Մատչելիության հղումներ

«Զինվորների սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանիներին կերակրելու համար». ԱԱԾ


Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) երեկ երեկոյան հրապարակել է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի՝ էջմիածնի առանձնատանն ու Ակնալիճի ամառանոցում իրականացված խուզարկության տեսանյութը:

Տեսանյութում երևում են դեղորայքով, զինվորական հագուստով, «զինվորի բաժին» գրությամբ ապրանքներով լի տասնյակ արկղեր:

ԱԱԾ հրապարակած տեսանյութում երևում է, որ արկղերից շատերի վրա կան զինվորներին ուղղված գրություններ, նամակներ ու բարեմաղթանքներ՝ տարբեր համայնքների բնակիչների, հիմնարկների աշխատողների, դպրոցների աշակերտների, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից:

«Հանրապետության տասնյակ մանկապարտեզներից, դպրոցներից, համայնքներից զինվորներին ուղարկված սնունդը՝ խտացրած կաթ, մակարոնեղեն, տոմատի մածուկ, պահածոյացված միս, բանջարեղեն, նույնպես պահեստավորված էին հանգստյան գոտու պահեստներում», - ասվում է տեսանյութում։

Ըստ ԱԱԾ հաղորդագրության, Մանվել Գրիգորյանի ամառանոցում հայտնաբերվել է նաև սեփական կենդանաբանական այգի՝ տարբեր վայրի կենդանիներով:

Ազգային անվտանգության ծառայությունը նշում է, որ ստացված տվյալներով պարզել են, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն «օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով»:

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է նաև, որ խուզարկության արդյունքում Մանվել Գրիգորյանի առանձնատներում հայտնաբերվել է հսկայական զինապահեստ, ինչպես նաև մի քանի տասնյակ թանկարժեք ժամանակակից և ռետրո ավտոմեքենաներով երեք ավտոպարկ, մոտոցիկլետների և ձնագնացների հավաքածու:

«Ուշագրավ էր այն, որ հայտնաբերվեց նաև ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին Պաշտպանության բանակի համար նախատեսված ամենագնացների շարք, շտապօգնության մեքենա։ Դրանք պաշտպանության բանակին էին նվիրաբերել Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները, որոնք Մանվել Գրիգորյանը ձևակերպել է իր բարեկամների անուններով և տեղափոխել իր սեփական ավտոպարկ», - ասվում է ԱԱԾ տեսանյութում։

ԱԱԾ հրապարակած տեսանյութի կապակցությամբ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ։

Նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը խնդրեց մեկնաբանություններ ստանալ ԱԱԾ-ից։ «Ոչ մի մեկնաբանություն, ԱԱԾ-ից վերցրեք, խնդրում եմ։ Մենք չենք մեկնաբանելու», - ասաց Հովհաննիսյանը։

Ազգային ժողովի պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է հունիսի 16-ին՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու կասկածանքով:

Այն, որ կասկածները ոչ միայն ապօրինի զենք-զինամթերքին են վերաբերում, այլ նաև բանակի համար ուղարկված օգնությունը յուրացնելուն, ավելի վաղ իր ֆեսյբուքյան տեսաուղերձում հայտնել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարծում եմ, որ զինվորի բաժինը գողացողը, ով էլ նա լինի, արժանի չէ որևէ ներման», - հայտարարեց Փաշինյանը։

Մանվել Գրիգորյանին ձերբակալելու որոշումը երեկ բողոքարկվում էր դատարանում:

Ըստ Գրիգորյանի պաշտպան Հրանտ Անանյանի, իրենք դիմումում պնդել են, որ Ազգային ժողովի պատգամավորին առանց խորհրդարանի որոշման ազատությունից զրկելու հիմքեր Ազգային անվտանգության ծառայությունը չի ունեցել։

Առաջին ատյանի դատարանը երեկ մերժեց Գրիգորյանի փաստաբանների բերած բողոքը՝ ձերբակալությունը համարելով իրավաչափ:

«Դատարանի որոշումն այնպիսինն է, որ նա կշարունակի մնալ արգելանքի տակ։ Մեր պնդումն այն էր, որ պարոն Գրիգորյանը հանցագործություն կատարելիս կամ այն կատարելուց անմիջապես հետո չի հայտնաբերվել՝ չի բռնվել, բերման չի ենթարկվել, ինչպիսի պահանջ որ սահմանված է Սահմանադրությամբ պատգամավորին առանց Ազգային ժողովի համաձայնության ազատությունից զրկելու համար», - ասաց փաստաբանը։

Մանվել Գրիգորյանին դեռ որևէ մեղադրանք առաջադրված չէ: Ըստ նրա պաշտպան Հրանտ Անանյանի, բանակից յուրացումների հետ կապված կասկածանքի մասին ինքը տեղեկացել է լրատվամիջոցներից, դատարանում քննվել է միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքը, որը Գրիգորյանը չի ընդունում:

«Այս պահի դրությամբ նման կասկածանք առաջադրված չէ պարոն Գրիգորյանին և դատական ստուգման ընթացքում էլ նրան նման փաստարկներ նախաքննության մարմնի կողմից չի ներկայացվել, երբ որ խորհրդակցական սենյակ հեռացավ դատարանը, այդ ընդմիջման ժամին արդեն հեռախոսներով տեսանք ֆեյսբուքում կամ էլեկտրոնային մամուլում, որ նման հայտարարություններ են եղել, նման ելույթ է եղել և նման հանգամանքներ կան այս գործով։ Ես ոչինչ չեմ կարող ասել, որովհետև իմ համար սա անակնկալ է, այս պահին էլ իմ վստահորդն այստեղ չի, որպեսզի ես փորձեմ այդ հարցի հետ կապված իր հետ խոսել», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը։

Մանվել Գրիգորյանն Ազգային անվտանգության ծառայության ձերբակալվածերի պահման վայրում կարող է պահվել 72 ժամ, այդ ընթացքում գլխավոր դատախազը պետք է դիմի Ազգային ժողովին՝ քրեական հետապնդում հարուցելու և կալանավորելու թույլտվություն ստանալու համար:

«Կամ մինչև 72 ժամը լրանալը համապատասխան գլխավոր դատախազը պետք է դիմի Ազգային ժողովին՝ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու համար, այդ թվում նաև՝ խափանման միջոցի հետ կապված թույլտվություն ստանալու համար, կամ այս երեք օրում կարող է խափանման միջոցը փոփոխվի, այսինքն՝ ոչ թե փոփոխվի, այլ ազատության սահմանափակման հետ չկապված խափանման միջոց ընտրվի, որովհետև ձերբակալումը խափանման միջոց չի հանդիսանում, և երրորդ կետը զուտ օրենսդրությամբ եթե նայենք, հնարավոր է, որ քրեական հետապնդումը դադարեցվի անձի նկատմամբ՝ եռօրյա ժամկետում», - ասաց Անանյանը։

Հանրապետական խմբակցությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ ապօրինի որակելով Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը և հորդորելով ազատ արձակել նրան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG