Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է 2016-ին ապրիլյան պատերազմի օգնությունը հափշտակելու, ինչպես նաև ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը, «Ազատության»-ը փոխանցեց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։
Դեռ երկու ամիս առաջ դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության միջնորդությունը գեներալին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ։
Երկու ամիսը լրացել էր երեկ՝ օգոստոսի 16-ին։
Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին: Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար։
Գեներալին պատկանող շինություններում և տարածքներում խուզարկությունների արդյունքներով Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասված էր․ - «Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «Զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին»: ԱԱԾ-ն նաև տեսանյութ էր հրապարակել:
Մեղադրանք է առաջադրված նաև Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար, իսկ որդին՝ Կարեն Գրիգորյանը հոր ձերբակալությունից հետո հրաժարական տվեց Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից: