստաթղթերը, այդ թվում և ֆրասիացի բժշկի եզրակացությունը․ - «Կալանավորվելուց մեկ շաբաթ հետո վերջինս պետք ա գնար ստուգման և համապատասխան վիրահատական միջամտության: Չկարողացավ գնալ, և այդ այլ երկրի բժիշկը եկավ, մտավ մեկուսարան, հետազոտեց և մեկուսարանի համապատասխան բժշկական թերթիկում գրեց՝ անթույլատրելի է անձին պահել նման պայմանների տակ: Նա դանդաղ մահանում է, և դա ես եմ ասում: Այսօր Մանվել Գրիգորյանը, իմ կարծիքով, դանդաղ մահանում է: Վատթարացումը ուղղակի ակնհայտ է, միգուցե 10-20 օր հետո մենք կունենանք լրիվ այլ պատկեր»:
Փաստաբանի կարծիքով, իշխանափոխությունից հետո էլ որոշ գործերով՝ այդ թվում և Մանվել Գրիգորյանի գործով, դատարանները գտնվում են, իր ձևակերպմամբ՝ գործադիրի ներբանի տակ:
Գրիգորյանին կալանքի տակ պահելու վրա, ըստ փաստաբանի, ազդեցություն է ունեցել Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթը Գրիգորյանի ձերբակալության և այս քրեական գործի վերաբերյալ։ Հունիսի 17-ին Փաշինյանն ուղիղ եթերում ասել էր՝ զինվորի բաժինը գողացողը արժանի չէ որևէ ներման։
«Ազատության» հարցին, թե արդյոք դրանով Փաշինյանը խախտել է անմեղության կանխավարկածը, Գրիգորյանի փաստաբանը պատասխանեց․ - «Կարծում եմ, որ անմեղության կանխավարկածի հետ կապված ուղղակի աղերս կար»: