Ազգային ժողովի 14 պատգամավորներ հայտարարություն են ստորագրել, որ պաշտպանում են դեկտեմբերին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը:
«Վարչապետի պաշտոնից Փաշինյանի հրաժարականից հետո մինչև արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի և գործող խորհրդարանը պետք է լուծարվի», - ասված է հայտարարությունում, որը ստորագրել են՝ «Ծառուկյան» խմբակցությունից վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Իշխան Զաքարյանը, իշխանափոխությունից հետո Հանրապետական խմբակցությունից դուրս եկած գործարարներ Աշոտ Արսենյանը, Արման Սահակյանը, Արտակ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը, Նահապետ Գևորգյանը, ծնունդով Ջավախքից Շիրակ Թորոսյանը, Հանրապետական խմբակցության անդամներ, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, Արայիկ Գրիգորյանը, Հակոբ Հակոբյանը, Հարություն Կարապողոսյանը, Տաճատ Վարդապետյանը, ազգային փոքրամասնությունները ներկայացնող Կնյազ Հասանովը, Արսեն Միխայլովը։
Նշենք, որ երեկ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու մասին հուշագիր ստորագրեցին։ Ծառուկյանը հայտարարեց, որ ամբողջությամբ սատարում է Նիկոլ Փաշինյանին։
Նիկոլ Փաշինյանին սատարելու մասին երեկ հայտարարեց նաև Հանրապետական խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։