Մատչելիության հղումներ

ԱԱԾ-ն Մանվել Գրիգորյանին առնչվող քրգործի մանրամասներ է հաղորդում, հրապարակվել է նոր տեսանյութ


Արխիվ
Արխիվ

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը նոր մանրամասներ է հաղորդում Մանվել Գրիգորյանին առնչվող քրեական գործի ընթացքի վերաբերյալ:

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, հանցավորության դեմ պայքարին ուղղված իրենց գործառույթների իրականացման շրջանակներում, դեռևս 2018 թ. հունիսի 16-ին Էջմիածին քաղաքում խուզարկություններ էին անցկացրել ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում:

Իրականացված խուզարկության արդյունքում Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներից հայտնաբերել էին մեծ քանակությամբ ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, ինչպես նաև քաղաքացիների կողմից 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին առաջնագիծ ուղարկված սննդամթերք և այլ պարագաներ: Շարունակելով ստացված տեղեկությունների ճշգրտման գործընթացը ՀՀ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ հատուկ քննչական ծառայության համագործակցության արդյունքում իրավական օգնություն ցույց տալու միջնորդություն էր ուղարկվել Արցախի Հանրապետության իրավապահ մարմիններին, որի շրջանակներում 2018 թվականի հունիսի 20-ի առավոտյան խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հարակից` «Արա Լեռ» կոչվող տարածքում գտնվող, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատանը:Խուզարկությամբ հայտնաբերվել են «Զինվորի բաժին» մակագրությամբ մեծ քանակությամբ մսի պահածոներ, ծխախոտ, զինվորական ներքնահագուստ և արտահագուստ, հիգիենայի պարագաներ, վիրակապեր, բենզին, ինքնաձիգի մեծ քանակությամբ փամփուշտներ՝ 7,62 և 5,45 մմ տրամաչափերի:

Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքից հայտնաբերվել է նաև հասցեատիրոջը չհասած ծաղկեպսակ: Նույնը օրը՝ հունիսի 20-ին, Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը օպերատիվ հետախուզություն է իրականացրել Ասկերան քաղաքի տարածքի Միրզաջան կոչվող տեղանքում տեղակայված «ՋԻ-Էս Պլյուս» ՍՊ ընկերության պահեսում: Հետախուզության արդյունքում պարզվել է, որ «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության ղեկավար կազմը յուրացնելու եղանակով հափշտակել է ՀՀ պաշտպանության նախարարությունից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից, ինչպես նաև տարբեր կազմակերպություններից և քաղաքացիներից ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին որպես օգնություն տրամադրված առանձնապես խոշոր չափերով պարենային ապրանքներ:

Մասնավորապես հայտնաբերվել է «Զինվորի բաժին» գրառմամբ թվով 25 հատ մսի պահածոների, 229 հատ տարբեր տեսակի դատարկ պահածոների տարաներ, 2537 հատ գուլպա, 19,425 տուփ ծխախոտ, 882 զույգ ձեռնոց և այլ ապրանքներ: Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի բոլոր հանգամանքների լրիվ և օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ տարվող քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական համագործակցված միջոցառումները շարունակվում են: Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է ԱԱԾ հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ գեներալ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու և յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG