Մատչելիության հղումներ

Փաշինյանն իր գրառմամբ խոսքի ազատությունը ճնշելու նպատակ չի ունեցել


Վարչապետ Փաշինյանը վստահեցնում է, որ «հակապետական քարոզչություն» իրականացնող որոշ հեռուստաընկերությունների մասին գրառում անելով՝ խոսքի ազատության ճնշման նպատակ չի ունեցել:

«Մանրամասնելու կարիք չկա: Եվ կարծում եմ, ուշադիր ընթերցողը կտեսներ, որ էնտեղ ասվում էր, որ էսօր Հայաստանում խոսքի անսահմանափակ ազատություն կա: Եվ կարծում եմ, դուք բոլորդ ձեր աշխատանքում դա տեսնում եք և կվկայեք», - «Սինոփսիս Արմենիա» ընկերությունում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ֆեյսբուքյան իր էջում երեկ վարչապետը գրել էր․ - «Որոշ հեռուստաընկերություններ, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից, որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել»: Կոչ անելով նման գործողություններ չանել՝ Փաշինյանը նշել էր, որ «իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։»

Մեկնաբանելով իր երեկվա հայտարարությունը՝ վարչապետն այսօր չհստակեցրեց, թե որ հեռուստաընկերությունների մասին է խոսքը․ - «Ես հասկանում եմ, որ նախկինում ամեն ինչը ասվել է՝ ինչ ասել, ինչպես ասել, էսպես ասած համապատասխան մարմինների կողմից: Ես ընդամենը ուզում եմ, որ այսօրվա իրավիճակում, երբ որ էդպիսի երևույթ չկա, այդ իրավիճակը ի չարը չօգտագործվի և հակապետական քարոզչություն չարվի: Ես չեմ ուզում կոնկրետ հասցեավորեմ, որովհետև, եթե կոնկրետ հասցեավորեմ, կստացվի, որ ինչ-որ մեկին էսպես ասած ուզում ենք թիրախավորել: Ես ընդամենը ահազանգ եմ հնչեցնում և խնդրանք-կոչ եմ հնչեցնում՝ էդպես չվարվել»:

Վարչապետն «Ազատության» հարցին ի պատասխան անդրադարձավ ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու, ինչպես նաև բանակից յուրացումներ ու հափշտակություն կատարելու մեջ մեղադրվող գեներալ Մանվել Գրիգորյանին․ - «Մենք օպերատիվ տեղեկություններ ունեինք և իրացրել ենք էդ օպերատիվ տեղեկությունները»:

Վարչապետը այսօր այցելել էր «Սինոփսիս Արմենիա» ընկերություն: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայաստանյան առաջատարներից մեկը հանդիսացող այս ընկերության աշխատակիցները ակտիվորեն մասնակցել էին Փաշինյանի գլխավորած թավշյա հեղափոխությանը՝ նաև պարտադրելով, որպեսզի գրասենյակից հանվեն պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի լուսանկարները:

«Սա առաջին անգամն է, երբ մենք համատեղ գտնվում ենք նույն գրասենյակի տարածքում․ սովորաբար մենք համատեղ գտնվել ենք նույն փողոցում, նույն հրապարակում: Եթե որևէ մեկի բարեկեցության մակարդակը Հայաստանի Հանրապետությունում, այսինքն իմ տեսադաշտում գտնվող որևէ մեկի բարեկեցության մակարդակը տեսանելիորեն աճում է, սովորաբար դա կապված է երկու դեպքի հետ: Ուրեմն այդ մարդը կա՛մ ներգրավված է կոռուպցիայի մեջ, կա՛մ բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Եվ այս է պատճառը, որ հիմա մեր և իմ գործունեության երկու ամենակարևոր ուղղությունները, ուշադրությունը կենտրոնացած է կառուպցիայի և բարձր տեխնոլոգիաների հետ կապված խնդիրներում», - ասաց վարչապետը:

«Սինոփսիս»-ի աշխատակիցները մտահոգություն էին արտահայտել նախորդ շաբաթ Կառավարության կայացրած որոշման առթիվ, ըստ որի կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր կերպով ներդրվելու է հուլիս ամսից, իսկ նախկինի համեմատությամբ աշխատողներից գանձվելու է եկամտի ոչ, թե 5 այլ 2,5 տոկոսը:

Վարչապետը վստահեցրեց, որ սա որոշում էր ժամանակ շահելու և խնդիրը հետագայում փոխհամաձայնությամբ լուծելու համար․ - «Այն լուծումը, որ մենք առաջ ենք բերել, ոչ թե արտահայտում է մեր գլոբալ դիրքորոշումը տվյալ խնդրի վերաբերյալ, այլ ընդամենը ունի գործնական նպատակ՝ ունենալ ժամանակ այդ խնդիրը բոլոր շահագրգիռ ուժերի ներգրավվածությամբ հանդարտ պայմաններում, առանց ցայտնոտի քննարկելու: Ես գիտեմ, որ այդ որոշումը ներկաներից շատերի համար ցավոտ է: Ես իսկապես ցավում եմ, որ ստիպված են եղել կայացնել էդպիսի որոշում, բայց դա ամենաբալանսավորված որոշումն է՝ մի պայմանով, որ մենք հենց էդ պահից ունենք հնարավորություն, այսօր էլ ունենք և առաջիկա ամիսների մեր խնդիրն է լինելու հանդարտ, աշխատանքային պայմաններում նստել, այդ խնդիրը քննարկել»:

Վարչապետը վերահաստատեց, որ եթե հետագա քննարկումներում որոշվի չեղարկել կուտակային կենսաթոշակային համակարգը, ապա վճարված գումարները՝ տոկոսներով հանդերձ, կվերադարձվեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG