Մատչելիության հղումներ

«Որպեսզի խուսափենք ցնցումներից պետք է ժողովրդի ձայնին ականջալուր լինենք». Տաճատ Վարդապետյան


«Որպեսզի խուսափենք ցնցումներից պետք է ժողովրդի ձայնին, պահանջներին ականջալուր լինենք», - այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը։

Վարդապետյանը մեկն է այն 14 պատգամավորներից, ով հայտարարություն ստորագրեց, որ կողմ է դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն։

Վարդապետյան. - Որովհետև այդպես եմ գտնում ճիշտ, դա ժողովրդի պահանջն է՝ լայն զանգվածների պահանջն է և նաև իմ այն հայրենակցական միության, որը հազարավոր հայերի է միավորում, նրանց ցանկության հետ է նաև համընկնում իմ այս դիրքորոշումը, և որպեսզի խուսափենք ցնցումներից պետք է ժողովրդի ձայնին, պահանջներին ականջալուր լինենք։

«Ազատություն». - Դուք նաև ստորագրել եք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից բացի վարչապետի այլ թեկնածուի չե՞ք սատարելու։

Վարդապետյան. - Այո, այո։

«Ազատություն». - Հանրապետական խմբակցությունից դուրս գալո՞ւ եք։

Վարդապետյան. - Ես դա դեռ կմտածեմ, այսօր կարող է և կայացվի։

«Ազատություն». - Պատգամավորական մանդատը վայր չե՞ք դնի։

Վարդապետյան. - Ժամանակը ցույց կտա ամեն ինչ, խնդրում եմ պատասխանովս բավարարվեք։

Ազգային ժողովի 14 պատգամավորներ հայտարարություն են ստորագրել, որ պաշտպանում են դեկտեմբերին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը:

«Վարչապետի պաշտոնից Փաշինյանի հրաժարականից հետո մինչև արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի և գործող խորհրդարանը պետք է լուծարվի», - ասված է հայտարարությունում, որը ստորագրել են՝ «Ծառուկյան» խմբակցությունից վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Իշխան Զաքարյանը, իշխանափոխությունից հետո Հանրապետական խմբակցությունից դուրս եկած գործարարներ Աշոտ Արսենյանը, Արման Սահակյանը, Արտակ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը, Նահապետ Գևորգյանը, ծնունդով Ջավախքից Շիրակ Թորոսյանը, Հանրապետական խմբակցության անդամներ, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Արայիկ Գրիգորյանը, Հակոբ Հակոբյանը, Հարություն Կարապողոսյանը, Տաճատ Վարդապետյանը, ազգային փոքրամասնությունները ներկայացնող Կնյազ Հասանովը, Արսեն Միխայլովը։

Նշենք, որ երեկ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու մասին հուշագիր ստորագրեցին։ Ծառուկյանը հայտարարեց, որ ամբողջությամբ սատարում է Նիկոլ Փաշինյանին։

Նիկոլ Փաշինյանին սատարելու մասին երեկ հայտարարեց նաև Հանրապետական խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG