Ազգային ժողովի պատգամավոր, Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե խորհրդարանում ընթացող ստորագրահավաքին որոշ հանրապետական պատգամավորներ միացել են ճնշման ներքո․ - «Մեկ շաբաթ առաջ Հայաստանի հանրապետական կուսակցության պառլամենտական խմբակցությունը ընդունեց հայտարարություն վերջին իրադարձությունների հետ կապված: Այդ հայտարարությունը քննարկվում էր, և իմ գործընկերներից, որոնք որ ստորագրել են նոր դիրքորոշման տակ, որևէ մեկը չէր հայտնել այլ կարծիք: Այնուհանդերձ, իմ ունեցած տեղեկություններով, մի շարք պատգամավորների հանդեպ եղել են ճնշումներ, գործադրվել է պետական ռեպրեսիվ ապարատը՝ բոլոր իր հնարավորություններով: Անգամ փորձում էին գտնել որոշ պատգամավորների վրա արտերկրից ներազդելու հնարավորություններ: Բայց չեմ բացառում, որ եղել են նաև ինքնակամ կարծիք փոխած պատգամավորներ»:
«Ազատություն»․ - Խնդրում եմ, փաստեր ներկայացրեք, անուններ տվեք: Հակառակ դեպքում չե՞ք կարծում, որ կարող եք քննադատության ենթարկվել մերկապարանոց հայտարարություն հնչեցնելու համար:
Աշոտյան․ - Հայտարարությունը մերկապարանոց չէ: Այդպիսի լուրեր նաև տարածվել են, և որոշակի տեղեկություններ ես էլ ունեմ: Թող այդ մարդիկ իրենք խոսեն այդ ճնշումների մասին: Ակնհայտ է, որ նման ճնշումներ եղել են և՛ առաջին անգամ, երբ որ 58 հոգանոց խմբակցությունը լքեցին մի շարք պատգամավորներ, և մենք դարձանք 50 հոգանոց պատգամավորական խմբակցություն: Այդ ճնշումները եղել են նաև այս ընթացքում: Այնքանը, ինչքան գիտեմ, Ձեզ ասացի: Ես քննիչ չեմ, ոչ էլ լրագրող եմ, որպեսզի ինձ պարտադրեմ մինչև վերջ հետաքննության անել: Ձեզ բարձրաձայնեցի ահազանգ, որը ստացել եմ, խնդրեմ, օգնեք այդ ահազանգը․․․»
«Ազատություն»․ - Այս հոսքից հետո պատգամավորներ, ովքեր կողմ են արտահայտվում դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելուն, ինչ եք կարծում, Ձեր խմբակցությունում քանի՞ հոգի կմնա:
Աշոտյան․ - Կուսակցությունից և խմբակցությունից հեռանալու մասին դիմումներ չենք ստացել՝ որքանով ես տեղյակ եմ: Հոգիներ չեմ հաշվել, հաստատ Հանրապետական խմբակցությունը մնալու է, հաստատ Հայաստանի հանրապետական կուսակցությունը մնալու է քաղաքական դաշտում, հաստատ Արմեն Աշոտյանը, ի թիվ իր մյուս գործընկերների, ընկերների, մնալու է Հանրապետական կուսակցության անդամ:
Հակադարձելով Աշոտյանի պնդումներին՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Միանշանակ բացառում եմ, որ ճնշում եղած լինի: Պարոն Աշոտյանը, ամենայն հավանականությամբ, ներկա վիճակը մի փոքր շփոթում է իրենց իշխանություն օրոք եղեծ իրավիճակի հետ: Իրենց իշխանության օրոք են եղել ճնշումներ տարբեր ընդդիմադիր գործիչների նկատմամբ: Կարծում եմ, իշխանության ներկայացուցիչների կողմից այն հայտարարությունը, որ ստորագրում են, պարզապես այդ մարդկանց երևի կարիք է եղել մի քանի անգամ ուղղակի ներկայացնելու և ևս մեկ անգամ իրավիճակը բացատրելու, որ ապրում ենք այլ Հայաստանում, և պետք չէ գնալ ժողովրդի կամքին հակառակ: Ընդամենը այդ խոսակցությունների արդյունքում այդ մարդիկ աջակցում են դեկտեմբերին տեղի ունենալիք արտահերթ ընտրությունների գաղափարին»:
«Ազատություն»․ - Իշխանության ո՞ր ներկայացուցիչներ մասին է խոսքը:
Հակոբյան․ - Չեմ կարող ասել: Ես չասեցի, որ ես տեղեկություն ունեմ, որ իշխանության ներկայացուցիչները հանդիպել են, բայց ֆեյսբուքյան իր էջում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը դրել էր, թե՚ Գևորգ Կոստանյանի հետ, որ հանդիպել խոսել են, թե՚ Տաճատ Վարդապետյանի հետ: Երբ ես ասում էի, որ հանդիպումներ են եղել, շատ ավելի խոսքս ուղղված էր այդ հանդիպումներին: Այլ հանդիպումների մասին տեղեկություն չունեմ: Եթե Արմեն Աշոտյանը ունի որևէ տեղեկություն, որ որևէ անձի կողմից ճնշում է գործադրվել որևէ հանրապետականի կամ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամի նկատմամբ, թող դիմի իրավապահ մարմիններին, թող գործին ընթացք տա»: