Մատչելիության հղումներ

ՀՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորներ միացել են Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը


Ազգային ժողովի շենքը, արխիվ
Ազգային ժողովի շենքը, արխիվ

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին և ներկա մի խումբ պատգամավորներ այսօր հայտարարություն են տարածել դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը միանալու մասին:

«Պաշտպանում ենք 2018 թվականի դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: Վարչապետի պաշտոնից Փաշինյանի հրաժարականից հետո մինչև ԱԺ արտահերթ ընտրությունները նոր վարչապետ չպետք է ընտրվի և գործող ԱԺ-ն պետք է լուծարվի», - մասնավորապես, ասված է հայտարարությունում:

Հայտարարությանը միացած ՀՀԿ-ական, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն «Ազատության» հետ զույցում ասաց, թե ՀՀԿ խմբակցության դիրքորոշմանը հակառակ կարծիք է արտահայտել՝ հանուն պետության անվտանգության․ - «Ես առաջնորդվել եմ իմ ժողովրդի շահերով: Հիմա էլ որ ես որոշել եմ էս ամեն ինչին չմասնակցեմ, նոր վարչապետի առաջադրմանը և քվեարկության չմասնակցեմ, սա իմ անձնական որոշումն ա՝ ի շահ մեր ժողովրդի, ի շահ մեր պետության անվտանգության»:

Այս պահի դրությամբ հայտարարությանը միացել է 16 պատգամավոր, որոնցից 9-ը դեռևս ՀՀԿ խմբակցությունում են: Այդ ցանկում են Հանրապետական կուսակցության անդամ Ռաֆիկ Գրիգորյանը, Ալիկ Սարգսյանը, «Կիլիկիա» գործարանի սեփականտեր Հակոբ Հակոբյանը, Ավետ Սարգսյանը, ՀՀԿ խմբակցության ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ Կնյազ Հասանովը, Արսեն Միխայիլովը, ՀՀԿ խմբակցության անկուսակցական պատգամավորներ Հարություն Կարապողոսյանը, Տաճատ Վարդապետյանը:

Հեղափոխությունից հետո խմբակցությունը և կուսակցությունը լքած գործարար պատգամավորներ Արտակ Սարգսյանը, Արման Սահակյանը, Աշոտ Արսենյանը, Արայիկ Գրիգորյանը, Նահապետ Գևորգյանը, Սամվել Ալեքսանյանը ևս միացել են հայտարարությանը: ԱԺ պատգամավոր, ծնունդով ջավախքից Շիրակ Թորոսյանն էլ ստորագրողների ցանկում է:

Նախկին ոստիկանապետը կոչ է անում կուսակիցներին իր որոշմանը այլ ենթատեքստեր չտալ․ ինքն առաջնորդվել է խղճի թելադրանքով: Իսկ եթե իր կարծիքին բռնանան, կքննարկի կուսակցությունից դուրս գալու նպատակահարամարությունը․ - «Ես չունեմ ընդհանրապես տրամադրությունը Հանրապետական կուսակցություն կոչվածին, էդ կառույցին վիրավորել կամ նսեմացնել: Ես դրա կարիքը չունեմ: Էնպես չի, որ իմ դուրս գալով Հանրապետական կուսակցությունը վերացավ»:

Հարցին, թե արդյոք չի պատրաստվում դուրս գալ կուսակցությունից, Սարգսյանը պատասխանեց․ - «Էս պահին չէ: Ես սպասում եմ քաղաքական զարգացումների ավարտին: Երբ որ ամեն ինչ կհանդարտվի, կխաղաղվի, իմ կարիքը կուսակցությունը կունենա, կնստեմ իրենց հետ կզրուցեմ, միգուցե մի քիչ էլ իմ կարծիքը լսեն: Եթե էլի չեն լսի իմ կարծիքը, կորոշվի ինչ-որ այլ կերպ, ոչ կոլեգիալ, ինչի՞ մասին ա խոսքը, ես ինքնասիրության տեր եմ, ես չեմ կարա դառնամ հեռակառավարիչով կառավարվող ինչ-որ մեկը: Աջ, ձախ՝ էս բաներից ես արդեն հոգնել եմ, ես չեմ ուզում էդպես ապրեմ: Եթե փորձեն որևիցե կերպ բռնանալ իմ մտածելակերպի վրա և ինձ ուղղորդել ինչ-որ քայլերի, որը հանկարծ, թեկուզ չեմ հավատում էդպիսի քայլի․․․ բայց եթե լինի էդպիսի բան, որ ուղղորդեն ինձ, որը չի բխում ժողովրդի շահերից, ես հաստատ ժողովրդի կողքին կապրեմ»:

Քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը դեկտեմբերին արտահերթ ընտրությունների պահանջին միանալու իր որոշումը պայմանավորեց կրկին ժողովրդի պահանջով․ - «Այսօր ամբողջ ժողովուրդը կանգնած է այս ճանապարհի վրա: Մենք էլ հարգում ենք հայ ժողովրդին, հարգում ենք մեր ժողովրդին, և գտնում ենք, որ մենք կանգնում ենք մեր ժողովրդի բռնած ճանապարհի վրա»:

Պատգամավոր Շիրակ Թորոսյանը իր ստորագրությունը համարում է մայիսի 8-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեկնածության օգտին իր քվեի տրամաբանական շարունակությունը:

Ստորագրությանը միացած Տաճատ Վարդապետյանը «Ազատության» հետ զրույցում քիչ առաջ հաստատեց, որ ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:

Հատկանշական է, որ ՀՀԿ խմբակցության նախկին ու ներկա անդամների հայտարարությանը միացել է նաև «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը:

Երեկ Նիկոլ Փաշինյանին սատարելու մասին հայտարարությունն էր արել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը, ինչպես նաև արդեն նախկին ՀՀԿ-ական Արթուր Գևորգյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG