Մատչելիության հղումներ

Հովհաննես Սահակյանը կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն


Հանրապետական կուսակցության անդամ, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Սահակյանը կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն:

Այդ հարցում իշխանության տեսակետին ընդդիմանալն է սխալ համարում:

Հանրապետականի խորհրդարանական խմբակցությունը, մինչդեռ, արտահերթի անցկացման ողջամիտ ժամկետը հաջորդ տարվա մայիս-հունիս ամիսներն է համարում։

Սահակյանը հենց խմբակցության երեկվա հայտարարությանն է հղում անում՝ Հանրապետականը «չուներ և չունի մտադրություն առաջադրելու վարչապետի իր թեկնածուն»: Ուստի, ըստ Սահակյանի, ի՞նչ իմաստ ունի հակառակվելը, եթե թե՛ լավ, թե՛ վատ ընտրությունների ողջ պատասխանատվությունը իշխանությունն է կրում։ - «Եթե շեշտադրումը կար, որ պետք է Ընտրական օրենսգիրք փոխվի, դա հապճեպ չլինի: Էս պահին քննարկել՝ դեկտեմբեր թե մայիս, կարծում եմ, այլևս անիմաստ է, որովհետև եթե էսօրվա իշխանությունը պատասխանատվություն է վերցնում դեկտեմբեր ամսին կազմակերպել ընտրություններ, և այդ ընտրությունների որակի հետ կապված ամբողջ պատասխանատվությունը մշտապես եղել է օրվա իշխանության ուսերին, հետևաբար էս դեպքում քննարկել կամ դիմադրություն որևէ ցույց տալ, կարծում եմ, ճիշտ չէ»:

Նախկին իշխանության օրոք նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնը զբաղեցրած Սահակյանի խոսքով՝ դեկտեմբերին արտահերթի անցկացմանն ընդդիմանալը կարող է վնասել հենց Հանրապետականին: - «Որևէ լուրջ փաստարկ չեմ տեսնում, որ պետք է ընդդիմանալ: Եվ ընդդիմանալը էսօր կարող է վնասել միայն Հանրապետականին: Որովհետև եթե ժողովուրդը կանգնում ասում է, և ժողովրդին հակառակ որևէ տեսակետ, որևէ հանրահավաք որևէ մի քաղաքական ուժ՝ Հանրապետականը թե մեկ այլ, չի իրականացնում և ընդամենը ասում է՝ ոչ, չենք ուզում, դա չի ընկալվում: Ժողովրդին պետք է բացատրես»:

Սահակյանը ՀՀԿ խորհրդի անդամ է։ Ասում է, որ պատրաստ է կարծիքը բարձրաձայնել նաև կուսակցական հավաքների ժամանակ, ուղղակի առիթ չի եղել: Նրա խոսքով, խորհրդի նիստ վերջին անգամ 2-3 ամիս առաջ է անցկացվել:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հրաժարվելով անուններ տալ, երեկ հայտարարել էր՝ արտահերթը դեկտեմբերին անցկացնելու հարցով Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը միացած որոշ պատգամավորներ այդ քայլին են գնացել ճնշումների արդյունքում։

Հովհաննես Սահակյանը վստահեցնում է՝ իրեն չեն ճնշել, պաշտոնի առաջարկ անող ևս չի եղել։ ՀՀԿ-ից դուրս գալու ծրագրեր չունի․ - «Իմ Հանրապետականից դուրս գալը, կարող եմ ասել, գրեթե բացառում եմ»:

Կուսակցությունը որոշում չունի, բայց ՀՀԿ խորհրդի անդամ Հովհաննես Սահակյանի կարծիքով, ՀՀԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին․ - «Խորհրդարանական կառավարման ձևի պարագայում, երբ որ ամբողջ իշխանական բուրգը ձևավորվում է խորհրդարանում, և քաղաքական ուժը խորհրդարանական ընտրություններին չի մասնակցում, ես կարծում եմ, սա էդ քաղաքական ուժի ուղիղ կործանումն է: Պետք է մասնակցի՝ անկախ նրանից, թե ինչքան կհավաքի»:

Ըստ նախկին պատգամավորի, ՀՀԿ-ն ինքնամաքրվելու կարիք ունի․ - «Պետք է Հանրապետականը կարողանա շատ շուտ էն տղաներին իր շարքերում գտնվող, ովքեր ազնիվ են, մաքուր են, նեղացրել են, պարզ ճակատով ներողություն խնդրել և ասել, որ մեր գոնե մի կորիզ կա, որոնց նպատակներն ազնիվ են: Պետք է շատ արագ, հրապարակային, ոնց որ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի հետ հրապարակային քննարկում է, հրապարակային քննարկենք, թե էն կոռուպցիոն և այլ ինչ-որ մախինացիաների և սկալդալների մեջ թաթախվածները որքա՞ն կապ ունեն Հանրապետականի հետ: Եթե ունեն, նրանց փոխարեն մենք ներողություն խնդրենք»:

Ազգային ժողովի մոտ երկու տասնյակ պատգամավորներ՝ նրանց թվում նաև Հանրապետական խմբակցության ներկայացուցիչներ, այս օրերին հայտարարում են, որ պաշտպանում են դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Փաշինյանի դիրքորոշումը: Մարտուն Գրիգորյանը ևս դեկտեմբերին արտահերթի գնալու կողմնակիցներից է։ Մանդատ երեկ է ստացել, ասաց, անմիջապես նաև ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում է գրել։

Գրիգորյանը ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներից էր և պատգամավոր է դարձավ Ֆելիքս Ցոլակյանի՝ արտակարգ իրավիճակների նախարար դառնալուց հետո:

«Ազատության» հետ զրույցում Գրիգորյանն ասաց․ - «Մանդատը ծառայեցնելու եմ այն նպատակներին, ինչ որ էսօր ժողովուրդը ուզում է և ժողովուրդը պահանջում է: Եվ դրա համար էլ հենց մանդատը վերցրել եմ, որ իմ մասով կարողանամ օգտակար լինեմ: Թե չէ, հասկանալի է, մեկ ամսվա կամ երկու ամսվա համար մանդատ վերցնելու իմաստ, պարզ է, որ չկար»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG